Выбрать главу

–Քաղցած ես?-դեպի ինձ շրջվելով`ժպտաց Պարոնը:

–Դուք իմ հերոսն եք:

Նա ոչինչ չպատասխանեց, բայց հաճույք զգաց:

–Հաց ուտենք ու ճամբար գնանք:

–Խնջույքը գիշերն է, չէ?

–Հա, գալու ես?

Գլխով համաձայնության նշան արեցի:

–Ավելի լավ է չմասնակցես, դեռ թույլ ես ու քեզ հանգիստ է պետք:

Ես կախեցի գլուխս: Նա երևի ճիշտ է: Իրոք, մարմինս դեռ ցավում է ու թեթև գլխապտույտ եմ զգում: Իմ ընկերներից քչերն են ճամբարում, ու իմաստ չունի առողջությանս հաշվին ժամերով մնալ այնտեղ:

Պարոնն առանց վերնաշապիկի է: Պատկերացնում եմ, թե ինչքան տաք է նրա մարմինն, ու մեջս ցանկություն է առաջանում, որը չեմ ուզում ինքս ինձ խոստովանել:

–Կարելի է Ձեզ համբուրել?

–Դու իմ աշակերտն ես:

–Որպես աշակերտ կհամբուրեմ:

Նա սկսեց ծիծաղել:

Ես մոտեցա ու մեջքից գրկեցի`շուրթերս նրա այտին սեղմելով: Արցունքներս ընկնում են նրա ուսերին, իսկ ծնոտս դողում է: Ձեռքերով փակեցի աչքերս ու առաջին անգամ երկար ժամանակվա մեջ ազատություն տվեցի զգացմունքներիս: Պարոնն իմ մեջ այդպես էլ կին չտեսավ: Ես համակերպվել եմ, բայց դա չի բացառում ցավի զգացումը, որն ունեմ: Առաջ զայրանում էի, չարանում, բայց հիմա քիչ-քիչ գալիս եմ այն գիտակցության, որ չի կարելի մեղադրել մարդուն նրա համար, որ քեզ չի սիրում: Եթե միայն հնարավոր լիներ սրտին բացատրել այն, ինչը բանականությամբ հասկանում ես: Ամբողջ դեմքս արցունքների մեջ է, որոնք տաք ցնցուղի պես դուրս են ցայտում աչքերիցս: Դեռևս մի քանի ժամ առաջ համարյա վստահ էի, որ Պարոնի հանդեպ անտարբեր եմ, իսկ հիմա էլի սրտիս սառույցը սկսել է հալվել: Իմ ուսերը ցնցվում են: Մարդու բնությանը հակառակ է անզորության զգացումը, ու ես տանջվում եմ, որովհետև հիմա դա եմ զգում: Պարոնը շրջվել ու ինձ է նայում: Ինչքան էլ սառնասիրտ է պահում իրեն, գիտեմ, որ ներքուստ մարդկայնորեն սիրում է ինձ ու հասկանում: Նրա դեմքը խղճահարություն է արտահայտում:

–Այստեղ արի, հիմարիկ,-կանչեց նա`ափը հողին խփելով:

Ես տեղավորվեցի նրա կողքին ու գրկեցի թևը:

–Չէի ուզում քեզ ցավ պատճառել,-վերջապես խոսեց նա:

–Ես եմ Ձեր միջոցով ինքս ինձ ցավեցնում, Դուք կապ չունեք:

–Շփվելը մարդու հետ, ով քեզ չի սիրում, ինքնասպանության նման բան է: Հարաբերությունները, որտեղ մեկը սիրված չէ, պետք է դադարեցնել հենց սկզբից: Բաժանումը միշտ էլ ցավոտ է, բայց ավելի լավ է ցավեցնել նրան, ով քեզ սիրում է մի ամիս, քան նրան, ով մի տարի է, ինչ սիրում է:

Նա կրակի միջից կարտոֆիլ հանեց, մաքրեց մոխիրն ու մեկնեց ինձ: Իմ տրամադրությունը սկսում է բարձրանալ: Ի վերջո, եթե անգամ մեր զգացմունքները փոխադարձ լինեին, դա ոչ մի բանի չէր բերի: Ընտանիք կազմելն իմ կյանքի պլանների մեջ չի մտնում, Ֆրանսիայում մնալ ես չեմ ուզում, հետևաբար մենք բոլոր դեպքերում չէինք կարողանալու շփվել: Առհասարակ ես լրիվ այլ արժեքներ ունեմ, ինձ համար կարևոր է փառքը, կարիերան, ու սիրային լուրջ հարաբերությունները մի տեսակ չեն տեղավորվում կյանքի իմ փազլի մեջ: Իմ կարծիքով կին ու մայր լինելն այնքան էլ իմը չի: Հո բոլորը չի, որ պիտի ամուսնանան: Ստացվում է`ես ցանկանում եմ, որ Պարոնն ինձ սիրի, բայց իրականում պատկերացում անգամ չունեմ, թե ինչ եմ այդ սիրո հետ անելու: Միգուցե, բարին էլ սա է…

–Մենք հեռու ենք, չէ, ճամբարից?

–Հա, ինչու?-զարմացավ նա:

Ես ոտքի կանգնեցի ու ներսումս լիքը օդ հավաքելով`ամբողջ ձայնով գոռացի.

–Պաշտում եմ Ձեզ:

–Հիմա բոլոր գազանները անտառից կփախչեն,-ծիծաղեց նա:

Ես նորից նստեցի նրա կողքին ու գլուխս ուսին հենեցի: Մի քանի րոպե լռություն տիրեց:

–Դուք էլ ինձ եք, չէ, սիրում…որպես մարդ:

–Հա, Լիլի, սիրում եմ:

–Գի-տեմ,-հրճվեցի ես:

–Բա էլ ինչու ես հարցնում?

–Ուզում էի իմանալ, թե «սիրում եմ» բառը ինչպես է հնչում Ձեր շուրթերից:

Պատասխանի փոխարեն նա թշիս տորթի կրեմ քսեց: Ես ցուցամատով վերցրի այն ու բերանս տարա:

–Զգեստդ խոնավ է, կմրսես:

Էլի ուզում էի ասել «լավ, հայրիկ», բայց փոխարենը ծիծաղեցի: Հետո մատներով բռնեցի զգեստիս փեշերից ու վրայիցս դուրս քաշեցի: Կրակը դեռ չի հանգել, ու փռեցի մոտը, որ չորանա: Հետո եկա ու նստեցի Պարոնի կողքին, բայց նա ինձ չի էլ նայում: Ես փայտի կտոր առա ձեռքս ու սկսեցի խաղալ ավազների հետ: Երևի ճիշտ չէր այն, ինչ այսօր տեղի ունեցավ: Հաճելի էր, բայց ճիշտ չէր: Գիտեմ, որ ստացածս ուրախությանը համարժեք ցավ եմ շուտով զգալու: Բանականությամբ հասկանում եմ, որ պիտի դադարեցնեմ շփումը ու ինչքան հնարավոր է շուտ, գիտակցում եմ, որ էլի կապվելու եմ հետը, կախվածություն զգալու, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում բնազդներս ու զգացմունքներս ինձ ենթարկել: Կյանքում ամեն բան իր լուսավոր ու մութ կողմն ունի, պարզապես հարցն այն է, թե որն է այդ երկուսից գերակշռողը: Մենք բաց չենք թողնում մարդկանց, երևույթները, հիշողությունները, իրերը միայն երկու դեպքում. երբ նրանց մեջ լույսն անհամեմատ շատ է, ու երբ լույսը ճիշտ այնքան է, ինչքան մութը: Ես չեմ կարողանում Պարոնին մոռանալ, որովհետև նա ինձ նույնքան հաճույք է պատճառում, ինչքան ցավ: Եթե հրաժարվեմ նրանից, ցավի հետ հաճույքն էլ կվերանա: Հիմա թմրամոլից համարյա չեմ տարբերվում, պարզապես եթե թմրանյութը կարելի է լցնել սեղանի վրա ու ամբողջ փոշին միանգամից կլանել, Պարոնին ես իրավունք չունեմ մոտենալ.կարող եմ միայն հեռվից առնել նրա բույրը, ցանկանալ, բայց չստանալ իրականության մեջ: Թմրանյութը` շնչելու համար ստեղծված, բայց անշունչ բան է, որի հետ վարվում ես այնպես, ինչպես սիրտդ է ուզում, իսկ մարդու հետ միշտ հաշվի է պետք նստել նախքան վայելելը: