Выбрать главу

Իմ ուշադրությունը գրավեց մի տղամարդ, ով հենվել էր սենյակի դռանն ու զննում էր ինձ: Նրա հայացքի մեջ զարմանք կար ու հետաքրքրասիրություն: Ես քաղաքավարությունից դրդված մոտեցա ու բարևեցի:

–Քեզ լավ ես զգում, Լիլի?-հարցրեց նա փաղաքշական տոնով:

–Հիանալի, Դուք երևի իմ ուսուցիչներից եք:

Նա համաձայնության նշան արեց:

–Ինչպես է Ձեր անունը?-շարունակեցի հարցուփորձը:

–Պարոն: Դու ինձ այդպես էիր դիմում:

–Իսկ ինչ առարկա եք դասավանդում?

–Պատմություն:

Ես ծամածռեցի դեմքս, ու դա Պարոնի մոտ անկեղծ ծիծաղ առաջացրեց: Նա շատ գեղեցիկ տղամարդ է. աչքերը խոշոր են, թարթիչներն`արտահայտիչ, շուրթերը`փարթամ ու վարդագույն, ամենայն հավանականությամբ սպորտով է զբաղվում, որովհետև հիանալի կազմվածք ունի: Դժվարանում եմ ասել, թե քանի տարեկան է, երևի քառասունին մոտ կլինի:

Այդ պահին բժիշկը ներս մտավ ու խնդրեց հյուրերին դուրս գալ սենյակից`ասելով, որ այցելության ժամն ավարտվել է: Ես հրաժեշտ տվեցի բոլորին ու անկողին մտա: Ափերս դրեցի գլխիս տակ ու երջանիկ ժպտացի: Երբ դեմքիս մկանները ձգվեցին, վզիս վերքը սկսեց սաստիկ մրմռալ, բայց դա չխանգարեց ուրախությանս: Կյանքում տհաճություններ ու ցավեր միշտ էլ կլինեն, կարևորն այն է, որ մարդը չկորցնի լավը տեսնելու կարողությունը, իսկ լավն առաջնահերթ նրանում է, որ ժամանակավոր է ամեն բան: Ես աշխարհի ամենաերջանիկ աղջիկն եմ:

2016 թվական, մայիսի 13

Սիրելի օրագիր, ինձ դուրս են գրել հիվանդանոցից, բայց տան փոխարեն օդանավակայան պիտի գնամ: Մի քանի օր առաջ հարցազրույցի հրավեր ստացա համալսարանից, որին դիմել էի նախքան հիշողությունս կորցնելը: ԱՄՆ եմ մեկնում:

Վերջին շաբաթվա ընթացքում մի փոքր ուսումնասիրեցի այն մասնագիտությունը, որն ընտրել էի: Այն կապված է ռոբոտաշինության ու արհեստական ինտելեկտի հետ: Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ նման հեռանկարային ոլորտում ուժերս փորձելու: Իմ կարծիքով դպրոցն ու համալսարանը նրա համար են, որ զբաղեցնեն մարդու գլուխը, քանի դեռ այնտեղ շիլաշփոթ է տիրում: Հնարավոր չի ծնված օրվանից իմանալ, թե ինչով ես ուզում կյանքում զբաղվել, ինչ ես սիրում կամ հաճույքով անում, որոնք են քո թույլ ու ուժեղ կողմերը: Այդ գիտելիքը ժամանակի հետ է ձևավորվում, երբ փորձում ես քեզ զանազան ոլորտներում: Ես ամեն ինչ կանեմ հարցազրույցը հաջողությամբ անցնելու ու համալսարան ընդունվելու համար, կստանամ լավ կրթություն, որն աշխարհում պահանջարկ ունի, իսկ ընթացքում կփորձեմ հասկանալ, թե ինչն է իմը:

–Զբաղված ես?-դռան մոտից լսվեց Ժակի ձայնը:

–Բարի առավոտ,-ժպտացի ես,-չէ, իրերս արդեն հավաքել եմ ու սպասում եմ տաքսիին, որ ինձ օդանավակայան տանի:

–Քեզ հետ լուրջ խոսելիք ունեմ,-նա կողպեց դուռն ու եկավ նստեց մահճակալիս եզրին:

–Ինչ է պատահել?

–Ուզում ես վերականգնել հիշողությունդ?

–Միթե դա հնարավոր է?

–Չգիտեմ…ես տեսություն եմ մշակել, բայց այն էքսպերիմենտալ հաստատման կարիք ունի:

–Չհասկացա, փաստորեն Դուք առաջարկում եք վրաս փորձարկումներ անել?

–Դա քեզ ոչ մի կերպ չի վնասի: Կամ կվերականգնվի հիշողությունդ, կամ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա: Մինչև վերադարձդ ժամանակ ունես մտածելու:

–Ախր, ինչպես մի քանի օրում նման ճակատագրական որոշում կայացնեմ?-զարմացա ես:

–Լինում են պահեր, երբ վայրկյանից էլ քիչ ժամանակ ես ունենում կյանքի ընձեռած հնարավորությունից օգտնվելու համար: Այնպես որ չուշանաս:

Ժակը տվեց իր այցեքարտն ու սենյակից դուրս գնաց:

2016 թվական, մայիսի 14

Տասնհինգերորդ ժամն է`ինքնաթիռի մեջ եմ, բայց չեմ կշտանում աշխարհին նայելուց: Գլխավերևումս աստղազարդ երկինքն է, իսկ ներքևում Նյու Հեյվենի լույսերն են երևում. այնպիսի տպավորություն է, ասես դրանք էլ են աստղեր:

*

Արդեն հյուրանոցի համարում եմ: Հատակին պառկած` նարնջի հյութ եմ խմում: Պատուհանի ապակին տարածվում է ամբողջ պատի երկայնքով ու գիշերային ռոմանտիկ տեսարան բացում իմ առջև:

Հարցազրույցս առավոտյան ժամը յոթին է: Եթե իմանայի, որ հավերժ եմ այստեղ, երևի այսպես պառկած էլ մնայի, բայց ընդամենը երկու օր ժամանակ ունեմ, ուրեմն հարկավոր է ամեն վայրկյանը անմոռանալի դարձնել: Ոչ ոք իմ փոխարեն դա չի անի, ես ինքս պիտի պայմաններ ստեղծեմ, որ հաճելի լինի ապրելը:

Վեր կացա տեղիցս ու գետնին թափեցի ճամպրուկիս պարունակությունը: Մեջը մի քանի վերնաշապիկ կար, քրքրված ջինսեր, վերնազգեստ ու կեդեր:

Վերցրի վերնազգետս ու համարից դուրս եկա:

*

Իջա աստիճաններով ու միջանցքով քայլեցի դեպի լողավազանը, որ հյուրանոցի առաջին հարկում էր գտնվում: Տեղ հասնելով`նկատեցի, որ բացի մի աղջկանից ոչ ոք չկա ջրում: Գիշերվա չորսն է լինում, երևի նա էլ է ինձ պես խելագար, ով ափսոսում է ժամանակը քնելու վրա ծախսել: Վերնազգեստը մի կողմ շպրտեցի, հանեցի շորերս ու լողավազանը մտա: Փակեցի աչքերս ու թույլ տվեցի գոլ ջրին հանգստացնել նյարդերս: Դադարեցի զգալ թուլացած մարմինս: Ես սիրում եմ մարդկանց մեջ լինել, բայց միաժամանակ հաճույք եմ զգում մենակությունից, երբ շուրջս բացի մտքերիս ու սրտիս ձայնից ուրիշ ոչինչ չկա:

Հանկարծ խաղաղությունը խախտվեց: Վախեցած բացեցի աչքերս ու տեսա, որ աղջիկը, քիչ հեռու կանգնած, ֆոտոապարատով նկարում է ինձ: