Выбрать главу

Ախր, ամբողջ խնդիրն այն է, որ ոչ ոք ապահովագրված չի նրանից, որ փողոցում քայլելիս ցեխաջրի չի հանդիպի, պարզապես կան մարդիկ, ովքեր թեքում են իրենց ճանապարհը, ու կան ինձ նմանները, ովքեր մտնում են ցեխաջրի մեջ: «Առաջին հայացքից սեր» ասվածը իլուզիա է, որը հորինել են ռոմանտիկները: Նախքան մեկին մինչև ականջները սիրահարվելը, մարդը սիրո մի քանի փուլով է անցնում` հետաքրքրություն, հրապուրանք, սիրահարություն, կիրք կապվածություն, ու որպես այդպիսին հենց սկզբից պարզվում է զգացմունքները փոխադարձ են թե չէ, բայց մարդը հաճախ նախընտրում է վարդագույն ակնոցներ հագնել ու չտեսնել իրականությունը: Ցանկացածը կարող է անպատասխան հույզեր ունենալ, բայց գիտակցությունը հենց նրա համար է տրված, որ մարդը կանգ առնի ու չխորացնի իր զգացմունքները`հասարակ հրապուրանքը վերածելով մոլուցքի:

Ես պիտի հեռու մնամ Պարոնից: Մենք ոչ ընկերներ կարող ենք մնալ, ոչ` ուսուցիչ-աշակերտ, դրանք սուտ բաներ են, որոնք հորինում են մարդիկ` մոտ լինելու ցանկությունն արդարացնելու համար, բայց ենթագիտակցորեն, սրտի թաքուն մի անկյունում միշտ էլ հույս են ունենում, որ մի օր իրենց ուրիշ աչքերով կնայեն…

Ես չեմ ուզում հուսալ, երազել, ընկեր կամ աշակերտ ձևանալ, իսկ վերջում իմանալ, որ սիրածս մարդն ուրիշին է ընտրել: Այսօր ցավոտ է բաժանվելը, բայց վաղն ավելի ցավոտ կլինի, որովհետև ամեն անցնող օրվա հետ սերս ավելի է ամրանում:

Հանկարծ Նատալին ամուր սեղմեց ձեռքս, ու մտքերիցս սթափվելով`նկատեցի, որ բոլորն ինձ են նայում: Արցունքները կաթում են ափսեիս մեջ, ու անգիտակցաբար տրորում եմ աչքերս: Սևաներկը լղոզվել է այտերիս, ու երևի սարսափելի տեսք ունեմ: Վեր կացա տեղիցս ու դուրս փախա ճաշարանից:

*

Գլխավոր շենքի առաջին հարկում ենք: Տղաները գեղեցիկ կոստյումներ են հագել, իսկ մենք` կանացի զգեստներ: Երաժշտությունը միացրել է բոլորիս, ու ինքնամոռաց պարում ենք: Ես համարյա մոռացել եմ Պարոնի մասին ու կյանքում առաջին անգամ առանց դիմակի եմ` զվարճանում եմ, կատակներ անում ու շփվում մարդկանց հետ: Մեզ արգելված է ալկոհոլ օգտագործել, բայց ես առանց դրա էլ ինձ հարբածի պես եմ զգում, ասես երազում լինեմ:

Շուտով տանգոյի երաժշտություն միացավ, ու ես աննկատ կորա տղաների տեսադաշտից: Զարմանում եմ, որտեղից իմ մեջ նման տարօրինակ նախապաշարմունքներ? Ես ինձ բավականին ազատամիտ մարդ եմ համարում, բայց, չգիտես ինչու, ուզում եմ առաջին տանգոն, համբույրը, գիշերը միևնույն մարդուն նվիրել, ու որ նա յուրահատուկ լինի: Իմ սիրտը Պարոնին էր ընտրել, բայց նա չի սիրում ինձ…ինչ արած, ուրեմն չեմ պարի…

*

Դպրոցի տանիքին ասեղ գցելու տեղ չկա: Շրջանավարտներով լուսաբացն ենք դիմավորում: Առհասարակ յոթ դասարանների միջև բաժանումը միշտ էլ պայմանական է եղել, որովհետև տնօրինությունը, ուսուցիչները բոլորիս վերաբերվել են որպես մի ամբողջականության: Դասամիջոցներին, ճաշարանում, ավտոբուսների մեջ չենք տարբերել, թե ով որ դասարանից է: Երբեմն վիկտորինաների, խաղերի ընթացքում մրցել ենք դասարաններով, հաղթել-պարտվել, բայց հիմնականում ոչ ոք լուրջ չի ընդունել այդ ամենը: Դպրոցի հաջողությունները, հաղթանակները տոնել ենք միասին`մոտ հարյուր հոգով, ու երբ չարություն ենք արել, տնօրինությունից ամոթանք էլի բոլորով ենք ստացել: Ես հիմա եմ հասկանում, թե ինչքան անիմաստ էր դիմակս, որ հագել էի իբր հնարավոր ցավից պաշտպանվելու համար: Եթե իմ իրական էությունը ցույց տայի, մարդիկ տեսնեին, որ ես ամենևին էլ անզգացմունք, սառը, դասից բացի ուրիշ հետաքրքրություն չունեցող Լիլին չեմ, ավելի սիրված կզգայի: Ցավից փախչելով`ավելի ցավեցրի ինձ:

Ժամը յոթին իջանք տանիքից: Մոտ կես ժամ գրկում, համբուրում էինք իրար, ուսուցիչներին, տնօրինությանը ու ոչ մի կերպ չէինք ուզում տուն գնալ, բայց շուտով լսվեց ավտոբուսների շարժիչների ձայնը, ու բոլորս ցրվեցինք: Ես այդպես էլ չգրկեցի Պարոնին…

2016 թվական, հունիսի 1

Համալսարանից նամակ ստացա: Ընդունվել եմ: Երկու շաբաթից ԱՄՆ եմ մեկնում, իսկ մոտակա օրերը Նատալիի հետ անց եմ կացնելու մեր դպրոցի ճամբարում: Ես այն երազում եմ միայն տեսել, ու շատ հետաքրքիր է, թե իրականության մեջ ինչ տեսք ունի: Չեմ հավատում, որ մի քանի օր ամենամոտ ընկերուհուս հետ նույն սենյակում եմ գիշերելու, կարողանալու ենք ժամերով խոսել ու գժություններ անել:

Առավոտյան գնացել էի քաղաքով զբոսնելու, մտքովս անցավ ծնողներիս համար նվերներ գնել: Ուզում եմ փորձել լավացնել մեր հարաբերությունները: Մարդուն փոխելու ամենաարդյունավետ ձևը պարզապես սիրելն է ու ընդունելը նրան այնպիսին, ինչպիսին կա: Ծնողներս էլ սովորական մարդիկ են`մսից ու արյունից, ու պարտավոր չեն իդեալական լինել: Ես երբեք հաշվի չեմ առել այն փաստը, թե նրանք ինչ մանկություն են ունեցել, ինչ պայմաններում են մեծացել ու ինչ զրկանքներ, դժվարություններ են տեսել, որոնց հետևանքով ձևավորվել են այնպիսին, ինչպիսին հիմա են: Նրանք արել են առավելագույնը, ինչը թույլ է տվել իրենց գիտակցության մակարդակը, որ ես լավ կրթություն ստանամ, պաշտպանված լինեմ ու հասարակությանը պիտանի մարդ մեծանամ: Ծնողներս ինձ միշտ էլ սիրել են…սիրել են, ոնց կարողացել են: Նրանք էլ ըստ երևույթին իրենց ընտանիքներում բռնություն, ծեծ, ագրեսիա են տեսել, դրա համար չեն հասկանում, որ շփվելու, երեխա դաստիարակելու ուրիշ ձևեր էլ կան: Ես գոնե գիտակցում եմ այդքանը, նշանակում է պատրաստ եմ նրանց ընդառաջ գնալ ու առաջին քայլ անել: Դա դժվար է, որովհետև վիրավորանքը, ցավը, ծանր հիշողությունները սեղմում են կոկորդս, ու միևնույն ժամանակ միակ ելքն է այդ բեռից ազատվելու: