–Կարելի է վերցնել?
–Հա, իհարկե, բայց միթե այն անհրաժեշտ է?-զարմացա ես:
Նա պայուսակս մտավ, հանեց նոթատետրս ու տեղավորվեց կողքիս աթոռին:
–Ես ենթադրում եմ, որ մարդու հիշողությունը միայն գլխուղեղի որոշ հատվածներում չի գտնվում, այլ ամեն բջջում, որ կա մարմնի մեջ: Անցյալդ չի ջնջվել, այն քո ներսում է, պարզապես դու դադարել ես այն գիտակցել: Մոտակա մի քանի ժամվա ընթացքում ես սկզբից մինչև վերջ կկարդամ օրագիրդ`փորձելով արթնացնել հիշողությունները, զգացողությունները, որ քնած են մեջդ: Քեզնից պահանջվում է կենտրոնանալ ու ուշադիր լսել ինձ:
–Լավ, խնդիր չկա, ես ավելի բարդ էի պատկերացնում ամեն ինչ:
Փակեցի աչքերս, ու շատ արագ կորցրի ժամանակի զգացողությունը: Սենյակում տարածվում է միայն Ժակի հաճելի, քնեցնող ձայնը, որն ասեղի պես ծակում է մարմինս ու ինֆորմացիա ներարկում: Լինում են պահեր, երբ դեմքիս մկանները ձգվում են տխրությունից, ափսոսանքից, զայրույթից, անզորությունից, բայց ընդհանուր առմամբ կյանքիս պատմությանը վերաբերում եմ որպես անցած-գնացած, ներկայի հետ ոչ մի կապ չունեցող եղելության: Անցլալը նրա համար է, որ ցույց տա, թե մարդու արած ամեն սխալ ինչ հետևանք ունի: Այն ոչ թե կխանգարի, այլ կօգնի ինձ նոր կյանք սկսել: Ես նրա գերին չեմ, որովհետև գիտակից եմ, այսինքն իմ մարմնի, սրտի ու հոգու տերը: Կյանքում կան բաներ, որոնք ինձանից կախված չեն, բայց դրանք շատ չնչին մաս են կազմում այն ամենի համեմատ, որ ես կարող եմ կառավարել:
Ժակը հասավ այն էջին, որում ինքնասպան եղա: Կոպերս քիչ-քիչ ծանրացան ու խորը քուն մտա…
Ժամը 23:17
Կար ժամանակ, որ Պարոնը միակն էր, ում համար արթնանում էի առավոտյան ու դպրոց վազում, իսկ հիմա կանգնել եմ հայելու առաջ ու տատանվում եմ`գնալ թե ոչ: Ավելի ճիշտ`գիտեմ, որ ի վերջո գնալու եմ, ուղղակի պատկերացում չունեմ, թե ինձ ինչպես պահել, եթե հանկարծ հանդիպենք: Արդյոք ուրախ կզգամ?Ու տարօրինակ չի լինի այդ ուրախությունը?Առողջ մտածողություն ունեցող մարդիկ միթե հրճվանք ու երջանկություն են զգում, երբ հանդիպում են մեկին, ով իրենց ցավ է պատճառել? Ես խուսափում եմ հանդիպումից, որովհետև Պարոնի հանդեպ հակասական զգացմունքներ ունեմ.մեկ ատելություն եմ զգում, խանդ, վիրավորանք ու վրեժխնդիր լինելու ցանկություն, մեկ ցնդում է հիշողությունիցս ամեն բացասական մտադրություն ու զգացում, պատրաստ եմ լինում գրկել ինձ այդքան տանջած տղամարդուն ու պտույտ գալ շուրջը երջանիկ երեխայի պես: Սրտի մի կեսով ատում եմ, մյուսով`սիրում, բայց ամենասարսափելին այն է, որ չգիտեմ, թե որ կեսը կսկսի բաբախել, երբ մեր աչքերը հանդիպեն: Բոլոր դեպքերում պետք է պատրաստ լինել, որ նրան տեսնելով` մոտս փախչելու ցանկություն կառաջանա, ուստի պետք է այնպիսի արտաքինով դպրոց մտնեմ, որ ինձ ոչ ոք չճանաչի: Բացեցի զգեստապահարանս ու ներսի եղածը գետնին թափեցի: Որոշեցի ստուգել, արդյոք չեմ մոռացել բնակարանի դուռը կողպել, որ լրիվ մերկ շրջում եմ տան մեջ: Իհարկե, մոռացել եմ: Վերադարձա ննջարան: Ընտրեցի այնպիսի զգեստ, որն ընդգծում է դաջվածքներս: Շեկ մազերս, որ իմ հպարտությունն են, մինչև գոտկատեղս են հասնում ու ալիքաձև են: Հոնքերս`դարչնագույն են: Հին Լիլիից գրեթե ոչինչ չի մնացել: Միայն աչքերս են ինձ մատնում.առաջվա պես սև են, խոշոր ու տխուր: Հագնվելուց հետո սկսեցի մազերս հարդարել ու տարատեսակ անուշահոտ նյութերով օծել: Ոչ մի փոփոխություն չեմ արել դեմքիս մեջ: Շուրթերս փարթամ չեն, քիթս`սրված է, բայց ես ինձ այդպես դուր եմ գալիս: Վարդագույն շրթներկ քսեցի, ընդգծեցի աչքերս ու թարթիչներս և շպարվելու գործընթացքը համարեցի ավարտված: Մոտ կես ժամ կանգնել էի հայելու դիմաց ու հիանում էի ինձնով: Հետաքրքիր է, ես, իրոք, այդքան գեղեցիկ եմ, ինչքան ինձ թվում է? Ժպիտս չքացավ դեմքիցս, որովհետև Պարոնին հիշեցի: Չգիտեմ`որն է ավելի սարսափելի. ինքդ քեզ սիրուն չհամարելը թե զգալը, որ սիրածդ մարդը քեզ գեղեցիկ չի համարում: Հանգստացիր, Լիլի, եթե լաց եղար, սևաներկդ կտարածվի: Խորը շունչ քաշեցի և խոհանոց վազեցի կաթով ու սերուցքով սուրճ պատրաստելու, որ տրամադրությունս բարձրանա: Եռման հեղուկը լցրեցի սրճամանի մեջ, որ տանից դուրս գալուց հետս վերցնեմ: Համարյա պատրաստ եմ.մնաց համապատասխան կոշիկներ ընտրեմ: Ցածր կրունկներով մեկը հագնեմ, որ անհրաժեշտության դեպքում հարմար լինի Պարոնից փախչելը: Վերջապես փողոց դուրս եկա ու քայլեցի դեպի հորս մեքենան: Նստեցի ղեկին ու ճանապարհ ընկա դեպի դպրոց: Երաժշտություն միացրի, փակեցի պատուհաններն ու սկսեցի վարելու ընթացքում պարել և ձայնակցել: Դիմացի ապակուց ես ճանապարհը, բնականաբար, տեսնում եմ, բայց ինքս անտեսանելի եմ մյուս վարորդների համար, ուստի ինձ բնական եմ պահում`այսինքն խելառի պես: Ամբողջ ձայնով երգում եմ, թափահարում գլուխս երաժշտության ռիթմին համապատասխան ու ափերով ղեկին խփում, երբ կանաչ լույս է վառվում, ու կանգնում է մեքենան: Արևոտ եղանակն ու տաք սուրճը լավ ազդեցություն ունեցան նյարդերիս վրա: Խղճի խայթ զգացի.չէ որ, խոսքը ուսուցչիս մասին է`մարդու, ով դաստիարակել է ինձ, կրթել, ուրախացել իմ հաջողություններով ու դժվար պահին կողքիս եղել: Իմ ներքին արժեքներին դեմ է վատ վերաբերվելը նրան, ում հետ երբևէ երջանիկ եմ եղել: Պարոնն ինձ համար առաջնահերթ մարդ է, ում հարազատ ու մոտ եմ համարել: Ենթագիտակցորեն միշտ էլ իմացել եմ, որ իմ կանացի սերը մերժվելու է, բայց դժվարությամբ եմ հավատում, որ նա ինձ որպես մարդ էլ չի սիրել…հակառակ դեպքում կմտածեր իմ զգացմունքների մասին, կխոսեր հետս վերջին անգամ, ինչ-որ կերպ կհասկացներ, որ մարդկայնորեն սիրում է ինձ, պարզապես ստիպված ենք բաժանվել, որովհետև չի ցանկանում շարունակել խորացնել զգացմունքներս: Ինձ բաժանումը չի, որ ցավ պատճառեց, այլ Պարոնի անտարբեր, անուշադիր վերաբերմունքը դրան: Մարդիկ, ովքեր որևէ զգացմունքային, հոգեկան կապվածություն են ունեցել, միմյանց նկատմամբ հարազատություն զգացել, հրաժեշտից առաջ առավելագույն չափով սիրտ են բացում իրար առաջ, ցույց տալիս, որ հոգ են տանում միմյանց մասին ու վերջին անգամ իրար քնքուշ բառեր ասում, որպեսզի ոչ մեկի հոգին ծանր չմնա: Կամ էլ ես եմ աշխարհը վարդագույն տեսնում, ու իրականությունն այլ է: