Կանգնեցի «Café Mimosa» սրճարանի մոտ, ու Նատալին տեղավորվեց կողքիս նստարանին: Մեքենան պոկվեց տեղից: Տասը րոպեից մեր դպրոցի դարպասներին հասանք:
Սիրտս սովորականից արագ է բաբախում, ոտքերս ծանրացել են, գլխիս մեջ լարում եմ զգում, իսկ աչքերիցս ջուր է ցայտում: Դրանք լացի արցունքներ չեն, այլ հուզմունքը թոթափելու միջոց: Ասել, որ ես պաշտում եմ այս դպրոցը, կնշանակի ոչինչ չասել: Չեմ հիշում, որ որևէ հարազատի, բարեկամի կամ ընկերոջ հետ հանդիպում ինձ հուզած լինի այնքան, ինչքան այս անշունչ կառույցը: Եթե հնարավոր լիներ, օդանավակայանից միանգամից այստեղ կգայի, ոչ թե մեր տուն:
Չէինք հասել գլխավոր շենքին, երբ նկատեցի դեպի մեզ եկող Պարոնին: Ես չէի սպասում նման հանկարծակի հանդիպման: Հողը դանդաղ սողում է ոտքերիս տակից, ինքս ինձ չեմ զգում: Եվս մի քանի վայրկյան ու նա մեզ կհավասարվի:
–Փրկիր, Նատալի,-ատամներս իրար սեղմելով`խնդրեցի ես ու նրա լայնեզր գլխարկը դեպի ինձ քաշելով` ծածկեցի դեմքս:
–Բարև Ձեզ,-լսեցի ընկերուհուս ձայնը, որի մեջ խեղդված ծիծաղ կար:
–Բարև, Նատալի,-ուրախ տոնով պատասխանեց Պարոնը,-այդ ում ես թաքցնում գլխարկի ետևում?
Ես զգացի, որ նա ինձ է մոտենում ու տեղիցս պոկվելով`ամբողջ ուժով սկսեցի վազել: Մեծ արագությամբ ներխուժեցի դպրոցի գլխավոր շենք, բարձրացա երրորդ հարկ ու կանգնելով պատուհանի մոտ`շունչ առա: Հետաքրքրասիրությունից դրդված` ներքև նայեցի ու տեսա, որ Պարոնը դեռ զրուցում է ընկերուհուս հետ: Նրանք ծիծաղում են ու ամենայն հավանականությամբ` ինձ վրա: Վստահ եմ, որ Նատալին արդեն պատմել է, որ ես էի գլխարկով երեսս ծածկել: Միգուցե Պարոնը դեռևս հեռվից էր ինձ ճանաչել ու մոտենալիս արդեն գիտեր, որ ես եմ թաքնվողը, պարզապես զվարճանում էր: Հենվելով պատին`պայուսակիցս մի փոքրիկ հայելի հանեցի ու սկսեցի սանրվածքս կարգի բերել, ապա շրթներկս թարմացրի: Գրողը տանի, ինչով եմ զբաղված: Ինչու միանգամից դեպի մեքենան չվազեցի? Ինչու ներս մտա ու ավելի խորացա դպրոցի մեջ, որտեղ ամեն վայրկյան կարող եմ նրան հանդիպել: Նորից պատուհանին մոտեցա, որ պարզեմ, արդյոք հեռացել է: Ձեռքերս դողացին, հայելին հատակին ընկավ ու փշուր-փշուր եղավ. Նատալին ներքևում չէ, իսկ Պարոնը քայլում է դեպի ներսի դուռը: Մի քանի րոպեից վերև կբարձրանա: Արագ թաքնվեցի միջանցքի մութ անկյուններից մեկում`հույս ունենալով, որ նա երրորդ հարկ այդպես էլ չի հասնի: Տասը րոպեից խոսակցության ձայներ լսեցի ու ճանաչեցի Պարոնի ձայնը, ես տեսա, թե նա ինչպես մոտեցավ պատուհանին, կռացավ, հավաքեց հայելուս փշրանքները, թափեց աղբամանի մեջ ու քթի տակ ժպտալով`անցավ կողքովս`այդպես էլ ինձ չնկատելով:
Երբ տեսադաշտիցս կորավ, դուրս եկա անկյունից ու նորից պատուհանին մոտեցա: Սիրտս էլի մի քանի մասի բաժանվեց: Ավելի երջանիկ կլինեի, եթե միայն ատելություն կամ միայն զայրույթ զգայի, բայց ես ատելություն էի զգում սիրո մեջ, զայրույթ ու խանդ կարոտի մեջ, ամբողջ ուժով վազելու ու նրան գրկելու պահանջ` հրելու, ապտակելու, վրեժ լուծելու ցանկության մեջ: Ինչպես էր սիրտս կարողանում նույն մարդուն միաժամանակ համ ատել, համ սիրել, համ զայրանալ վրան, համ ձգտել, համ անսիրտ համարել, համ պայքարել սիրտը նվաճելու համար:
Երբ շրջվեցի, զարմանքով նկատեցի, որ Պարոնը ետ է վերադառնում:
–Լիլի,-հեռվից ժպտալով դեպի ինձ վազեց:
Դեմքս անտարբեր, անհոգ երանգ ստացավ:
–Դուք երևի ինձ ինչ-որ մեկի հետ շփոթում եք:
Նա չէր լսում ու շարունակում էր մոտենալ, որ գրկի:
–Լիլին սև մազեր ունի, իսկ ես շեկ եմ,միթե չեք տեսնում?-պնդեցի ես ու կծեցի լեզուս: Ծիծաղելով մոտ վազեց ու գրկեց: Նրա օծանելիքի բույրը դեմքիս հպվեց, ու սիրտս նորից անսահման սիրով, փաղաքշանքով ու ջերմությամբ լցվեց: Սկսեցի պտույտ գալ նրա շուրջը, կատակներ անել ու երջանիկ, անհոգ մանկան պես շաղակրատել: Ես ինձ ավելի շատ ոչ թե կին եմ զգում, այլ երեխա, ով կամակորություններ է անում, որ հորը ծիծաղեցնի ու զվարճացնի: Պարոնի մեջ հայրական մի բան կա, որը հասակակիցներիս մեջ չեմ կարողանում գտնել: Ես հաշվի չառա, որ որևէ մեկը կարող է մեզ տեսնել ու սկսեցի համբուրել նրա ձեռքերն ու այտերը: Այդ համբույրների մեջ ավելի շատ երեխայական պաշտամունք ու երկրպագություն կա, քան կանացի սեր: Պարոնի մատները անուշ բույր ունեն, որը շուրթերիս դիպավ: Ես նորից փաթաթվեցի նրան ու տասը րոպեից ավելի նույն դիրքով կանգնած`ներծծեցի աշխարհի ամենասիրելի մարմնի հոտը: Եթե այն օծանելիքը, որը նա էր օգտագործում, ուրիշի վզից առնեի, զզվանք կզգայի.Պարոնի մարմնի բույրն է օծանելիքը հաճելի դարձնում: Ես քիթս այնպես եմ սեղմել նրա մաշկին, որ չկարողանամ շնչել, օդը սկսի չհերիքել, ցավ զգամ ու հեռու փախչեմ, որովհետև ուժ չունեմ ինքնակամ հեռանալ: Պարոնը ներողամիտ ծիծաղում է: