–Արի դասարան գնանք,-գրկիցս ազատվելով`առաջարկեց նա:
Մենք դուրս եկանք ու քայլեցինք դեպի այն փոքրիկ շենքը, որտեղ ժամանակին մեր դասերն էին անցել: Ես շարժվում եմ հնարավորինս դանդաղ ու խորհրդավոր: Պարոնը ստիպված միացել է իմ ռիթմին ու ինձ պես դանդաղում է: Հանգիստ եմ ձևանում, ժպտում հաճախ ու շուրջս նայում, ասես առաջին անգամ եմ դպրոցում:
Դասարան մտանք, բայց ես միտք չունեի Պարոնից պոկվել: Նա տեղավորվեց իր աշխատասեղանի դիմաց ու սկսեց ինչ-որ փաստաթղթեր ուսումնասիրել, իսկ ես գրկել եմ նրան մեջքից, խոնարհվել ուսին ու երազում եմ: Երկար մազերս տարածվել են նրա վերնաշապիկի վրա, իսկ շրթներկիս փայլը` դեռ այտերին է: Ես հիացմունքով հետևում եմ նրա մատների նուրբ շարժումներին, երբ հպվում են թղթերին: Երանի ինձ էլ այդպես հպվեին: Սկսեցի նորից համբուրել այտերը ու այնպես խեղդեցի իմ սիրով, որ ստիպված փաստաթղթերը մի կողմ դրեց ու լուռ նստած մնաց`հայացքը հառած պատուհանից դուրս երևացող շենքերին: Սեղմել եմ դեմքս նրա այտին, որի վրա արցունքս ընկավ ու դանդաղ գլորվելով`սահեց ներքև: Նա շրջվեց ու աչքերիս նայեց: Մի քանի վայրկյան հետո նստած էի ծնկներին, ու մատներով մաքրում էր արցունքներս, որոնք թափվում էին հեղեղի պես`իրենց հետքը թողնելով նրա վերնաշապիկին, ձեռքերին, մատներին`ամեն տեղ, բացի սրտից երևի: Ես անորոշությունից եմ լաց լինում, որովհետև չեմ կարողանում հասկանալ, թե Պարոնն իմ հանդեպ ինչ է զգում, ինձ սպանում է նրա լռությունը: Ես չեմ ուզում լաց լինել ու սիրել նրան, բայց ոչ աչքերս են ինձ ենթարկվում, ոչ`սիրտս:
–Քաղցր կուզես?-հանկարծ հարցրեց նա`ժպտալով:
–Կուզեմ,-ուրախացա ես`վեր կենալով նրա ծնկներից ու տեղավորվելով գրատախտակի դիմաց դրված աթոռին:
Մինչ նա սուրճի սեղան էր պատրաստում, ես սկսեցի զննել սենյակի այնքան հարազատ պատերը, որոնց ներսում մեր պատմության դասերն էին անցել: Դեմքիս վրայով գոհունակության ժպիտ սահեց, երբ պատերին իմ պատրաստած պաստառներից նկատեցի:
–Ձեզ դուր են գալիս այդ պաստառները, որ փակցրել եք?-զարմացած հարցրի ես,-իմ կարծիքով այնքան էլ գեղեցիկ չեն ստացվել.ես նկարչությունից հեռու մարդ եմ, դրա համար լավ նկարազարդել չեմ կարողացել: Նախադասությունները մի տեսակ ծուռ են գրված`անցնում են գծած տողերից, չոր-ցամաք տառերը գույների ու զարդարանքների համեմատ գերակշռում են.սիրուն չի:
–Մարդն իր աշխատանքը պիտի սիրի նրա համար, որ իրենն է: Ինչին էլ ամիսների ու փորձի հեռավորությունից նայես, թերի կթվա: Ներողամիտ եղիր ինքդ քո հանդեպ:
–Ինչ համով տորթ է,-հիացած բացականչեցի ես:
Պարոնը, որ մեջքով դեպի ինձ շրջված` սուրճ էր լցնում, ծիծաղեց.
–Եթե քո թխածը լիներ, մի պակասություն կգտնեիր մեջը հաստատ:
Մինչ ես արագ-արագ կուլ էի տալիս այտերիս տակ հավաքված կրեմոտ պարունակությունը, որ առարկեի Պարոնին, հայացքս գրատախտակին ընկավ: Մի անկյունում հազիվ նշմարելի դեռ մնացել էր ամիսներ առաջ գծածս քարտեզը:
–Միթե երբեք չեք ջնջել?-ծիծաղս չկարողացա զսպել,-ինչպես եք օգտագործել գրատախտակն առանց քարտեզը մաքրելու?
Նա լուռ է, իսկ ես քիչ է մնում հավատամ, որ հոգու խորքում, այնուամենայնիվ, չի արհամարհում ինձ: Վերջապես եկավ ու կողքիս դրված աթոռին նստեց: Ես, օգտվելով առիթից, զննում եմ նրան կանացի հետաքրքրասիրությամբ ու միաժամանակ տորթ ուտում`ուրախանալով, որ երկու հաճույք մի տեղում են: Պարոնն ինձ ավելի երիտասարդ է թվում, քան առաջ էր, նրա թարթիչներն իրենց երկարությամբ իմ մեջ հիացմունք են առաջացնում, շուրթերը փարթամ են ու ավելի են փքվում, երբ մոտեցնում է սուրճի գոլորշարձակող բաժակին: Աչքերի տակ պարկեր են գոյացել, բայց դրանք ինձ հմայիչ են երևում, իսկ մատներն իրենց նրբությունը չեն կորցրել: Մեր տարիքային տարբերությունը քսան տարուց ավելի է, բայց արտաքուստ դժվար է այդ նկատելը`ամեն դեպքում ինձ համար:
Հանկարծ հիշեցի, որ Պարոնն ինձ չէր համբուրել`գրկել էր միայն, սեղմել ձեռքս ու ընդունել իմ համբույրների տարափը: Ես մոտ բերեցի աթոռս նրանին ու գլուխս ուսին դրեցի: Սիրտս անսահման կարոտով ու քնքշությամբ է լցվել: Չգիտեի`ինչ խոսել հետը կամ ինչից, դրա համար փաթաթվեցի նրան մեջքից ու դեմքս նրա բաբախող քունքին հպեցի: Աչքերիցս թափվող արցունքները սուրճի մեջ ընկան ու տորթի քաղցր կտորների վրա: Երևի մի քանի տաք կաթիլ էլ Պարոնի սրտին ընկավ, որովհետև վրայի սառույցը վերջապես հալվեց. դեմքին կարոտ երևաց: Ես վզնոցի պես կախվել եմ նրանից ու համբուրում եմ այտերը, բայց կարոտս նոսրանալու փոխարեն ավելի է խտանում: Իմ հույզերը երբեք միաշերտ չեն եղել, ուստի Պարոնի հանդեպ ևս բազմաշերտ, երբեմն հակասականության հասնող զգացմունքներ ունեմ. սիրտս լցված է աշակերտական, մարդկային ու կանացի սերերի, վիրավորանքի, հիացմունքի, կարոտի, խանդի, կրքի, զայրույթի խառնուրդով, որի բոլոր բացասական դրսևորումները փորձում եմ ճնշել: Պարոնը շրջվեց դեպի ինձ, մինչ ես զբաղված էի նրա այտերը համբուրելով, ու մեր շուրթերը մի քանի ակնթարթով պատահական հանդիպեցին: Ես գլուխս ետ քաշեցի`ձևացնելով, որ ոչինչ չնկատեցի: Ինչքան էլ մեծ է ցանկությունս նրա շուրթերի ջերմությունը երկար զգալ, չեմ ուզում առաջին համբույրս նվիրել մեկին, ով ինձ չի սիրում,իսկ ես գրեթե վստահ եմ, որ զգացմունքներս անպատասխան են: