–Խնդրում եմ…ախր, ռոմանտիկ կլինի:
–Իհարկե, իսկ վերջում մեզ ոստիկանատուն կտանեն:
Նա մի քանի րոպե լուռ զննեց ինքնաթիռի ձախ թևը, հետո անսպասելի սկսեց մագլցել դեպի այն: Ինձ հիացնում է նրա ճարպկությունը:
–Տուր քաղցրավենիքն ու սուրճը:
Երբ մեր իրերը վերևում էին, Պարոնը կռացավ ու մատներիցս բռնելով`դեպի իրեն ձգեց: Մի կերպ բարձրացա ու ազատ շունչ քաշեցի: Մեր գլխավերևում աստղազարդ երկինքն է: Ճամպրուկիս միջից տաք ծածկոց հանեցի ու նստեցինք սուրճ խմելու:
–Մոռացանք պաղպաղակ գնել,-հառաչեցի ես:
Պատասխանի փոխարեն նա այտիս տորթի կրեմ քսեց, իսկ ես, առիթն օգտագործելով, տեղավորվեցի նրա ծնկներին ու բռնեցի ձեռքերը, որ չկարողանա փախչել:
–Չանես,-ծիծաղի միջից խնդրում է նա`փորձելով ազատվել գրկիցս:
–Մի խանգարեք, արվեստ եմ ստեղծում:
Ես քաղցր կրեմի հաստ շերտ լղոզեցի նրա այտին ու սրտի ձև տվեցի: Հետո վրան ելակ ու մոշ շարեցի: Պարոնը համակերպվել է իր բախտի հետ ու լուռ ժպտում է:
–Ափսոս`սերուցք ու շոկոլադի փոշի չունենք, թե չէ ավելի համեղ կստացվեր: Քաղցրավենիքս կոչվում է «մրգային Պարոն»:
Ես ձգվեցի դեպի պայուսակս, որը մեզնից քիչ հեռու էր դրված, ու հանեցի ֆոտոապարատը:
–Թույլ տվեք Ձեր աչքերին արտահայտել այն, ինչ զգում եք այս պահին: Դուք այնքան գեղեցիկ եք, երբ անկեղծ եք: Աշխարհին պակասում են նկարները, որոցում իրական զգացմունքներ կան, այլ ոչ թե դեմքի արհեստականորեն ձգված մկաններ, որ փորձում են ժպիտ ստեղծել: Կուզեի տեսնել կադրեր, որտեղ մարդիկ զայրույթ, անզորություն, տխրություն, շփոթմունք են զգում: Չէ որ, թեկուզ ոչ այնքան հաճելի, բայց հույզեր են դրանք, որոնք չի կարելի արժեզրկել: Ժպտացող ու ուժեղ դիմակների մեջ ես դադարել եմ հասկանալ, թե ինչ է կատարվում դիմացինի հոգում.արդյոք նա էլ ունակ է ցավ զգալ ինձ պես, թե մենակ եմ մնացել ամբողջ աշխարհում: Նկարը հենց նրա համար է, որ նայես ու վերապրես անցյալում թողածդ վայրկյանը, հետևաբար պիտի կենդանի ու անկեղծ լինի, պահի ամեն կնճիռը, որ գոյացել է ճակատիդ հուսահատության պահին, ամեն արցունքը, որ սիրտդ սահեցրել է այտիդ վրայով, երբ անզոր է եղել: Դրանք անկրկնելի և եզակի ակնթարթներ են, որոնք այնքան շատ են իրական կյանքում ու միևնույն ժամանակ այնքան հազվադեպ`նկարների մեջ: Եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Ուզում եմ արածս կադրերը թեկուզ տասը տարի հետո փոխանցեն այն պահը, որ վայելում ենք հիմա:
Պարոնն ուշադիր ինձ է նայում ու դադարել է գիտակցել, որ անմահացնում եմ իրեն:
–Քաղցրավենիքդ մնաց,-ժպտաց նա ու ֆոտոապարատը խլեց ձեռքիցս:
Խոնարհվեցի դեպի նրա այտն ու ելակը շուրթերիս մեջ առա: Հետո մոշը կերա ու սկսեցի կրեմը լպստել:
–Պաշտում եմ Ձեզ: Դուք իմ հանդիպած ամենայուրահատուկ մարդն եք: Ու ամենահամով: Լավագույն ընկերուհուս չհաշված:
–Գնահատեցի անկեղծությունդ,-ծիծաղեց նա:
–Այսքան ժամանակ նկարում էիք մեզ?
–Հա…
–Տվեք` նայեմ:
Ես, ժպիտը դեմքիս, թերթում եմ նկարները, իսկ Պարոնը թաց անձեռոցիկով կրեմի մնացորդներն է մաքրում երեսից:
–Դեռ ժամանակ կունենաս դրանք նայելու, ինձ մոտ արի:
Ֆոտոապարատն ակամա մի կողմ դրեցի ու դեմքս նրա դեմքին մոտեցնելով`մատներով շոյեցի այտերը:
–Երբեք չես կարող ասել, թե ինչքան ժամանակ ունես:
–Դու շատ երիտասարդ ես, ու կյանքը դեռ առջևում է:
Իմ ոտնաթաթերը սահում են նրա ոտքերի վրայով, իսկ մատներս արձակում են կարմիր վերնաշապիկի կոճակները: Մեր շուրջ կատարյալ մթություն է, միայն աստղերի ու կիսատ լուսնի լույսն է թույլ տալիս, որ իրար տեսնենք:
–Մրսում եմ…
Պարոնը տաք ծածկոցը գցեց մեջքիս: Հետո ափերը հպեց ոտքերիս ու դանդաղ բարձրացրեց զգեստս: Սկզբում տաքություն զգացի, հետո մաշկիս վրա դողի հատիկներ հայտնվեցին, որոնք թե հաճույքի, թե ցրտի հետևանք էին: Իմ երկար, ալիքաձև մազերը հավաքվեցին նրա բռի մեջ, իսկ շուրթերս սկսեցին թափառել հետզհետե մերկացող մարմնի վրա ու հասնելով բերանի անկյուններին`ինքնամոռաց համբուրեցին: Ներսումս էլի այնպիսի զգացում է, ասես հասարակ տղամարդկային բույրի փոխարեն թմրանյութ եմ կլանում: Գիտակցությունս գնալով պոկվում է երկրի մակերևույթից ու երկինք սլանում: Մի պահ գլուխս ետ քաշեցի, բացեցի աչքերս, որ իրականություն վերադառնամ, հիշեմ, թե որտեղ եմ, ում հետ, և ինչ է շուրջս կատարվում: Մենք ամբողջովին մերկ ենք, փաթաթված տաք ծածկոցի մեջ ու մարմիններով սեղմված իրար: Պարոնի մատները բաց թողեցին մազերս, ու նրանք դանդաղ թափվեցին ուսերիս վրա: Նորից փակեցի կոպերս`թարթիչներիս տակ թաքցնելով անկրկնելի պահը:
–Այն, ինչ տեղի է ունենում մեր միջև, պարզապես սեր չի, այլ արվեստ: Ես Ձեզ միշտ հավատարիմ կմնամ.և մարմնով, և հոգով:
–Կյանքում մի անգամ չեն սիրում: Երիտասարդ ես դեռ, շատ բաներ այլ կերպ ես տեսնում:
–Եթե այդպես է, ուրեմն չեմ ուզում մեծանալ:
Ես հագա զգեստս, քայլեցի դեպի ինքնաթիռի թևի ծայրն ու պառկելով ամենանեղ մասում`աչքերս փակեցի: Եթե հանկարծ քնեմ կամ մի անզգույշ շարժում անեմ, ներքև կընկնեմ: Սիրտս ցավում է հակասական զգացմունքներից: Խանդ եմ զգում` գիտակցելով, որ Պարոնի կյանքում ինձանից բացի ուրիշ կանայք էլ են եղել, բայց միևնույն ժամանակ այդ փաստն այնքան ցանկալի է դարձնում նրան իմ աչքում: Բանականությամբ հասկանում եմ, որ դա անհեթեթություն է, բայց բնազդաբար տրամաբանական եմ համարում, որովհետև մարդիկ միշտ էլ ձգվում են դեպի նա, ով պահանջված է ու բացի իրենցից շատերին է պետք: