Выбрать главу

–Գիտեք, Ձեր կարմիր բլուզն իրերիս մեջ է: Տանելու եմ հետս, հագնեմ ամեն գիշեր ու պատկերացնեմ, որ Դուք եք ինձ գրկում:

–Դեն նետիր, ավելորդ ցավ մի պատճառիր քեզ:

–Իսկ ոնց դեն նետեմ այն կարմիր բլուզը, որ մտքումս է?

Պարոնի մատները սահում են ոտքերիս վրայով, իսկ ես փակել եմ աչքերս ու պատկերացնում եմ, թե ինչպես է նրա ափերի տաքությունը մաշկիս մեջ թափանցում: Հետո նրա ձեռքերը գրկեցին մեջքս ու սկսեցին դանդաղ վերև բարձրանալ: Ես լարել եմ ականջներս, որ լսեմ այն մեղեդին, որ հյուսում են աշխարհի ամենասիրելի մատները մարմնիս վրա, ասես այն դաշնամուր լինի:

–Ինչ գեղեցիկ եք նվագում…

Նա լուռ է, որովհետև հասկանում է ինձ: Օդի մեջ տարածվում է սիրային երաժշտություն, որ լսելի է միայն երկուսիս: Վերնաշապիկն ուսերիցս ներքև սահեց: Մեր քունքերը հպվեցին, իսկ սրտերն իրար մոտեցան:

–Ոնց կարելի է տասնյոթ տարի ապրել աշխարհում`առանց իմանալու, որ գլխիդ մեջ էլ սիրտ ունես: Ես կյանքում առաջին անգամ եմ զգում, թե ինչպես են բաբախում քունքերս: Ինչու առաջ երբեք դրա վրա ուշադրություն չէի դարձրել?

–Մարդ կա`մի ամբողջ կյանք է ապրում` իր գոյությունն այդպես էլ չզգալով: Շուրջդ նայիր ու կտեսնես, որ մարդկանց մեծամասնությունը գտնվում է իր մարմնից կիլոմետրերով հեռու ու միևնույն ժամանակ սեփական գլխում:

Այդ պահին հայացքս պատահաբար ընկավ ժամացույցիս վրա:

–Աստված իմ, տասնհինգ րոպեից պիտի ինքնաթիռի մեջ լինեմ: Հավաքեք մազերս, մինչև զգեստս հագնեմ:

–Իսկ եթե մնաս?

*

Գրկել եմ նրան, իսկ արցունքները հեղեղի նման դուրս են թափվում աչքերիցս: Հրաժեշտը մահի է նման:

–Քեզ համար նվեր ունեմ:

Ես մի փոքր հեռվացա:

–Ուզում եմ մի րոպե ավելի Ձեր բույրը զգալ: Ինձ ուրիշ բան պետք չի:

Նա գրպանից փոքրիկ փաթեթ հանեց:

–Շրջվիր ու փակիր աչքերդ:

–Լավ:

Նրա մատները մի քանի ակնթարթ հպվեցին ուսերիս, իսկ հետո պարանոցս ծանրացավ: Թարթիչներս ակամա հեռացան իրարից ու հայացքս ներքև գցեցի:

–Ինչ գեղեցիկ է,-հիացած բացականչեցի ես`մատներս նրբորեն սահեցնելով փայլփլուն վզնոցի վրայով,-շնորհակալ եմ:

–Առողջ կրես,-ժպտաց նա ու համբուրեց ինձ:

Մենք նորից գրկախառնվեցինք: Արտաքին աշխարհի աղմուկի մեջ պարզ լսում եմ, թե ինչպես է սիրտս բաբախում: Քիթս ու շուրթերս թափանցել են Պարոնի վերնաշապիկի տակ, իսկ աչքերս հաճույքից փակվում են:

–Կտայի ունեցածս բոլոր զարդերը, շորերն ու թանկարժեք իրերը մի քանի րոպե ժամանակի դիմաց: Ինչու ամենակարևոր բաները չեն վաճառվում կյանքում? Անզոր եմ զգում մեր հրաժեշտի անխուսափելիության առաջ:

–Մարդն ինքն է հորինում այն ցավը, որի մեջ ապրում է: Դու նույնիսկ մոտավոր չես կարող պատկերացնել, թե ինչ է նշանակում իսկապես անզոր լինել: Հա, դու ճիշտ հասկացար ինձ. ես քո մահը ի նկատի ունեմ: Անխուսափելին ոչ թե մեր, այլ քո ու կյանքի հրաժեշտն է, որն ավելի դաժան է լինելու, որովհետև տեղի է ունենալու ամենից անսպասելի`առանց գրկախառնությունների, համբույրների ու նվերների: Այդ ժամանակ արդեն մի լավ կխղճաս քեզ ու կունենաս դրա իրավունքը, որովհետև դու չես լինի ընտրողը`մեռնել թե չէ: Կարող ես վերցնել ճամպրուկդ ու ինձ հետ քաղաք վերադառնալ, բայց գնալ ես ընտրել: Նշանակում է` դա ավելի կարևոր է քեզ համար: Ուրեմն էլ ինչու ես քեզ այնպես պահում, ասես հանգամանքների գերին ես? Սեփական որոշումներդ հարգել սովորիր ու համակերպվիր հետևանքների հետ, որովհետև դրանք էլ ես դու ընտրել: Ցանկացած ընտրություն մետաղադրամի է նման: Հնարավոր չի միաժամանակ երկու երեսն էլ տեսնել, ու դա դեռ ոչ մեկի մոտ բողոք չի առաջացրել, որովհետև տրամաբանական է: Ուզում ես համ ինձ գրկել, համ երազանքդ, բայց այդպես լինել չի կարող, որովհետև ես չկամ երազանքիդ մեջ: Դու սիրում ես ինձ, բայց ես պետք չեմ քեզ: Միշտ հիշիր, որ ներսումդ կա մի բան, որ սրտիցդ ու բանականությունիցդ էլ լավ գիտի, թե ինչի կարիք ունես…հոգին է դա: Մի օր կհասկանաս, որ ենթագիտակցորեն միշտ էլ նրա պահանջներին համապատասխան ես ապրել…ու շարունակում ես ապրել: Հակառակ դեպքում կողքիս կմնայիր:

Պարոնը հազիվ էր խոսքն ավարտել, երբ սպասասրահում կանացի բարձր ձայն տարածվեց:

–Հարգելի ուղևորներ, ներկա պահին տարվում է արտահերթ ստուգում տեռորիստների հարձակումից ապահով լինելու նպատակով: Փարիզ-Նյու Հեյվեն չվերթը չորս ժամով հետաձգվում է:

Ես մի պահ չհասկացա, թե ինչ է շուրջս կատարվում, բայց հենց եկավ գիտակցությունը, որ ևս չորս ժամ սիրածս մարդու հետ եմ անցկացնելու, սկսեցի օդանավակայանի մի ծայրից մյուսը վազել խելագարի նման ու գրկել տեսադաշտումս հայտնված բոլոր անծանոթներին: Պարոնը, քթի տակ ժպտալով, մոտեցավ ինձ ու կրծքին սեղմեց:

–Այն սերը, որ տրված էր մեզ ամբողջ կյանքի համար, պիտի հասցնենք ապրել մի քանի ժամում: Լավ գաղափար ունեմ, գնանք:

*

Մենք էլի նույն ինքնաթիռի մոտ ենք:

–Լիլի, գոնե հասկանում ես, թե ինչ կլինի, եթե անենք դա?

–Իսկ Դուք գոնե հասկանում եք, թե ինչ կլինի,եթե մեռնենք`առանց դա անելու?

–Քեզ նման խելագարներն, իրոք որ, չպիտի ամուսնանան:

Ես փաթաթվեցի նրան ու համբուրեցի ձեռքը: