Выбрать главу

Տեղիցս վեր կենալով`նորից հայելուն մոտեցա: Մազերս մի կողմ քաշեցի ու նայեցի ինքնասպանությունից հետո մնացած սպիին:

Ես լրիվ մերկ եմ:Շեկ մազերս ուսերիս են թափվում: Հետաքրքիր է`ինչ կլինի, եթե դուրս գամ սենյակից ու այսպես շրջեմ: Մարդիկ ինձ երևի գժի տեղ կդնեն`այդպես էլ չիմանալով, որ դա փոխադարձ է: Ինչ է փոխվել մարդ արարածի մեջ, որ սկսել է իր մարմնից ամաչել, այնինչ հազարամյակներ առաջ մերկ ման էր գալիս ու իրեն ազատ զգում: Հանկարծ ուսերս ցնցվեցին, երբ հայելու մեջ բացի ինձնից մեկի արտացոլանքն էլ տեսա: Մի կերպ զսպեցի հուզմունքս ու հավաքեցի կամքիս ուժը: Չի կարելի հնարավորությունը բաց թողնել հոգեբանական էքսպերիմենտ անելու:

–Ներս արի, Շառլ,-ձայնիս միջի դողը խեղդելով`հրավիրեցի ես: Եթե նրա փոխարեն Նատալին լիներ, նույն չափով հուզվելու էի:

–Կներես, ես պարզապես…երևի…-կմկմում է նա`երկու ափով դեմքը ծածկելով, իսկ ես ներքուստ հրճվում եմ`տեսնելով, որ էքսպերիմենտս ցանկալի արդյունքն է տալիս: Շառլն ապուշ է կտրել իմ հանգստությունից, որովհետև ես ինձ այնպես եմ պահում, ասես աշխարհում ընդունված է ոչ թե շորերով շրջել, այլ` մերկ վիճակում: Նա ակնկալում էր, որ իրեն նկատելով`կսկսեի բղավել ու ամոթանք տալ, բայց ես դիտմամբ այնպես արձագանքեցի, որ իր գլխում եղած բոլոր շաբլոնները փշրվեն: Ամեն դեպքում անսովոր է ինձ համար այս ամենը, այդ պատճառով դեմքիս ձգված մկանները թուլացնելով`ձեռքս դեպի վերնազգեստս տարա ու դանդաղ հագա: Հազիվ եմ զսպում ծիծաղս: Տեսնել է պետք խեղճ տղայի աչքերի արտահայտությունը:

–Ջուր կուզես?

–Հա, տուր,-կարմրեց նա:

Այդ պահին Նատալին սենյակ մտավ:

–Ինչից եք զրուցում?

–Դեռ չենք հասցրել խոսել:

Ես մենակ թողեցի ընկերներիս ու զգեստս վերցնելով`բաղնիք գնացի, որ փոխվեմ: Ուզում եմ դուրս գալ շենքից ու մի քիչ բնության գրկում լինել…

*

Պառկել եմ գետի ափին`ափերս գլխիս տակ դրած, իսկ դեմքս ծածկված է լայնեզր գլխարկով: Եղանակն այնքան էլ արևոտ չի, օդում հաճելի զովություն կա: Շուրջբոլորս սաղարթախիտ ծառեր են, իսկ ինձանից մի փոքր հեռու ճարճատում է կրակը: Մի քանի կիլոմետրի վրա երևում է մեր ճամբարը: Ես ինձ նախնադարում ապրող վայրի օրիորդ եմ երևակայում, ով ձուլվել է բնությանն ու վայելում է կյանքը: Երջանիկ լինելու համար ինձ սա էր երևի պակասում.մոռանալը մարդկանց, քաղաքը, արժեքները, որոնք մի ժամանակ կարևոր էին: Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ հոգեկան ցավից գալարվել: Առաջ նման բան հաճախ էր լինում: Հիմա քիչ-քիչ խաղաղվում է հոգիս, որովհետև լցվում է ներսիս դատարկությունը…ինձնով: Ես ձգտում եմ հասնել նրան, որ զգացմունքային առումով ոչ մեկի կարիքը չունենամ: Երջանիկ լինել միայն ինքդ քեզ ունենալով…ինչպիսի հրաշալի հոգեվիճակ:

Հանկարծ զգացի, որ գլխարկիս լայն եզրերը հեռանում են ճակատիցս: Բացեցի աչքերս ու քիչ մնաց ճչայի անսպասելիությունից:

–Վայրի գազաններից չես վախենում, որ եկել անտառի մեջ պառկել ես?-ծիծաղեց Պարոնը:

Նա նստեց կրակի մոտ ու երկար ժամանակ լռություն տիրեց: Զգում եմ, որ ուզում է զրուցել հետս, բացատրել, փորփրել անցյալի մոխիրները, ինչ-որ կերպ արդարացնել իրեն, բայց հիմա ինձ էլ մեր հարաբերությունները պետք չեն, դրա համար նախընտրում եմ չքննարկել հին թեմաները: Ժամանակ կանցնի, ես կներեմ, իսկ այժմ ավելի լավ է չշփվենք, մինչև զգացմունքներս վերանան: Ինձ էլ չի հետաքրքրում, թե ինչու այն ժամանակ իրեն այդպես պահեց: Ամեն մարդ իր դրդապատճառներն ունի: Պարոնն ինձ համոզեց, որ նշանակություն չունեմ իր համար, իսկ ես չեմ կարող շփվել մեկի հետ, ով ինձ չի կարևորում, ու ում չեմ վստահում: Միգուցե բնազդաբար դեռ ձգվում եմ դեպի նա, բայց գիտակցաբար հասկանում եմ, որ չարժի նման մարդու վրա ժամանակ ծախսել: Իր սիրալիրությանն ու քնքուշ տոնին, որով բոլոր աղջիկների հետ է խոսում, չեմ պատրաստվում խաբվել: Լայն եզրերով գլխարկը կրկին աչքերիս դրեցի:

–Առաջին անգամ ես, չէ, ճամբարում?

–Չէ, երկրորդ,-ծիծաղեցի ես,-առաջին անգամ երազում եմ եղել:

Մի քանի վայրկյանից Պարոնը նորից գլխավերևումս հայտնվեց.

–Վեր կաց,-դեպի ինձ կռացավ նա:

Ես մի կողմ քաշեցի գլխարկն ու սկսեցի նրա թարթիչներին նայել: Էլի մի ակնթարթ ու զգացմունքներս կարթնանան: Նա խոշոր աչքերը սուզել է իմի մեջ ու երևի սպասում է, որ իրեն կհամբուրեմ: Բնազդաբար ուզում եմ, որ դա տեղի ունենա, բայց բանականությունս դիմադրում է: Ափս դրեցի նրա շուրթերին ու նրբորեն հեռու հրեցի: Հանկարծ նա մատները դեպի գրպանը տարավ ու մի երկար թաշկինակ դուրս բերելով`սկսեց կապել աչքերս: Ես վախի հետ խառնված հետաքրքրասիրություն եմ զգում: