Выбрать главу

Կա հավանականություն, որ մահը վերջ է դնում ամեն տեսակ գոյության`թե հոգևոր, թե ֆիզիկական, հավերժական քուն ես մտնում`պարզապես առանց երազներ տեսնելու հնարավորության: Ոչ ոք քեզ չի զայրացնում, չի դավաճանում, չի արհամարհում, միայն մի թերություն կա`փտում ես…

Չի բացառվում նաև, որ մահը սկիզբ է նոր կյանքի, ուղղակի ուրիշ մարմնում: Կամ նույն մարմնում`ուրիշ ժամանակաշրջանի մեջ:

Ախր, այնքան հնարավոր տարբերակներ կան: Դժբախտաբար, կամ միգուցե բարեբախտաբար, երբեք էլ չես իմանա, թե նրանցից որն է համապատասխանում իրականությանը: Դրա համար նվազագույնը պետք է հիշել, թե ով ես եղել ծնվելուց առաջ կամ գոնե մի անգամ լինել հանդերձյալ աշխարհում, եթե, իհարկե, այն կա:

Երևի չարժի խաղալ սեփական կյանքի հետ, քանի դեռ հնարավորություն ունես ընտրելու`շնչել թե չէ: Մարդ արարածը հազարամյակների ընթացքում կարողացել է որոշ չափով ճանաչել ինքն իրեն, բայց միևնույն է`դեռևս չնչին գիտելիքներ ունի, որ ռիսկի գնա: Շատ հնարավոր է` այն ցավերը, անհաջողությունները, դժբախտությունները, որ ունենում ենք կյանքի ընթացքում, ասեղի ծակոցի են համազոր, իսկ մահից հետո դանակի ուժգին հարված է սպասվում: Ինչ իմանաս…

Պարոնը հանեց Լիլիի պայուսակից ֆոտոապարատը, սկսեց թերթել նկարները: Նա միաժամանակ քաղցրավենիք էր ուտում ու սուրճ խմում: Հանկարծ նկատեց կադրերը, որոնք Լիլին արել էր այն ժամանակ, երբ ինքը մերկ լոգանք էր ընդունում: Եթե տեսներ դրանք նրա մահից առաջ, սաստիկ կզայրանար ու կստիպեր անհապաղ ջնջել, բայց հիմա ծիծաղում է: Ի վերջո կյանքում ոչինչ այնքան նշանակալի չէ, ինչքան պատկերացնում ենք, բայց այդքանով հանդերձ այնքան անիմաստ էլ չէ, ինչքան թվում է երբեմն: Նա թերթելով հասավ այն նկարներին, որ արել էին թռիչքի օրը: Ոչ մի տեղ Լիլին այնքան լայն չի ժպտում, որքան իր կողքին: Պարոնի այտերին արցունքի կաթիլներ հայտնվեցին: Ֆոտոապարատը, հեռախոսն ու մյուս իրերը տեղավորեց պայուսակի մեջ ու իջավ տանիքից, որ միանա հարյուրավոր այն մարդկանց, ովքեր դպրոց էին եկել գրքի շնորհանդեսին…