Выбрать главу

–Ինչ եք ուզում անել հետս?

–Վստահիր ինձ:

Խարխափելով մի կերպ ոտքի կանգնեցի: Նա բռնեց մատներս ու մենք սլացանք անհայտ ուղղությամբ:

Սառը օդը շոյում է դեմքս, իսկ զգեստիս փեշերը խաղում են քամու հետ: Ինձ հաճույք է պատճառում անորոշությունը: Մենք մոտ տասը րոպե քայլեցինք` առանց իրար մի բառ ասելու, բայց հանկարծ Պարոնի ձեռքը մատներիս միջից դուրս սողաց:

–Մենք արդեն տեղ ենք հասել?

–Այո,-պատասխանեց նա,-չշարժվես հանկարծ:

–Ինչու? ես ուզում եմ բացել աչքերս,-հրճվեցի ես ու քայլ արեցի: Հողը անհետացավ ոտքերիս տակից:

–Լիլի, զգուշացրի, ախր, գրող տանի,-լսեցի Պարոնի ձայնը, որը շուտով խլացավ:

Ես անասելի մեծ արագությամբ ներքև եմ սլանում, այնպիսի տպավորություն է, ասես տիեզերանավից եմ ընկնում: Թաշկինակը աչքերիս շուրջ քարկապ է գոյացրել: Անկմանս արագությունն այնքան մեծ է, որ մարմինս օդի հետ հպումներից սաստիկ ցավում է, գիտակցությունս սարսափից անջատվում է, դողացող մատներով փորձում եմ արձակել կապը, որ գոնե տեսնեմ, թե որտեղ եմ, ու ինձ ինչ է սպասվում: Սիրտս ահից կտոր-կտոր է լինում: Իսկ ինչ, եթե ներքևում քարոտ ժայռեր են, ու ինձ վիճակված է շուտով փշուր-փշուր լինել? Ես ապրել եմ ուզում…ամեն դեպքում հարկավոր է պայքարել մինչև վերջին շունչը: Նորից եղունգներս խրեցի թաշկինակի մեջ`փորձելով արձակել: Չգիտեմ`ինչքանով է բաց աչքերով մեռնելն ավելի հաճելի, բայց հնարավոր է` մոտակայքում ինչ-որ ճյուղ կամ քար լինի, որից կարողանամ կառչել: Ես անզորությունից քիչ է մնում լաց լինեմ: Ուր էր բերել ինձ Պարոնը? Իմանալով, որ աչքերս փակ են ու ունակ եմ ամեն տեսակ գժության, ինչու, ախր, բաց թողեց ձեռքս: Շարժմանս արագությունը գնալով մեծանում է, ինչն ինձ հուշում է, որ երկրի մակերևույթին եմ մոտենում: Եթե այսքան երկար ժամանակ օդի մեջ եմ, նշանակում է` ահռելի բարձրությունից եմ ընկել: Չնայած սարսափին ու անորոշությանը, սրտիս գաղտնի մի անկյունը հաճույք է զգում: Այնպիսի զգացում է, ասես ինքնաթիռի մեջ եմ ու պատրաստվում եմ պոկվել գետնից: Հանկարծ քթիս ու բերանիս մեջ մեծ քանակությամբ ջուր լցվեց: Ոտքերս առաջվա պես չեն կարողանում գտնել հողը: Թաշկինակը ծածկում է աչքերս: Լիտրերով ջուր եմ կուլ տալիս: Շունչս կտրվում է, կոկորդս սեղմվում է…գիտակցությունս անջատվեց…

*

Նրա փարթամ ու կարմիր շուրթերը դանդաղ սահում են իմի վրայով`պարբերաբար օդ փչելով բերանիս մեջ: Չեմ ուզում ուշքի գալ, որ չփչացնեմ պահը: Իմ սրտի աշխատանքը կարգավորվել է, բայց Պարոնը շարունակում է արհեստական շնչառություն տալ, եթե, իհարկե, մեր ժամանակներում համբույրն այդպես են անվանում: Ես դիտավորյալ չեմ բացում աչքերս ու խուսափում եմ ինքս ինձ խոստովանելուց, որ վաղուց գիտակցության եմ եկել, որովհետև այդ դեպքում ստիպված կլինեմ հրել Պարոնին ու թույլ չտալ, որ շուրթերիս դիպչի: Նա առաջին տղամարդն է, ով համբուրում է ինձ: Ես այնքան երկար էի այս պահին սպասել:Չդիմացա ու ափերով գրկեցի նրա վիզը:

–Անամոթ,-ծիծաղեց նա ու դեմքը հեռացրեց:

Հանկարծ ճակատի վրա արյան հետքեր նկատեցի, բայց Պարոնն այդ վերքերով ինձ այնքան հմայիչ է թվում: Նա վտանգել է իր կյանքն ինձ փրկելու համար: Ես չեմ կարողանում հիացմունքս զսպել:

Չեմ հիշում`ինչքան այդպես պառկած մնացի, երբ ինձ թվաց, որ խեղդվում եմ, հազիվ էի բացել աչքերս, երբ մի դույլ ջուր թափվեց դեմքիս: Ճչացի անսպասելիությունից ու վեր թռա տեղիցս: Դիմացս տեսա Պարոնի զվարճալի կերպարանքը, ով սովորականից ավելի ուրախ տեսքով վազվզում էր այս ու այն կողմ և ձեռքի դույլը գետի ջրով ծայրեծայր լցնելով`վերադառնում ինձ ջրելու: Ես ոչ մի կերպ չէի ընդդիմանում, այլ զարմանքով դիտում էի այդ տարօրինակ տեսարանը:

–Դուք Ձեզ երեխայի պես եք պահում,-նեղացա ես`ասես վրդովվելով, որ մեկը ինձանից գողացել է երեխա լինելու շնորհը:

–Բոլոր մեծերն էլ երազում են նման մի ամայի վայրի մասին, որ իրենց այդտեղ երեխայի պես պահեն`զերծ բոլոր կարծրատիպերից ու սահմանափակումներից:Միայնակ ժամանակ բոլորն էլ երեխա են, երբ ազատ են իրենց մտքերի, զգացմունքների ու ցանկությունների մեջ: Հասարակությունը խոչընդոտում է դրան: Մարդիկ իրար հետ ապրելու հետևանքով են մեծանում,գիտես:

Խոսելու ընթացքում գցեց ձեռքից դույլն ու տեղավորվեց կողքիս: Այդ պահին կարծես վերացել էր երկու սերունդ իրարից առանձնացնող ժամանակային շղթան, ու մենք նստել էինք երկու տարիքակիցների պես: Ինձ քիչ են հանդիպել մեծեր, ովքեր ճկուն մտածելակերպ ունեն: Ինձ միշտ զայրացրել է նրանց կենսափորձը,համոզվածությունը ամեն ինչում, վստահությունը, ոչ այնքան իրենց համոզմունքների ճշմարտացիության, որքան իմ հիմարության վրա: Հետաքրքրիր է`ես ինչպիսին եմ լինելու, երբ տարիքս առնեմ:Միթե կարծրանալու եմ? Դիտում էի Պարոնին, ու մեջս հույս էր փայլատակում, որ այդպես երբեք չի լինի, որովհետև դիմացս տեսնում էի հասուն տղամարդու, ում մեջ երեխան դեռ չէր մեռել…

Վերջապես մեջս ուժ գտա վեր կենալու: Մենք գետի ափին ենք գտնվում, իսկ հեռվում արևը մայր է մտնում: Սիրածս մարդը կողքիս է ու խնամում է ինձ: Ամեն ինչ կատարյալ է թվում, չեմ ուզում հեքիաթն ավարտվի: Այստեղ գալուց առաջ հետս ուտելիք ու քաղցրավենիք էի վերցրել, մի քիչ էլ բանջարեղեն, որ խորովեի կրակի վրա: Պարոնը խարույկ է վառել ու մեջը փոքրիկ կարտոֆիլներ լցրել: Օդի մեջ անուշ բույր է տարածվել, որն ավելի է գրգռում ախորժակս: Երբ մոտեցա կրակին, ներսումս մի զգացում արթնացավ, որը փոքր ժամանակ էի հաճախ ունենում: Պապիկս համարյա ամեն օր կարոֆիլ էր խորովում ինձ համար, հետո մաքրում էր վրայի մոխիրները, աղ ցանում, ու ես այն հաճույքով ուտում էի: Մենք ոչ ինտերնետ ունեինք ամառանոցում, ոչ համակարգիչ, բայց կարողանում էինք հասարակ բաների մեջ երջանկություն գտնել: Ես այնքան շատ էի պապիկիս սիրում…