Выбрать главу

–Ձեզ համար նվեր եմ բերել,-հանկարծ հիշեցի ես ու հայացքս գցեցի կողքիս աթոռին դրված փայլփլուն տուփին,-կարող եք հիմա բացել:

Նա` կռահող ժպիտը դեմքին, քանդեց գույնզգույն կապերն ու տուփի միջից դուրս հանեց մի գիրք`վառ, գունավոր կազմով, որի վերին մասում իմ անուն-ազգանունն էր…

Հանկարծ սենյակում վեճի ձայներ տարածվեցին, իսկ գիրքն աստիճանաբար նկարի վերածվեց…

2016 թվական, մայիսի 17

Վեր թռա քնից: Շուրջս նայեցի: Ես գտնվում եմ մեր տանը` հյուրասենյակի բազմոցին, ու հայացքս գամված է պատից կախված բնանկարին: Տրորեցի աչքերս ու աստիճանաբար հիշեցի երեկվա դեպքերը.հիվանդանոցում հայտնվելս, էքսպերիմենտը, ու թե ինչպես քուն մտա Ժակի հաճելի ձայնի ներքո: Ամենայն հավանականությամբ նա է ինձ մեր տուն բերել, ու ահա պառկած եմ հյուրասենյակում: Ինչպես է պատահել, որ ոչինչ չեմ զգացել?

Ես հիշում եմ ապրածս ամբողջ կյանքը, նշանակում է`էքսպերիմենտը հաջողվել է: Խոհանոցից վեճի ձայներ են լսվում: Հայրս ամբողջ ձայնով բղավում է մորս վրա ու ընթացքում թեթև խփում: Այնքան եմ հմտացել, որ արդեն հեռվից հեռու գուշակում եմ, թե ամեն հարվածն ինչ ուժգնության է: Դեմքս խրեցի բարձի մեջ ու մի քանի վայրկյան թույլ տվեցի ինձ տխրություն զգալ: Ցավոտ է, բայց ինչ կարող եմ անել…ծնողներս առանձին մարդիկ են ու իրենց անձնական կյանքն ունեն, թող ապրեն, ոնց ուզում են: Ես դեռ անչափահաս եմ, չունեմ ֆինանսական անկախություն, բնակվում եմ իրենց տանը`իրենց հաշվին, նշանակում է տվյալ պահին առավելագույնը, որ կարող եմ անել, մեկուսանալն է այն տեսարաններից, որոնք ցավեցնում են ինձ: Երեկոյան ավարտական երեկույթս է, ավելի լավ է արագ հագնվեմ, զանգեմ Նատալիին ու գնանք խանութներով:

*

Դպրոց մտնելով`միանգամից վազեցի դահլիճ, որտեղ սովորաբար անց են կացվում միջոցառումները: Հագիս սև շրջազգեստ է, սպիտակ վերնաշապիկ, իսկ մազերս ոլորել եմ: Ես ինձ շատ անհարմար եմ զգում, որովհետև մայրս մի քիչ չափն անցել է դիմահարդարմանս հարցում: Դեմքս ծանրացել է: Այդ ամենին գումարվում են բարձրակրունկները, որոնք ցավեցնում են ոտքերս: Մի խոսքով, ես ինձ տոնածառ եմ զգում: Արագ մտա ետնաբեմ ու փորձեցի գտնել Նատալիին: Այս տարի յոթ ավարտական դասարան ունենք, որոնցից յուրաքանչյուրը համար է պատրաստել ելույթի համար:

–Լիլի, արագացրու, հաջորդը մենք ենք,-լսվեց Շառլի ձայնը:

Վազեցի հանդերձարան, ուղղեցի մազերս, թարմացրի շրթներկս ու դասարանցիներիս հետ շտապեցի բեմ: Ծնողներս նստած էին երրորդ շարքում ու լուսանկարում էին մեզ: Ինձ համար ամենատպավորիչն այն պահն էր, երբ երգում էինք ամբողջ դասարանով: Դեռ չի եկել գիտակցությունը, որ այսօր հրաժեշտ ենք տալու իրար: Եթե հնարավոր լիներ ժամանակը ետ տալ, ավելի քիչ ուշադրություն կդարձնեի դասերի վրա ու շատ կշփվեի դասընկերներիս հետ: Հաշվի առնելով նախկին դպրոցիս միջավայրը`մոտս այնպիսի զգացում է, որ վերջին հինգ տարիները դրախտում եմ անցկացրել` շրջապատված ընտրյալ մարդկանցով: Ես վիրավորանք չեմ պահում ոչ ֆիզիկայիս նախկին ուսուցչի, ոչ Ֆրանկի, ոչ էլ մյուսների հանդեպ, բայց առաջին դպրոց մտնել չեմ ուզում: Այնտեղ կան ուսուցիչներ, ում սիրում եմ, մարդիկ, ում հետ պահում եմ կապը, բայց ընդհանուր առմամբ դատարկություն, սառնություն, ցավ եմ զգում`այդ կառույցը հիշելով: Ներսումս վատ նստվածք է մնացել:

Ներել`միշտ չի, որ նշանակում է վերականգնել շփումը: Ամենաարժեքավոր ներումը սրտում պիտի լինի: Կարելի է մարդու երեսին ժպտալ, գրկել, համբուրել, բայց ներքուստ վիրավորանք, զայրույթ ու վրեժի պահանջ զգալ: Ես ձգտում եմ հասնել նրան, որ սրտիս մեջ բոլոր նրանց հանդեպ, ովքեր ինձ երբևէ ցավ են պատճառել, երախտագիտություն մնա, որովհետև իրենց տված բացասական փորձն ինձ ավելի տպավորիչ բացատրեց կյանքի օրենքները: Կշարունակվի շփումը թե չէ, երկրորդական հարց է:

*

Բոլորը տուն են գնացել, բացի շրջանավարտներից, տնօրինությունից, մի քանի ուսուցիչներից ու անվտանգության աշխատակիցներից, ովքեր պիտի հսկեն մեզ: Առջևում միջոցառման ամենասպասված մասն է, բայց մինչ այդ պիտի գնանք տոնական ընթրիքի: Ես ու Նատալին հանդերձարան մտանք, դեն նետեցինք բարձրակրունկները, մի քանի րոպե նստեցինք հատակին ու վայելեցինք թեթևության զգացումը, հետո հագանք մեր առօրյա քրքրված ջինսերն ու վազեցինք ճաշարան, որը դպրոցի շենքերից մեկի երկրորդ հարկում է գտնվում: Ես արևային ակնոցներ էի դրել, որ իբր Պարոնն ինձ չճանաչեր, բայց ներս մտնելով` բոլորի ուշադրությունն ակամա կենտրոնացրի վրաս: Նստեցի երկար սեղաններից մեկի մոտ`դասարանցիներիս հետ, ու փորձեցի մոռանալ այդ տղամարդու ներկայության մասին: