Выбрать главу

Ընդունում եմ այն ամենն, ինչ 1999 թվականի մարտի 12-ից սկսած իմ կյանքում տեղի է ունեցել`երկիրը, քաղաքն ու փողոցը, որտեղ ծնվել եմ, ծնողներին, ովքեր ինձ կյանք են տվել, դպրոցները, որոնք հաճախել եմ, ընկերներին, տղամարդկանց, ում սիրել եմ: Հնարավոր չի ազատվել ցավից առանց այն վերապրելու: Կյանքը նոր էջից սկսելու համար պիտի կարողանամ անցյալից փախչելու փոխարեն ընդունել այն, որովհետև ես միայն դրական փորձով չի, որ Լիլին եմ: Եթե չլինեին բոլոր այն հիասթափությունները, անկումներն ու արցունքները, որոնց միջով անցա, չէի լինի նա, ով հիմա եմ: Ամեն ինչում էլ հնարավոր է լուսավոր կետ գտնել, այդ թվում նաև սեփական սխալների, բացասական կենսափորձի ու տանջանքի մեջ, որովհետև հայացք գցելով ապրածս ամբողջի կյանքի վրա` վստահորեն մի բան կարող եմ ասել` ոչինչ ինձ այնքան չի ստիպել հոգեպես ու մտավորապես աճել, ինչքան ուժեղ ցավը: Ես երախտագիտությամբ եմ լցված բոլոր նրանց հանդեպ, ովքեր ինձ երբևէ ցավ են պատճառել, որովհետև դրա շնորհիվ հնարավորություն են տվել կյանքն ու իմ անձն ավելի լավ ճանաչել:

Ի վերջո ձանձրալի կլիներ, եթե աշխարհ գայի հարյուր տարի անվերջ ծիծաղելու, հրճվելու, զվարճանալու ու ուրախանալու համար`այդպես էլ չիմանալով, թե ինչ է լացը, անզորությունն ու տխրությունը: Ես սիրում եմ ինձ` այդքան տարբեր, երբեմն իրար հակասող զգացմունքներ ունենալու կարողության համար:

Ինքնաթիռը դանդաղ բարձրանում է, ու ես մտովի ցած եմ նետում անցյալի բեռը: Բառերը, որ չէի ուզի լսել, բառերը, որ այդպես էլ չկարողացա ասել, դադարում են սեղմել կոկորդս, մարդիկ, ովքեր ինձ ցավ են պատճառել, մարդիկ, ում ես եմ ցավեցրել, դուրս են գալիս հիշողությունիցս, ուղեղիս ծալքերի արանքներից ու օդապարիկներով անվտանգ իջնում ներքև: Իմ մեջ մեռել է առաջվա եսը, ու ես նրան էլ եմ ցած նետում…

Բարի գալուստ նոր ու երջանիկ կյանք:

-–

Պարոնն անհանգիստ անցուդարձ է անում սպասասրահում: Նրա ներսում այնպիսի զգացում է, ասես օդի միջով է քայլում: Թույլ չի տալիս իրեն հուսահատության գիրկն ընկնել, բայց չի էլ երազում. վախենում է հիասթափվել, դրա համար մնացել է չեզոք մի կետում, որ կոչվում է անորոշություն: Կնախընտրեր այլևս երբեք չտեսնել Լիլիին, չնայել տխրության միջից ժպտացող նրա աչքերին, չլսել նրա ձայնը, փիլիսոփայությունները, լացը, չտաքացնել նրա մշտապես սառը մատներն իր ափի մեջ, չզգալ, թե ինչ է նշանակում յուրահատուկ լինել, միայն թե իմանար, որ աշխարհում ինչ-որ մի տեղ նա գոյություն ունի…

Հանկարծ օդանավակայանում իրարանցում սկսվեց: Պարոնը հասկացավ, որ փրկվածներին բերող ինքնաթիռն արդեն ժամանել է: Նրա սիրտը սկսեց սովորականից մի քանի անգամ արագ բաբախել: Րոպեները, որ առանձնացնում էին իրեն Լիլիից, հավերժություն էին թվում:

Մոտ կես ժամից մուտքի դռան մոտ աղմուկ լսվեց: Հարյուրից ավելի մարդիկ ներս խուժեցին: Բոլորի դեմքերն այլանդակվել էին այրվածքներից ու պատվել էին վերքերով, որոնք սարսափ էին ազդում: Մի կին բարձրաձայն ողբում էր, որովհետև կորցրել էր իր մանկահասակ որդուն կրակի ճիրաններում: Պարոնը ոչ մի կերպ չէր կարողանում որսալ Լիլիի հայացքը, միթե նա այնքան փոխվել է, որ անճանաչելի է դարձել? Ուշադիր զննեց բոլոր եկածներին, բայց ապարդյուն: Նա ցավ չէր զգում, անզգայացել էր կարծես: Ճակատագրական պահերին մարդը մի տեսակ քարանում է, երևի որ չխելագարվի: Նա, ճարը կտրած, մեջը ուժ գտավ բացելու փրկվածների ցուցակն ու բախվելու իրականության հետ: Կարող էր դա անել նաև մինչև օդանավակայան գալը`տանը նստած, բայց մեծ էր վախը, որ ճշմարտությունը միանգամից կսպանի իրեն: Սկսեց ուշադիր, դանդաղ ընթերցել կենդանի մնացածների անուն-ազգանունները: Կարդաց ավելի քան երեսուն անգամ, բայց այդպես էլ չգտավ Լիլիին…

Ինն ամիս անց

Պարոնը նստել է դպրոցի տանիքին ու մատների մեջ շոշափում է Լիլիի օրագիրը, որը լույս է տեսել իր շնորհիվ: Բարեբախտաբար, բոլոր գրառումները, ներառյալ վերջինները, որ արվել էին թռիչքից րոպեներ առաջ, պահպանվել էին նաև հեռախոսի մեջ, որն իր մոտ էր մնացել: Նա հոտ է քաշում թղթից`փորձելով զգալ բույրը այն աղջկա, ով աշխարհում ամենից շատ քաղցրավենիք էր սիրում, բայց սրտով դառնացած էր: Պարոնը հանկարծ հիշեց, որ միասին անցկացրած վերջին ժամերի ընթացքում Լիլին ոչ մի անգամ չէր խոսել ինքնասպանության մասին: Միթե սկսել էր սիրել կյանքը? Մի մարդու մահը շատ բան է փոխում աշխարհում, որովհետև յուրաքանչյուրը, ում բախտ է վիճակվել ապրել, կարող է ստեղծել, հորինել, հայտնագործել այնպիսի մի բան, որն առաջ կտանի մարդկությանը: Ամեն հաջորդ սերունդ ավելի գիտակից է նախորդից, որովհետև հնարավորություն ունի վերլուծել, հաշվի առնել ու չկրկնել սխալները, որ իրենից առաջ արվել են:

Կյանքում ամենից կարևորն այն է, որ ժամանակին հիշես, թե ինչքան անցողիկ է ամեն բան: Մարդը պիտի հաճույք ստանա ամեն զգացմունքից, որ ունենում է` լինի հրճվանք թե տխրություն, զայրույթ թե ուրախություն, սեր թե ատելություն, որովհետև դա էլ է ժամանակավոր:

Ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվել իր հետ ծնվելուց առաջ, ու ինչ է սպասվում մահից հետո: Դրա մասին շատ գրքեր են գրվել, բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել տաղանդավոր ու խելացի մարդկանց կողմից, բայց բոլորն էլ ենթադրություններ են ընդամենը, անձնական կարծիքներ, որոնք կարող են առաջին հայացքից շատ էլ խորիմաստ ու իրականությանը մոտ թվալ: Հարկավոր է ուսումնասիրել դրանք, բայց իմաստ չունի ընդունել որպես բացարձակ ճշմարտություն: Անհրաժեշտ է ինքնուրույն փորձել գտնել ճշմարտությունը, իսկ դրա համար պարզապես ապրել է պետք ու կյանքին նայել ոչ թե զոհի, այլ արկածախնդրի աչքերով: