Դուրս եկա վերելակից ու մոտեցա մեր բնակարանին: Դուռը բաց է: Մտա հյուրասենյակ, որտեղ մայրս, բազմոցին նստած, հեռուստացույց է նայում: Առանց սպասելու, որ կնկատի ինձ, վազեցի դեպի նա ու գրկեցի: Հետո տվեցի կարմիր վարդերի փունջն ու փայլուն տոպրակը, որի մեջ գնածս զարդերն են: Մայրս աչքերին չի հավատում ու մի գլուխ համբուրում է ինձ: Այդ պահին հայրս ներս եկավ`փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում: Ես մոտեցա ու գրկեցի նրան, ապա մեկնեցի նվերը: Ծնողներս այնքան երջանիկ տեսք ունեն: Ինքս ինձ խոսք եմ տալիս հաջողակ մարդ դառնալ, որպիսի նրանց հնարավորություն տամ կյանքի բոլոր հաճույքներից օգտվելու: Ես չեմ կարծում, թե ծնողներս մի օրում կփոխվեն, բայց վստահ եմ, որ իմ հոգատարությունն ու ուշադրությունը նրանց հոգեպես ավելի հանգիստ կդարձնի: Սերը միակ բանն է, ինչի դեմ մարդիկ անզոր են:
2016 թվական, հունիսի 3
–Նատալի, դու ինչ-որ մեկին սպասում ես?-թռան թակոցը լսելով`զարմացած հարցրի ես:
–Հա, երևի պիցցան են բերել:
–Այդ երբ հասցրիր պատվիրել? Դու էլ ես, չէ, հույսդ կտրել, որ մենք բացի տապակած կարտոֆիլից ուրիշ բան կկարողանանք պատրաստել?
–Ծիծաղելու փոխարեն վազիր պիցցան վերցնելու, ես եղունգներս եմ ներկում: Օնլայն վճարել եմ արդեն:
Տորթ ուտելով մոտեցա դռանը.
–Ով է?
Պատասխան չկա:
–Նատ, վստահ ես, որ առաքիչն է? ինչու ձայն չի հանում?
–Լիլի, մարդակեր հաստատ չի լինի, բացիր:
Ես ծիծաղելով ձեռքս բռնակին տարա ու պտտեցի: Դուռը դեպի ինձ քաշեցի, բայց երբ տեսա, թե ով էր մյուս կողմում կանգնած, ամբողջ ուժով ետ շրխկացրի ու ներսից կողպեցի: Նատալին վախից վեր թռավ նստած տեղից:
–Լիլի, ինչ պատահեց? Ով էր?
–Պարոնը,-հուզմունքից դողացող ձայնով պատասխանեցի ես:
–Աչքիդ տեսիլքներ են արդեն երևում: Նա հիմա չի կարող ճամբարում լինել:
Մի պահ մտքերի մեջ ընկա: Հնարավոր է`իրոք, տեսիլք էր: Նորից բացեցի դուռը, բայց մտածելու ժամանակ չունեցա, որովհետև Պարոնը արագ ներս սողոսկեց ու կանգնեց դիմացս: Ես ձեռքով փակեցի դեմքս: Միակ բանը, որ ուզում եմ, փախչելն է, բայց ճանապարհս փակ է: Զգում եմ նրա մոտեցող քայլերն ու ետ-ետ գնում: Նա հասավ ինձ ու ամուր գրկեց: Ես բացեցի երեսս: Նատալին զարմացած մեզ է նայում: Ձախ ափիս մեջ դեռ պահում եմ տորթի կրեմոտ կտորը, իսկ քիթս մխրճվել է Պարոնի բլուզի անուշահոտության մեջ: Սրտումս նորից արթնանում է հիվանդությունը, որի անունը սխալմամբ սեր էի դրել: Չնայած`եթե բոլոր հիվանդություններն այսքան անուշ են բուրում, ուրեմն թող ես ամբողջ կյանքում հիվանդ լինեմ: Եվս մի ակնթարթ ու կմոռանամ բոլոր վիրավորանքները: Չպիտի թույլ տամ դա, հակառակ դեպքում մյուս անգամ ավելի ուժեղ ինձ կցավեցնի: Ինչ լավն է նրա մարմնի հոտը, տեսնես ինչ օծանելիք է ցանել: Մենք մի քանի րոպե գրկախառնված մնացինք, իսկ հետո զգացի, որ նա քիչ-քիչ հեռվանում է ինձնից: Հիմա կսկսի խոսել հետս, ու ես հարբածի նման կժպտամ, ասես ոչինչ էլ չի եղել: Այդքան ժամանակ արցունք եմ թափել նրա լռության պատճառով, միթե տղամարդուն կարելի է ներել, քանի դեռ արարքներով չի ապացուցել, որ արժանի է դրան? Սիրտը սիրային հարցերում միշտ չի, որ լավ խորհրդատու է, հարկավոր է բանականությամբ առաջնորդվել: Մարդիկ, ում ենթագիտակցությունը մանկուց ճիշտ տղամարդկանց է սովոր ընտրել, թող իրենց սրտին վստահեն, բայց ես դրա իրավունքը չունեմ. իմ հոգեկանը առողջ չի, իմ ուղեղում սերը ցավի հետ է ասոցացվում, որովհետև հայրս ինձ ցավ է պատճառել: Բոլոր աղջիկներն իրենց հոր նմանությամբ են սիրո առարկա ընտրում: Դա գիտակցության կառավարման դաշտում չի, այլ բնազդական երևույթ է, որովհետև առաջին տղամարդը, ով մտել է մեր ենթագիտակցության, երևակայության ու սրտի մեջ, հայրն է հենց…
Հազիվ էր Պարոնն իր տաք ափերը հեռացրել կոնքերիցս, երբ կտրուկ շարժումով ձեռքիս տորթը լղոզեցի դեմքին ու կայծակնային արագությամբ դեպի զգեստապահարանը վազեցի: Ականջիս հասավ Նատալիի քրքիջը: Արագ զգեստները մի կողմ քաշեցի, տեղավորվեցի մեջն ու դռան վերևի մասում գտնվող փոքրիկ կողպեքը ներքև ձգեցի: Ես ապահով եմ: Կսպասեմ, մինչև գնա, հետո դուրս կգամ ու քաղաք կմեկնեմ: Միևնույն է չի ստացվի հանգիստ շրջել ճամբարում, որովհետև ամեն վայրկյան կարող է դիմացս դուրս գալ կամ հետևել ինձ: Ինչի համար թույլ տամ, որ մոտենա? Որովհետև ինքն այդպես է ուզում? Ինչու պիտի հաշվի առնեմ իր ցանկությունները, եթե նա ժամանակին իմը ոտնահարեց?
Պահարանի մոտ քայլեր լսվեցին:
–Նա արդեն գնացել է:
–Չես խաբում?
–Լիլի?
–Լավ, կներես:
Ես բացեցի դուռն ու վերջապես դուրս եկա ճնշող, մութ տարածությունից: Ազատ շունչ քաշեցի ու բերանով մեծ քանակությամբ օդ կլանեցի:
–Նատ, կներես, բայց ես պիտի քաղաք մեկնեմ: Դու մնա, հանգստացիր:
–Ոնց չես հասկանում, որ մի օր անցնելու են բոլոր զգացմունքներդ ու այդ մարդուն նայելու ես որպես դատարկության, քեզ թվալու է, թե նախկին կյանքում ես իրեն ճանաչել: Ու այդ ժամանակ սաստիկ զղջալու ես, որ իր պատճառով զրկեցիր քեզ ինձ հետ ունեցած լիքը երջանիկ պահերից: Չէ որ, ես ու դու շատ էինք երազել իրար հետ ճամբարում հանգստանալու մասին, պատկերացրել ու պլանավորել էինք ամեն բան: