2011 թվական, օգոստոսի 13
Ընդունվել եմ Ֆրանսիայի լավագույն դպրոցներից մեկը: Ստիպված եղա երեք քննություն հանձնել`ֆրանսերենի, անգլերենի ու մաթեմատիկայի: Մրցակցությունն այնքան էլ մեծ չէր, ինչպես սովորաբար լինում է, թե չէ ստացածս միավորներով հաստատ չէի ընդունվի`այն էլ անվճար: Բոլոր դիմորդներն էին ինձ պես վատ գրել, լսել եմ, որ այս տարվա առաջադրանքները շատ բարդ էին անցած տարիների համեմատ: Բոլոր քննություններին լացելով եմ գնացել, վախենում էի ձախողել ու ծաղրի առարկա դառնալ: Կարևորն այն է, որ ընդունվեցի, ու արցունքներս, անքուն գիշերներս, վախերս մնացին անցյալում: Սեպտեմբերից նոր միջավայրում եմ հայտնվելու, որտեղ ինձ ոչ ոք չի ճանաչում, իսկ դա նշանակում է, որ կարող եմ լինել ցանկացածը:
Նախկին դպրոցս ինձ համար ստեղծել էր անհաջողակ, թույլ ու տհաս մարդու կերպար: Եթե ես փորձեի ինձ պահել ուրիշ ձևով, միայն ծիծաղ կառաջացնեի`նախ և առաջ ինքս ինձ մոտ, որովհետև բոլորը, այդ թվում նաև ես, արդեն սովորել էին, որ Լիլին լացկան, թույլ, անպաշտպան, վիրավորանքը կուլ տվող աղջիկ է:
Եթե նոր դպրոցում ինձ տևական ժամանակ պահեմ այնպես, ինչպես հաջողակ, ուժեղ, խելացի աղջիկը կպահեր, մարդիկ կսկսեն հավատալ իմ ստեղծած կերպարին ու ինձ էլ կհավատացնեն, որ այդպիսին եմ, իսկ ես իսկապես հաջողակ կլինեմ միայն այն ժամանակ, երբ կարողանամ ինձ հավատալ: Դա անասելի դժվար է. գլխիցս դուրս չեն գալիս ֆիզիկայիս նախկին ուսուցչի բառերը, որ իմ տեղը մտավոր հետամնացների դպրոցում է: Գիտակցաբար հասկանում եմ, որ նրա ասածը անհեթեթություն է, հակառակ դեպքում չէի կարողանա Ֆրանսիայի լավագույն դպրոցներից մեկն ընդունվել, բայց միևնույն է`այդ խոսքերը ենթագիտակցությանս մեջ դաջված են դեռ ու ցավ են պատճառում ինձ, թե չէ ինչու պետք է հերթական անգամ գրեի դրա մասին ու հիշատակեի: Ես պիտի մոռանամ, թե ով եմ եղել անցյալում ու ստեղծեմ իմ մեջ նրան, ով ուզում եմ լինել: Դեմքիս հաստ, կոշտ, պողպատե դիմակ կհագցնեմ, ու ինձ էլ ոչ ոք չի կարողանա ցավեցնել: Եթե մարդկանց տրամադրեմ, որ սառը, անտարբեր, դասից բացի ուրիշ հետաքրքրություն չունեցող, անզգացմունք աղջիկ եմ, ոչ մեկը չի էլ փորձի զգացմունքներիս հետ խաղալ, որովհետև հավատացած կլինի, որ ինձ մոտ դրանք բացակայում են: Մարդիկ չեն սիրի ինձ, բայց չեն էլ ցավեցնի:
2011 թվական, օգոստոսի 31
Այն օրվանից հետո, երբ Ֆրանկը պատռեց օրագիրս ու ծաղրեց ինձ, էլ չեմ կարողանում գրել: Առաջ պաշտում էի շարածս ամեն տառը, ամեն արցունքը, որ կաթում էր թղթիս, ամեն մասնիկը, որ շեղվում էր տողից, երբ մատներս դողում էին ցավից, իսկ հիմա մտքերս, զգացմունքներս սկսել են ինձ հիմարություն թվալ: Որոշել եմ թողնել ստեղծագործելը, ինձնից երևի գրող դուրս չի գա…
2016 թվական, մարտի 12
Թանկագին օրագիր, այսօր դարձա տասնյոթ տարեկան: Ցուցամատս սահում է էջիդ վրայով ու սրբում տարիների փոշին: Երևի կհարցնես, թե ինչը ինձ ստիպեց գրիչը նորից ձեռքս վերցնել:
Մարդու կյանքում կատարվող ցանկացած շրջադարձ կամ ցավի հետևանք է, կամ` սիրո: Ես, կարծես թե, սիրահարվել եմ…
2016 թվական, մարտի 14
Նոր դպրոցս շատ հետաքրքիր կառուցվածք ունի. բազմաթիվ փոքրիկ շենքերից է բաղկացած`մեկում մաթեմատիկա սովորելու ենք գնում, մյուսում`նկարչություն, երրորդում`պատմություն և այդպես շարունակ:
Առավոտյան ժամը յոթին արթնանում եմ, նախաճաշում, պատրաստվում ու դուրս գալիս տնից: Դպրոցի ավտոբուսներից մեկը նշանակված ժամին գալիս է իմ ետևից ու դասի տանում: Ամեն դասաժամ տևում է իննսուն րոպե, որի ընթացքում իրավուն ունենք հինգ րոպե հանգստանալ: Միակ երկար դասամիջոցը ձգվում է քսան րոպե: Դասերն ավարտվում են ժամը երեքին, բայց ես համարյա միշտ երկարօրյա եմ մնում: Նախ գնում եմ ճաշարան, ինչ-որ բան ուտում, հետո վազում եմ ֆիզիկայի շենք: Այնտեղ հերթապահ ուսուցիչ կա, ով ինձ օգնում է խնդիրներ լուծել ու նորից բացատրում է դասը, եթե այն չեմ հասկացել: Իհարկե, երբեմն զգում եմ, որ նրա վրա տհասի տպավորություն եմ թողնում, որովհետև հիմար հարցեր եմ տալիս անընդհատ, չեմ կարողանում հասարակ բաներն ընկալել, բայց այդքանով հանդերձ ինձ սիրում է ու համբերատար հազար անգամ բացատրում նույն բանը: Եթե ժամանակ է մնում, մաթեմատիկայի շենք էլ եմ մտնում, ավելի հազվադեպ`քիմիայի: Ինձ շատ մեծ դժվարությամբ են այդ առարկաները տրվում, ու երեք տարի պահանջվեց, որ գնահատականներս երեքից հասցնեմ հինգի: Փոխարենը հեշտությամբ ու հաճույքով սովորում եմ գրականությունը, պատմությունը, աշխարհագրությունը, կենսաբանությունն ու մյուս պատմողական առարկաները: Կարդալիս էջերը ֆոտոների պես տպվում են հիշողությանս մեջ, ու երբ գրատախտակի մոտ եմ հայտնվում, օդի մեջ տեսնում եմ այն, ինչ ընթերցել եմ: Բնագիտություն սովորելիս հիշողությունս օգնում է նրանով, որ նույնիսկ ամենախճճված բանաձևերը կարողանում եմ անգիր անել ու գրավորներին հսկայական ժամանակ եմ խնայում, որովհետև նորմալ մարդիկ, ինչպիսին իմ դասարանցիներն են, միացնում են իրենց ուղեղն ու տրամաբանորեն ստանում բոլոր բանաձևերը: Ես դա ոչ առավելություն եմ համարում, ոչ` թերություն: Ամեն մարդ առանձնահատուկ է: Եթե մեկն ինձ համարձակվի ծաղրել տրամաբանությունս չօգտագործելու համար, ուրեմն ես իրավունք կունենամ ծիծաղել իր վրա, որ հիշողությունը չի զարգացնում: Ամեն դեպքում ես իմ դասարանցիներից ոչ մի վատ բան չեմ սպասում, նրանք բավականին գիտակից մարդիկ են: