Выбрать главу

Երբ գլուխս բարձրացրի, նկատեցի, որ Պարոնն ինձ է նայում: Երբեք նրա զգացմունքներից գլուխ չեմ հանել.միթե, իրոք, իմ մեջ չկա կանացի մի բան, որն իրեն դուր է գալիս? Նա դանդաղ մոտեցավ ու իր կարմիր բլուզն ինձ մեկնեց:

–Գցիր վրադ, չմրսես:

Ես նստել եմ ավազի վրա, իսկ արցունքներս ներքև են թափվում: Էլի սկսում եմ կախվածություն զգալ: Ինչ կա այս տղամարդու մեջ, որ ինձ սիրահարված է պահում? Ես սովորաբար շատ շուտ եմ կորցնում հետաքրքրությունս մարդկանց հանդեպ, որովհետև իմ կողքին երկար ժամանակ մնալու համար հարկավոր է մշտապես զարգացման մեջ լինել`և մտավորապես, և հոգեպես, և զգացմունքային առումով: Պարոնը միակն է, ով ինձ է ստիպում աճել, դրա համար էլ երևի այդքան գրավում է:

–Հիշում եք, մի անգամ ասացիք, որ կարող եմ Ձեր բլուզն ինձ վերցնել, եթե հավանում եմ,-հրճվեցի ես, բայց արցունքներս դեռ կաթում էին:

Նա նստեց կողքիս ու մատներով մաքրեց թաց աչքերս:Այնպիսի տպավորություն է,ասես բնությունն ինձ ստեղծելիս մի քիչ ջրի չափն անցել է: Ինչու եմ այսքան լացկան, գրողը տանի? Դա դիմացինի մոտ պատրանք է առաջացնում, որ թույլ ու անկայուն մարդ եմ, ով իր զգացմունքները կառավարել չի կարողանում:

Հագա կրակի տաքությունն իր մեջ կլանած կարմիր բլուզը, որը մինչև ծնկներս էր հասնում, ու վերջապես դեմքիս ժպիտ երևաց: Իմ կազմվածքը գեղեցիկ է, բայց ինչ օգուտ, եթե սիրածս տղամարդը դա չի նկատում: Ներսումս անբացատրելի տագնապ կա, որի պատճառների մասին միայն բնազդաբար գիտեմ: Սրտիս մեջ մի բան խլրտում է, բայց չեմ հասկանում`ինչից է:

–Դուք երբևէ զգացում ունեցել եք, որ մարդուն վերջին անգամ եք տեսնում?

Նա ոչինչ չպատասխանեց, բայց հայացքն ասում էր, որ նույնն է զգում: Հանկարծ մտքովս մի բան անցավ:

–Իմ ուսապարկն այստեղ է, չէ?

–Հա:

Աչքերով սկսեցի որոնել, հետո տեղիցս վեր կացա ու քայլեցի դեպի սաղարթախիտ ծառերից մեկը, որի ճյուղին այն կախված էր: Միջից գինու շիշ հանեցի, մաքուր թղթեր, գրիչներ ու վերադարձա Պարոնի մոտ:

–Ինչ ենք խաղում?-հետաքրքրվեց նա`կում անելով գինուց:

Ես թղթերը բաժանեցի բազմաթիվ կտորների, որոնց մի մասն ինձ վերցրի, իսկ մյուսը մեկնեցի նրան: Մենք ընթացքում խմում էինք ու ոչ ուտելիքով, ոչ հյութով չէինք մեղմացնում ալկոհոլի ազդեցությունը: Իմ տրամադրությունը քիչ-քիչ բարձրանում է, դառնում եմ ավելի զրուցասեր ու ազատ: Սովորական պայմաններում Պարոնի ներկայությունից շփոթվում եմ, բայց հիմա ինձ կարող եմ պահել այնպես, ինչպես սիրտս ուզում է, չէ որ, գործողն ալկոհոլն է, ոչ թե ես: Շուտով ամեն բան պատրաստ էր խաղի համար: Փոխանակվեցինք թղթերով ու սկսեցինք կարդալ իրար գրածները: Մենք, իհարկե, այնքան հարբած չենք, որ մոռանանք էթիկայի կանոնների մասին, հետևաբար խաղի բացումը ես եմ անում: Երբ ձեռքս տարա դեպի առաջս շարված թղթերից մեկը, Պարոնը մատներիս խփեց:

–Փակիր աչքերդ, նոր:

–Լավ, ոնց ասեք:

–Դե կարդա, մեջն ինչ է գրված?

–Ձեր ձայնի տոնն այնպիսին է, ասես բոլորի մեջ նույն բանն եք գրել, ու որն էլ ընտրեմ, հանվելու եմ,-ծիծաղեցի ես`հայացքս ճմրթված թղթից չհեռացնելով: Հետո մատներս մոտեցրի հագիս կարմիր բլուզի ծայրերին ու դանդաղ հանեցի: Մնացի վարդագույն ներքնազգեստով:

–Հիմա իմ հերթն է,-նա մի թուղթ վերցրեց:

Խաղի կանոններն այնպիսին են, որ չի կարելի բարձրաձայն կարդալ առաջադրանքը, միայն հարկավոր է լուռ կատարել: Պարոնը մոտեցավ ինձ ու գրկեց: Հաստատ հարբած է, թե չէ նման բան չէր անի: Անկախ ամեն ինչից չդիմադրեցի ու ձևացրի, որ ես էլ եմ ալկոհոլի ազդեցության տակ ու ոչինչ չեմ գիտակցում: Այդ պահին ուժեղ քամի փչեց ու բոլոր թղթերը ջուրը լցվեցին:

–Խաղն ավարտեց,-հառաչեցի ես`երկար նայելով նրանց ետևից:

–Իսկ մենք մեկ ուրիշը կսկսենք:

Նրա քիթն իմ պարանոցի վրա է, իսկ աչքերս փակվում են երանությունից: Մի կողմից ցավ եմ զգում`գիտակցելով, որ տեղի ունեցող ամբողջ քնքշության միակ պատճառը Պարոնի ոչ սթափ լինելն է, ու վաղը, երբ գինովությունն անցնի, էլի շարունակելու է ինձ իր երեխայի պես նայել, բայց, այնուամենայնիվ, դա չի բացառում հաճույքը, որ հոսում է երակներովս: Կրակը դեռ ճարճատում է մեզնից մի քիչ հեռու, իսկ սիրածս մարդու շնչառությանը գումարվում է ալիքների հանդարտ ձայնը: Եթե այսքան մեծ երջանկություն զգալու համար ալկոհոլ է հարկավոր, ուրեմն պատրաստ եմ ամբողջ կյանքում գինով լինել: Բավականաչափ սթափ եմ`գիտակցելու համար, որ ժամանակն է դադարեցնել այս ամենն ու ճամբար վերադառնալ, բայց էլի շարունակում եմ ինքնախաբեությամբ զբաղվել`ինքս ինձ համոզելով, որ կտրվել եմ իրականությունից ու ոչինչ չեմ հասկանում: Մենք նստած ենք ափին`տաք ավազների մեջ, մեջքս սեղմված է Պարոնի կրծքին, իսկ ափերս նրա մատներն են շոշափում: