Выбрать главу

–Հետո կտաս`նայեմ, թե ինչ կադրեր են ստացվել,-ժպտացի ես ու լողալով մոտեցա նրան:

–Անունս Օլիվիա է:

–Շատ հաճելի է, իմը`Լիլի:

Մենք դուրս եկանք լողավազանից ու նստեցինք իրար կողքի`ոտքերը կախելով ջրի մեջ: Օլիվիան հյութ լցրեց բաժակի մեջ ու հյուրասիրեց ինձ:

–Ես արդեն երկու օր է հյուրանոցում եմ ապրում, բայց քեզ առաջին անգամ եմ տեսնում, նոր ես տեղափոխվել?-հարցրեց նա:

–Հա, Փարիզից եմ: Եկել եմ հարցազրույցի`համալսարան ընդունվելու համար: Վաղը գիշերը ետ պիտի վերադառնամ: Իսկ դու?

–Տանից եմ փախել, մի որոշ ժամանակ պիտի այստեղ մնամ, մինչև բնակարան վարձեմ:

Այդ պահին նա ծածկեց դեմքը ափերով, ու մարմինը սկսեց ցնցվել լացից: Ես զգացվեցի ու գրկեցի նրան, որ հանգստանա:

–Եթե կարիք ունես մեկի հետ խոսելու…կօգնեմ, ինչով կարողանամ:

–Անցած շաբաթ հայրս հերթական անգամ խմած տուն եկավ: Մտավ իմ ննջարան ու գրասեղանիս պարունակությունը գետնին թափեց, ապա ամբողջ ուժով խփեց մորս, ով միջամտեց: Ատում եմ երկուսին էլ`ավելի շատ մորս, որ այդքան անինքնասեր է ու չի հեռանում տղամարդուց, ով իրեն փալասի պես է վերաբերվում: Ինչու է ինձ նման ընտանիք բաժին հասել?

Ես մատներով սրբեցի արցունքները, որ ողողել էին նրա այտերն ու վիզը:

–Քո տեղում երբեք չեմ եղել, դրա համար լավ չեմ հասկանում, թե ինչ ես զգում, բայց մի բան հաստատ կարող եմ ասել. մարդուն ցավ է պատճառում ոչ թե դժբախտությունը, այլ համոզմունքը, որ այն չպիտի պատահեր իր հետ: Դու ակնկալում ես, որ կյանքը վարդագույն հեքիաթ է, որտեղ արդարություն, հավասարություն պիտի տիրի, ու քանի որ սպասելիքներդ չեն արդարանում, ցավում ես: Իրականությունն այն է, որ հետդ ամեն տեսակ հիասթափություն, դժբախտություն, անհաջողություն կարող է պատահել, ու դա կախված չի նրանից, թե ինչքան արժանավոր, լավ, բարի մարդ ես: Քո խնդիրը նրանում է, որ երաշխիքներ ստեղծես դրանցից պաշտպանվելու համար: Ինչ վերաբերում է ծնողներիդ, նրանք առանձին մարդիկ են ու ոչինչ պարտավոր չեն քեզ: Եթե դուրդ չի գալիս իրենց ապրելակերպը, պահվածքը, մտածելակերպը, վերաբերմունքը իրար ու քո հանդեպ, ուրեմն պիտի առանձնանաս, այլ ոչ թե պարտադրես ապրել այնպես, ինչպես դու ես ուզում: Նրանք էլ սովորական մարդիկ են`իրենց թերություններով, թուլություններով ու իրավունք ունեն տնօրինել իրենց կյանքը, ոնց հարմար են գտնում: Հեռու մնա, եթե չես կիսում իրենց արժեքները, բայց աշխատիր չչարանալ, չատել, կոկորդումդ վիրավորանք չպահել, դա միայն քեզ կվնասի: Աշխարհում ամեն տեսակ մարդ կա, ու ամենքը իր ուղին ունի անցնելու: Ծնողներդ քեզ կյանք են տվել, դրա համար միայն արժի շնորհակալ լինել իրենց: Հասկանում եմ, ցավալի է երևի, երբ շուրջդ երջանիկ ընտանիքներ ես տեսնում, որտեղ բոլորը համերաշխ են. միասին ֆիլմ են դիտում, զվարճանում, զրուցում, բայց ինչ արած…միգուցե, դա էլ քո ուղին է, որը պիտի անցնես ու ավելի ուժեղ դառնաս: Կուզես լավ տեղ գնանք?

Օլիվիան կտրուկ շրջվեց դեպի ինձ ու աչքերիս նայեց: Նա այնքան գեղեցիկ է.խուճուճ շեկ մազեր ունի, կապույտ աչքեր, փարթամ շուրթեր, սպիտակ մաշկ:

–Կուզեմ,-արցունքների միջից շշնջաց նա ու ավելի ամուր սեղմվեց ինձ:

*

Տաք ծածկոցի մեջ փաթաթված`պառկել ենք հյուրանոցի տանիքին ու արևածագն ենք դիմավորում: Սուրճն անուշ բուրում է քիչ հեռու: Օլիվիան գլուխը դրել է կրծքիս ու օրագիրս է կարդում, իսկ ես սրտի տրոփյունով հետևում եմ նրա դեմքի արտահայտությունների հերթափոխին: Ասել, որ նա ապշած է, կնշանակի ոչինչ չասել: Դա իմ մեջ միաժամանակ և վախ, և հետաքրքրություն է առաջացնում: Երբ ավարտեց ընթերցելը, փակեց նոթատետրս ու սառած հայացքով սկսեց հորիզոնին նայել:

–Այն, ինչ գրված է այստեղ, համապատասխանում է իրականությանը?-վերջապես հարցրեց նա:

–Հա, իհարկե: Քեզ դուր եկավ?

–Ֆիլմի լավ սցենար է,-ժպտաց նա,-և ինչ ես մտածում հիշողությունդ վերականգնելու մասին? Ընդունելու ես Ժակի առաջարկը?

–Եթե իմ ապրած կյանքն արժի այնքան, որ ֆիլմ դառնա, ուրեմն կընդունեմ,-ծիծաղեցի ես:

*

Դուրս եկա համալսարանից ու քայլեցի դեպի մոտակա այգին, որտեղ ինձ սպասում էր Օլիվիան:

–Դե, ոնց անցավ հարցազրույցդ?

–Հիանալի,-թեթևացած շունչ քաշեցի ես:

–Վստահ ես, որ ճիշտ որոշում ես կայացրել`տեխնիկական կրթություն ստանալով?

–Չգիտեմ…ամեն դեպքում ես հստակ պատկերացում ունեմ, թե ոնց այդ մասնագիտությամբ փող վաստակել: Իմ կենսափորձը շատ քիչ է, հետևաբար մոտակա չորս տարիների ընթացքում կփորձեմ հասկանալ, թե ով եմ, ինչ եմ սիրում, կառանձնացնեմ այն գլխավոր ոլորտները, որոնց հետ մտադիր եմ կյանքս կապել ու զուգահեռ ֆինանսական հիմք կստեղծեմ, որ հենց համալսարանն ավարտեմ, ավելի մեծ հնարավորություններ ունենամ տաղանդներս զարգացնելու ու ինքնաբացահայտվելու: Հնարավոր է`ժամանակի ընթացքում մեծ հաջողությունների հասնեմ, թողնեմ ինժեներիան ու ինձ ամբողջովին նվիրեմ սիրածս գործին, բայց տվյալ պահին, երբ ոչ փող ունեմ, ոչ` գաղափար, թե ինչ եմ ուզում կյանքից, չարժի ռիսկի գնալ: Մոռացա հարցնել, իսկ դու ինչով ես զբաղվում?

–Ծրագրավորման ֆակուլտետում եմ սովորում`առաջին կուրսում, բայց ակումբում երգելով եմ փող վաստակում դեռ: