Выбрать главу

–Ինձ հետդ ակումբ կտանես? Թեկուզ մի ժամով: Հիշողությունս կորցնելուց հետո երկու բան եմ պարզել իմ մասին`պաշտում եմ գրելն ու երգելը:

–Դու դրանք առաջ էլ էիր պաշտում,-ծիծաղեց նա, հետո ափը կտրուկ շուրթերին սեղմեց, ու խոսքը բերանում կիսատ մնաց,-կներես, մոռացել էի, որ չես ուզում անցյալիդ մասին իմանալ:

Ես թաշկինակով սրբեցի ճակատիս քրտինքն ու ոչինչ չպատասխանեցի: Սրտումս գնալով ավելի ու ավելի է սաստկանում ցանկությունը հին Լիլին վերադառնալու:

*

Մինչև կյանքի ամենամեծ ընտրություններն անելը մարդը գոնե պիտի հասկանա, թե ինչ է սիրում նախաճաշին ուտել, որ հագուստն է հավանում, մազերը որ գույն է ուզում ներկել, որովհետև ճիշտ որոշում կայացնել կարող է միայն նա, ով ինքն իրեն լավ է ճանաչում: Սիրտն էլ է առանձին էակ, ում պիտի հետդ խոսել, հաղորդակցվել սովորեցնես: Ամեն առավոտ պիտի հարցնես նրան`սուրճը տաք թե սառն է ուզում, այսօր կապուչինո հաճույքով կխմեր թե լատտե, արժի հարած սերուցք ավելացնել թե սիրոպը հերիք է, հետո պիտի փորձես զգալ, թե ինչ ոճի հագուստի տրամադրություն ունի`սովորականի պես քրքրված ջինսով է տանից դուրս գալու թե միգուցե զգեստ հագնի: Ամեն մանր ընտրություն կատարելիս պիտի մի վայրկյան կանգ առնես ու լսես, թե սիրտդ ինչ է ասում, միայն այդպես կսովորես ճանաչել ցանկություններդ: Մարդը չի ուզում ժամանակ ծախսել մանրուքների վրա, դրա համար տանուլ է տալիս մեծ գործերը: Ամեն օր արթնանում է դեմքի նույն արտահայտությամբ, ուտում`ինչ պատահի, հագնում` ինչ ձեռքն ընկնի, գնում ու վերադառնում նույն տեղը, ապրում անգիտակցաբար, մեխանիկորեն, ինքն իրենից անտեղյակ`այդպես էլ չհասկանալով, թե ով է ու ինչով է ութ միլիարդի մեջ յուրահատուկ, իսկ ցանկացած մարդ ինքնատիպ է նախ և առաջ իր սրտով, այսինքն ցանկություններով ու պահանջներով, որոնց պիտի լսել սովորի:

Ես ու Օլիվիան ակումբի բարձր բեմի վրա ենք: Մազերս շեկ եմ ներկել, աջ ուսիս վարդ եմ դաջել, իսկ ձախ ոտքիս`գանգ`խաչված ոսկորներով: Հագիս քրքրված ջինս է ու մի կարճաթև վերնաշապիկ: Մատներիս լիքը մատանիներ եմ շարել, իսկ դաստակիս`թևնոցներ: Ես պաշտում եմ ինձ այսպիսին: Ներքևում հարյուրավոր մարդիկ փակ աչքերով շարժվում են մեր երգի տակ ու օդում թափահարում իրենց ձեռքերը: Բոլորիս վրա գունավոր լույսեր են ընկնում, ասես ծիածան լինենք: Ստամոքսումս թիթեռնիկներ եմ զգում, իսկ սիրտս բերկրանքով է լցված: Սա այն կյանքն է, որով ուզում եմ ապրել: Ես երջանիկ եմ:

*

Երկու ժամից պիտի օդանավակայանում լինեմ: Օլիվիայի հետ հյուրանոց վերադարձանք ու որոշեցինք մինչև մեկնելս հրաժեշտի խնջույք անել: Յուրաքանչյուրս մի մեծ բաժակ գինի խմեց, անջատեցինք սենյակի լույսերը, երաժշտություն միացրինք ու սկսեցինք թռվռալ անկողնուս վրա: Մարմինս չեմ զգում, գիտակցությունս էլ չի ենթարկվում ինձ, ասես երազում լինեմ:

–Դեմ չես, եթե հանվեմ? Անտանելի շոգ է,-հարցրի ես ու առանց պատասխանի սպասելու հանեցի շորերս:

Օլիվիան հետևեց ինձ, ու շարունակեցինք պարել կիսամերկ վիճակում: Մոտ տասը րոպեից հոգնեցինք ու ուղղակի ընկանք փափուկ ծածկոցի վրա:

–Արի նկարվենք,-առաջարկեց նա ու ֆոտոապարատը վերցրեց հատակից:

Մենք պառկեցինք իրար շատ մոտ ու սկսեցինք ծիծաղելի կադրեր անել:

–Կկարոտեմ քեզ…

–Ես էլ…

*

Օլիվիան շուրթերը սեղմել է վզիս ու ագահաբար կլանում է մարմնիս բույրը: Ես գիտակցում եմ, որ այն, ինչ տեղի է ունենում մեր միջև, տարօրինակ է, բայց լռում եմ, որովհետև րոպեներ են մնացել թռիչքիս: Թող սիրի ինձ, ինչքան ուզում է, կարևորը շուրթերիս չդիպչի: Հանկարծ աչքերիս առաջ արտասովոր տեսարան երևաց. իբր պառկած էի Օլիվիային շատ նման մի աղջկա մարմնի վրա ու զզվանքով համբուրում էի նրան: Աչքերս մի քանի անգամ փակեցի-բացեցի, ու պատկերն անհետացավ:

–Օրիորդ, ուշանում եք,-լսվեց ուղեկցորդուհու ձայնը, ու ճամպրուկս վերցնելով` դեպի ինքնաթիռը քայլեցի:

Ետ չնայեցի, որովհետև աշխարհում չկա ավելի ծանր բան, քան աչքերը, որոնք հրաժեշտ են տալիս…

2016 թվական, մայիսի 16

Սիրելի օրագիր, արդեն Փարիզում եմ: Երեկ այնքան հոգնած էի, որ տուն հասնելով`միանգամից արջի քուն մտա ու չհասցրի գրառումներ անել: Նոր եմ արթնացել ու պատրաստվում եմ հիվանդանոց գնալ` Ժակի մոտ: Որոշել եմ ընդունել նրա առաջարկը: Եթե անկեղծ, ինձ ավելի շատ գրավում է էքսպերիմենտին մասնակցելու փաստը, քան հիշողությունս վերականգնելու հեռանկարը: Չգիտեմ, միգուցե նախկին կյանքում ես բժիշկ կամ հոգեբան եմ եղել, որովհետև ներսումս ադրենալին է արտադրվում հետաքրքրասիրությունից:

*

Գտնվում եմ բազմաթիվ սարքավորումներով լի սենյակում: Ափերս տարօրինակ ձեռնոցների մեջ են, որոնցից լարեր են դուրս գալիս ու միանում մեծ էկրանով համակարգչին, որի դիմաց նստած եմ: Ոտքերս դողում են վախից, մարմինս անզգայացել է, բայց ետդարձի ճանապարհ էլ չկա:

Ժակը կում արեց իր սուրճից ու վերջապես մոտեցավ ինձ: Շունչս անհամբերությունից կտրվում է, ուզում եմ իմանալ, թե ինչ է անելու հետս:

–Օրագիրդ ուր է?-հարցրեց նա:

–Պայուսակիս մեջ: