Выбрать главу

–Ես ներքուստ ներել եմ իրեն, բայց շփվել չեմ ուզում, որովհետև վախենում եմ ցավի կրկնությունից:

–Ներումը ներքին կամ արտաքին չի լինում.մարդուն կամ ներել ես, կամ`չէ: Մեզ ցավեցնել կարող է միայն նա, ում սիրում ենք, մնացածները առավելագույնը կարող են տհաճություն պատճառել: Դու վախենում ես ցավից, որովհետև սիրում ես դեռ…եթե անտարբեր լինեիր, ուշադրություն անգամ չէիր դարձնի Պարոնի վրա, կգրկեիր, եթե ընդառաջ գար, կխոսեիր մի երկու բառ ու կվերադառնայիր քո առօրյային: Նրան դու չես ներել`ոչ սրտում, ոչ մտքում, ոչ էլ իրականության մեջ: Դու դեռ վիրավորված ես, զայրացած ու մեղադրում ես հետդ այդպես վարվելու համար: Կներես միայն այն ժամանակ, երբ դադարես ենթագիտակցորեն կամ գիտակցված վրեժ լուծել: Դու գնում ես, որ քո բացակայությամբ պատժես իրեն, որովհետև ակնկալում ես, որ կվազի ու քեզ ետ կբերի: Ընդունիր, որ դեռ հույս ունես…ես չեմ ասում, թե նորմալ չի ցանկությունդ մեկուսանալ մարդուց, ով քեզ ցավ է պատճառել, ուղղակի ինքնախաբեությամբ մի զբաղվիր`պնդելով, որ ոչինչ չես զգում ու ներքուստ խաղաղվել ես: Դու տհաճության զգացում ես ունենում, երբ անցնում ես առաջին դպրոցիդ կողքով, բայց ոչ մի տեղդ չի ցավում, չէ? Չես փոխում, չէ, ճանապարհդ? Քեզ ցավ պատճառած մարդկանց հանդեպ, ում կարողացել ես ներել, տհաճություն է մնում, բայց եթե քեզ մոտենան, գործերիցդ հարցնեն, կարճ զրույցի բռնվեն հետդ, տորթը չես լղոզի երեսներին ու փախչես. հանգիստ կկանգնես կզրուցես, միգուցե գրկես էլ, որովհետև, հասկանում ես, դատարկ կլինի ներսդ չարությունից, ատելությունից, զայրույթից ու վրեժից: Հա, տհաճություն կզգաս մի թեթև, որովհետև հնարավոր չի մարդու հիշողությունը մինչև վերջ մաքրել, գլխիդ մեջ պարբերաբար կառկայծեն տեսարանները, պահերը, որտեղ քեզ ցավեցրել է, բայց դա տհաճության տեսքով սրտիդ կնստի, ոչ թե անտանելի ցավի, որից հավաքես իրերդ ու փախչես, ինչ է թե տվյալ մարդը քեզ հետ նույն արևի շուրջն է պտտվում:

Նորից դռան թակոց լսվեց: Ես վազեցի դեպի պահարանն ու փակվեցի այնտեղ:

–Լիլի, դուրս արի`պիցցա ուտենք,-հինգ րոպեից ականջիս հասավ Նատալիի ձայնը:

Ես շունչ քաշեցի.փաստորեն առաքիչն էր: Դուրս եկա թաքստոցիցս: Գլուխ չեմ հանում իմ զգացմունքներից: Քանի դեռ չէի տեսել Պարոնին, ինձ թվում էր, թե անտարբեր եմ, բայց հենց գրկեցի ու քաշեցի նրա հոտը, սիրտս նորից կիսվեց: Ախր ես լավ եմ հասկանում, որ ինչ որոշում էլ կայացնեմ, դժգոհ եմ լինելու վերջում: Սիրտս ասես երկու մասի բաժանված լինի`մեկը կարմիր գույն ունի և ատելությամբ, վիրավորանքով ու զայրույթով է լիքը, մյուսը` վարդագույն, ու իր մեջ երախտագիտություն, քնքշություն ու սեր է պահում: Սրտիս մեջ մեկ կարմիր լույս է վառվում, մեկ վարդագույն, մեկ կարմիր, մեկ վարդագույն…մեկ ատում եմ, մեկ սիրում, մեկ զայրանում, մեկ երախտագիտություն զգում, մեկ սեղմվում է կոկորդս վիրավորանքից, մեկ հալվում է սիրտս կարոտից ու քնքշանքից:

Նատալին, պիցցան ձեռքին, մոտեցավ ինձ ու գրկեց: Միայն այդ պահին զգացի, թե ինչքան եմ սիրում ընկերուհուս, ու ինչքան չեմ ուզում լքել նրան:

–Լիլի, կմնաս, չէ?

Աչքերս արցունքներով լցվեցին:

–Դու ճիշտ էիր`չի կարելի կյանքը վախի մեջ ապրել: Ես Պարոնի հետ կշփվեմ այնքան, ինչքան դու: Կբարևեմ, եթե մոտենա, կխոսեմ, եթե հարցեր տա, կվերաբերվեմ այնպես, ինչպես մյուս ուսուցիչներին, բայց մտերմություն չեմ անի, քանի դեռ վստահ չեմ, որ կարևոր եմ իր համար: Առհասարակ ոչ մի տղամարդու առաջ չի կարելի սիրտ բացել, քանի դեռ արարքներով չի ապացուցել, որ արժանի է: Ափսոս, որ ես շատ ուշ հասկացա դա:

–Տասնյոթն այնքան էլ ուշ չի: Սրբիր արցունքներդ…

Ես համբուրեցի Նատալիին:

–Դե լավ, գնամ լոգանք ընդունեմ ու սկսենք պատրաստվել խնջույքին: Մեր դասարանից միայն ես ու դու ենք ճամբարում?

–Չէ, Շառլն էլ է եկել:

Ես հանվեցի ու սպիտակ փափուկ վերնազգեստս վրաս գցելով`դեպի դուռը քայլեցի:

–Սրբիչը մոռացար:

–Ապրես:

Երբ բացեցի դուռը, որ դուրս գամ սենյակից, ոտքս ինչ-որ փշոտ բանի դիպավ ու ամբողջ մարմնով հատակին փռվեցի: Քթիցս սկսեց արյուն հոսել, իսկ ծնոտիս վրա քերծվածք առաջացավ:

–Գրողը տանի,-նվնվացի ես:

Նատալին վազեց օգնության: Դեմքիս հանկարծ ժպիտ հայտնվեց, երբ ոտքերիս մոտ կարմիր վարդերի փունջ նկատեցի, իսկ թերթիկների արանքում`վարդագույն բացիկ:

–Ումից է?-ոգևորված բացականչեց Նատալին:

–Չգիտեմ, անուն չկա գրված, -ժպտացի ես:

–Հաստատ Պարոնից է:

–Ինչ տարբերություն,-հառաչեցի ես,-ինձ էլ ոչ ոք պետք չի:

*

Ջրի կաթիլները խուճուճ երկար մազերիցս անձրևի պես թափվում են հատակին: Վերնազգեստս ծնկներիս չի հասնում, ու ոտքերս սառել են: Դեպի սենյակ եմ գնում: Ինձանից մի քանի մետր հեռավորության վրա` միջանցքի ծայրամասում, բազմոց է դրված: Ինչ-որ մեկը նստած է վրան, կարծես թե: Ես լարեցի տեսողությունս, բայց չկարողացա տարանջատել, թե ով է այնտեղ: Նման պահերին եմ գիտակցում, որ ժամանակն է ակնոց կրել:Դանդաղ մոտեցա ու հասկացա, որ Պարոնն է: Նա մեջքը հենել էր փափուկ բազմոցին ու քնել: Այնքան կուզեի գրկել նրան: Ներսումս խղճահարության նման մի բան արթնացավ: Նույն զգացումը հաճախ ունենում էի, երբ հորս էի ննջելիս տեսնում: Ես ծալեցի ծնկներս ու տեղավորվելով նրա կողքին`երկու ձեռքով գրկեցի վիզը: Արցունքներս խառնվել են խոնավ մազերիցս կաթացող ջրի հետ ու իրենց հետքն են թողնում Պարոնի կապտավուն վերնաշապիկի վրա: Հանկարծ նա կտրուկ դեպի ինձ շրջվեց ու ամուր սեղմեց իր գրկում: