Выбрать главу

–Բռնվեցիր?-ծիծաղեց նա ու սկսեց համբուրել այտերս:

Փաստորեն ձևացնում էր, թե քնած է: Ես չեմ կարողանում նրա աչքերի մեջ նայել, դեմքիս ժպիտ կա, բայց կոտրված է:Ներսումս էլի դատարկություն եմ սկսում զգալ նրա հանդեպ: Տհաճ է լինելը մեկի կողքին, ով քեզ ցավ է պատճառել: Արդյոք սիրում եմ դեռ Պարոնին? Այդ հարցի պատասխանը կունենայի երևի այն ժամանակ, երբ իմանայի, թե ինչ է իսկական առողջ սերը: Առաջ ամեն ինչ անում էի, որ խոսեր հետս, իսկ հիմա բառ անգամ շուրթերիցս դուրս չի գալիս, առաջ աղաչում էի, որ բացատրի, թե ինչու է այդպես վերաբերվում ինձ, իսկ հիմա ինքս եմ խուսափում խոսակցությունից: Հազար անգամ էլ գրկի ու ծաղիկներ նվիրի, չեմ հավատա, որ իր համար կարևոր եմ: Շատ դեպքերում տղամարդիկ մեղքի զգացումից ազատվելու նպատակով են լավ արարքներ անում, ոչ թե սիրուց դրդված: Պարոնը սիրում է աղջիկների ուշադրության կենտրոնում լինել, լավ տպավորություն ստեղծել իր վերաբերյալ: Ես երևի այն եզակիներից եմ, ում մոտ նա իր իրական դեմքը ցույց է տվել, այսինքն թույլ է տվել իրեն մի քիչ վատը լինել:

–Դուրդ եկան ծաղիկները?

Ես անհարմար զգացի, որ մտքիցս թռել էր շնորհակալություն հայտնել վարդերի համար:

–Շատ…Դուք առաջին տղամարդն եք, ով ինձ ծաղիկներ է նվիրում: Ավելի ճիշտ առաջինն եք, ումից ընդունում եմ…

Պարոնը ժպտաց ու շոյեց այտս: Ես զգում եմ, որ նա ինձ առաջվա պես որպես փոքրիկ երեխայի է նայում, բայց էլ չեմ նյարդայնանում դրանից: Հակասական զգացմունքներ ունեմ նրա հանդեպ: Սրտիս մեջ երեք Պարոն է ապրում` մեկը ուսուցչի, մյուսը` մարդու, երրորդը`տղամարդու կերպարում, ու յուրաքանչյուրին յուրահատուկ եմ վերաբերվում: Ինձ համար շատ դժվար է պատասխանելն այն հարցին, արդյոք դեռ սիրում եմ նրան, որովհետև իմ սերը հյուսքի է նման`երեք գույնի թելից բաղկացած: Խճճվել եմ զգացմունքներիս մեջ: Եթե միայն կարողանայի հասկանալ ինքս ինձ: Այնպիսի տպավորություն է, որ իմ մեջ երկու անհատականություն է ապրում.մեկը գործում է, զգում, իսկ մյուսը փորձում է հասկանալ նրա գործողություններն ու հույզերը: Բնազդներս ատում են Պարոնին` սիրտս կոտրելու համար, իսկ գիտակցությունս այդ զգացմունքը բանական մարդու համար անթույլատրելի է համարում ու մեղքի զգացում ներշնչում. չէ որ, մանկուց ինձ տրամադրել են, որ չի կարելի չարանալ, ատել, խանդել. կանոնավոր, օրինակելի մարդիկ բացասական բաներ չեն զգում:

–Մազերդ խոնավ են, կմրսես:

–Լավ,-ծիծաղեցի ես ու տեղիցս վեր կացա:

–Արի քեզ մի անգամ էլ գրկեմ…

Ես, որ արդեն հասցրել էի շրջվել, չլսելու տվի ու սենյակ շտապեցի: Ներսում ոչ ոք չկա.Նատալին դուրս է գնացել, ու սատանան գիտի, թե երբ կվերադառնա: Ինչ լավ է, որ հնարավորություն ունեմ մի որոշ ժամանակ ինքս ինձ հետ մնալու: Մատներս մտցրի խուճուճ մազերիս մեջ ու սկսեցի հիանալ նրանց փարթամությամբ: Մարմնիս մեջ թուլություն եմ զգում, գլխումս խառնաշփոթ է տիրում: Հանեցի վերնազգեստս ու հայելու դիմաց կանգնելով`նայեցի մերկությանս: Ինչ գեղեցիկ եմ: Ցավալի է, երբ մարմինդ, սիրտդ ու հոգիդ պատկանում են մեկին, ով դրանցից երբեք չի օգտվելու:

Անկողին մտա ու գլուխս խրեցի սառը բարձի մեջ: Երջանիկ լինելու համար ինձ ոչ ոք պետք չի: Ես էլ երբեք ոչ մեկին չեմ սիրի, որովհետև չափից դուրս զգույշ ու մտածված եմ դարձել, որ թույլ տամ սրտիս` զենքերը վայր դնել: Պիտի ամեն գնով խուսափեմ այն թակարդից, որը ենթագիտակցությունս ինձ համար պատրաստել է: Իմ բնազդները ձգում են նրանց, ովքեր ինձ ցավ կպատճառեն, որ հաստատվի մանկությունում ձևավորված այն համոզմունքս, թե տղամարդկանց վստահել չի կարելի: Եթե անգամ փորձեմ աշխատել հոգեկանիս վրա, չկա ոչ մի երաշխիք, որ կստացվի ամեն ինչ վերածրագրավորել: Միշտ լինելու է հավանականություն, որ սխալ ընտրություն կանեմ: Ինձ ֆիզիկապես դուր չեն գալիս տղամարդիկ, ովքեր մեջս մանկական ասոցացիաներ չեն առաջացնում: Մարդիկ գիտակցաբար չի, որ իրար ընտրում են, ախր: Մենք չենք սիրահարվում նրա համար, որ դիմացինը գեղեցիկ է, խելացի, պատասխանատու, խարիզմատիկ, հաջողակ, հոգատար: Երբ սկսում ենք բացատրել, թե ինչու ենք սիրում, բանականությամբ փորձում ենք արդարացնել այն ընտրությունը, որը բնազդաբար ենք արել: Մենք սիրահարվում ենք միայն նրանց, ովքեր ամենահարմարն են մեր ծնողների հետ մանկությունում ունեցած հարաբերությունները հասուն տարիքում կրկնելու համար: Պարոնի հանդեպ զգացմունքներն իմ ենթագիտակցության խաղերն են ընդամենը: Դա չի նշանակում, որ պիտի ճնշեմ դրանք, անիմաստ, անպետք համարեմ: Երբեք չի լինում, որ մարդը կատարյալ դժբախտ կամ երջանիկ լինի: Չնայած զգացածս ամբողջ ցավին` ինձ որոշ չափով հաճելի է եղել նրան սիրելը: Կապ չունի, որ այդ սերը առողջ չէր: Ես էլ եմ բոլոր մարդկանց պես ստամոքսիս մեջ թիթեռնիկներ զգացել, պարզապես դրանց հաջորդել է ցավի մեծ չափաբաժին, որովհետև ենթագիտակցորեն համոզմունք ունեմ, որ սերը ցավ է: Ես պիտի թույլ տամ ինձ զգալ այն, ինչ զգում եմ: Զգացմունքը որպես այդպիսին չի կարող վնասել, եթե չի վերափոխվել գործողության: Հարկավոր է հեռու մնալ Պարոնից: Մեր միջև ոչինչ չի կարող լինել, ուրեմն էլ որն է շփվելու իմաստը: Ես դեռ խոցելի եմ, որովհետև սիրտս թելից է կախված.հերիք է, որ մի անգամ գրկի, ստամոքսիս թիթեռնիկներն ուղեղիս մեջ կլցվեն, ու պատմությունը կկրկնվի: