Выбрать главу

–Հիշում եք`մի անգամ ասացիք` բաժանումը միշտ էլ ցավոտ է, բայց ավելի լավ է ցավեցնել նրան, ով քեզ սիրում է մի ամիս, քան նրան, ով մի տարի է, ինչ սիրում է:

Նա բաց թողեց շուրթերս, ու դեմքը հեռացրեց ինձնից: Մատները տարավ գրպանն ու միջից ինչ-որ փայլուն թուղթ հանեց: Ես միանգամից ճանաչեցի հրավիրատոմսը:

–Վերցրու, Լիլի: Այդպես երկուսիս համար էլ լավ կլինի:

–Իսկ երբ կհանդիպենք?

–Երբ դադարենք սիրել իրար…

–Երբեք?

–Երևի…

*

Մենք ամբողջ ուժով դեպի օդանավակայան ենք վազում: Պայուսակս ու ճամպրուկս Պարոնի ձեռքում են, իսկ ես, բարձրակրունկներս բռնած, մի կերպ հասնում եմ նրա ետևից: Ախր, ոնց կարող էի չնկատել, որ ժամացույցիս սլաքը կանգ է առել: Եթե տասը րոպեից սպասասրահում չլինեմ, կորած եմ:

*

–Օրիորդ, կես րոպե ժամանակ ունեք,-լսվեց ուղեկցորդուհու ձայնը:

Ես համբուրեցի Պարոնի շուրթերն ու ճամպրուկս վերցնելով`վազելով օդանավ բարձրացա:

–Լիլի, սպասիր,-ետևիցս կանչեց նա:

–Օրիորդ, արագացրեք, խնդրում եմ,-կրկնեց ուղեկցորդուհին:

Ուզում էի շրջվել, բայց հարկավոր էր շտապել: Վերջապես ներս մտա ու մի քանի րոպե շունչ քաշելուց հետո նստեցի ինձ հատկացված տեղում`պատուհանի մոտ: Երբ հայացքս ներքև գցեցի, ոտքերս թուլացան.Պարոնն ինձ էր նայում ներողամիտ ժպիտով, իսկ ուսին` պայուսակս էր, որի մեջ թողել էի օրագիրս, ֆոտոապարատս, հեռախոսս ու էլի որոշ բաներ:

Ես հասցրել էի բոլոր գրառումներս թղթից տեղափոխել օնլայն փաստաթղթի մեջ, իսկ նոթբուքս, բարեբախտաբար, մոտս է մնացել:

Սիրելի օրագիր, օգտվելով առիթից, որ դեռ գետնից չենք պոկվել, ու կապը չի կորել, վերջին էջդ եմ գրում: Ինձ համար շատ դժվար է քո մասին խոսել որպես անշունչ առարկայի, որովհետև դու ավելի շատ ես կողքիս եղել, քան ցանկացած շնչավոր էակ: Կպահեմ քեզ սրտիս ամենատաք անկյունում`որպես վկայություն այն փոքրիկ աղջկա, որ մեռավ իմ մեջ:

Երեկոյան, երբ տեղ հասնեմ, վառ, շքեղ, գեղեցիկ կազմով նոթատետր եմ գնելու ու փորձեմ կյանքս մաքուր էջից սկսել: Նոր միջավայրում հայտնվելը հիանալի հնարավորություն է`դառնալու նա, ով միշտ երազել եմ լինել, իսկ մինչ այդ պարզապես ուզում եմ ամփոփել, թե ինչ եմ հասկացել կյանքի մասին տասնյոթ տարվա ընթացքում.

★ 

Աշխարհում արդարություն ու հավասարություն գոյություն չունի: Որոշ մարդիկ ծնված օրվանից ամեն ինչ ունեն`փող, գրավիչ արտաքին, առողջություն, իսկ ոմանք էլ ստիպված են զրոյից բարձրանալ`հաջողության դիմաց որոշակի գին վճարելով:

★ 

Ինքնասպանությամբ ոչ ոքի չես պատժի: Անկախ ապրածդ կյանքից, մահից հետո քո մասին կխոսեն ընդամենը մի օր, իսկ հետո աստիճանաբար կմոռանան:

★ 

Բնությունը մարդուն էգոիստ է ստեղծել, որովհետև գոյության պայքարում չոչնչանալու համար անհրաժեշտ է մտածել առաջնահերթ սեփական անձի մասին:

★ 

Կ

յանքն ապրելու ունիվերսալ բանաձև չկա, որը բոլոր մարդկանց դեպքում հաջողությամբ աշխատի, ու դրա պատճառն այն է, որ ամենքի կենսափորձն առանձնահատուկ է:

★ 

Լինես տասնյոթ տարեկան թե ութսուն, այդպես էլ ոչինչ հասկացած չես լինելու կյանքից, որովհետև ոչ մի տարիքում չես իմանա, թե որն է ապրելուդ իրական իմաստը, ինչ առաքելությամբ ես մոլորակ եկել, ինչ է քեզ սպասվում մահից հետո ու արդյոք դու ես տնօրինում ճակատագիրդ: Այդքանով հանդերձ, եթե նույնիսկ աշխարհը փորձադաշտ է, որում մուկ ես ընդամենը, պիտի անես առավելագույնը, ինչ քեզնից կախված է, որ ապրածդ կյանքը սրտովդ լինի:

Այտս սեղմեցի ապակուն ու ազատություն տվեցի արցունքներիս: Պարոնը դեռ չի հեռացել ու տխուր հայացքով ինձ է նայում: Արագ սրբեցի աչքերս ու սկսեցի օդային համբույրներ ուղարկել նրան:

–Միշտ կսիրեմ Ձեզ,-շուրթերս ապակուն հպելով`շշնջացի ես,-ոչինչ, որ չեք լսում, սերը սրտով է զգալ պետք, իսկ Ձեր սիրտն այստեղ է`հետս:

Ամբողջ դեմքս ու վիզս արցունքների մեջ են, իսկ մարմինս ցնցվում է անկախ ինձնից:

–Հարգելի ուղևորներ, տեղեկացնում ենք կանոնների մասին, որոնց անհրաժեշտ է հետևել թռիչքի ժամանակ…

Ես գրպանիցս հանեցի ականջակալներս, ու ուղեկցորդուհու ձայնն աստիճանաբար խլացավ: Անձեռոցիկով չորացրի լացից խոնավացած այտերս ու վերջին անգամ պատուհանից դուրս նայեցի: Լայն ժպտացի ու մատներս իրար մոտեցնելով`Պարոնին սրտի նշան ցույց տվեցի: Հետո կտրուկ ծածկեցի ապակին մուգ վարագույրով ու համոզեցի ինձ կենտրոնանալ ուրախ երաժշտության վրա: Ես նրանցից չեմ, ովքեր վատ հոգեվիճակում տխուր երգեր են լսում, որ իրենց ավելի խորը թաղեն բացասական զգացմունքների մեջ: Էլ նրանցից չեմ…

Ինքնաթիռը դանդաղ բարձրանում է, ու ես մտովի ցած եմ նետում անցյալի բեռը: Սրտանց ներում եմ մարդկանց, ովքեր երբևէ ցավ են պատճառել ինձ, ինչպես ներում եմ այն կրակին, որը պատահաբար այրեց մատս փոքր ժամանակ: Դրանում ոչ մեկի մեղավորությունը չկար: Ես երեխա էի, ով ոչինչ չգիտեր աշխարհի մասին, իսկ այրելը պարզապես կրակի հատկությունն էր: