Փոփոխական այս աշխարհում անցավոր է ամեն բան. սանդուղքն ի վեր, սանդուղքն ի վար՝ անց է կենում կյանքը մեր։ Երեկ՝ հարուստ, հարգ ու պատիվ՝ խնկարկում էր ազգուտակ, այսօր՝ աղքատ, ուղեկիցդ՝ մտքերըդ են տվայտալի, իսկ ընկերդ՝ անհուսալի հույսը վաղվա փուչ օրվան։
Հրապուրված սին ու շողոմ, սուտ խոսքերով, տունս արած քարվանսարա, ոտի կոխան ամենքի՝ չհասկացա մի անողորմ ու ցավագին իրողություն. մարդիկ, եղու՜կ, հիշում են քեզ, երբ որ իրենց պետք ես միայն:
Այդպես էլ կար, Տերը վկա, այդպես էլ կար` դժվար օրիս մեկը չկար:
Ինչ կորցրել՝ չեմ որոնում, միևնույն է, էլ չեմ գտնի:Կյանք ասածը դա է,որ կա՝ մեկը ողբում կորուստը իր, մյուսն` հրճվում իր գտածով:
Անցածն անցավ, անդարձ անցավ, ինչ որ պիտի վաղը լինի՝ թող որ լինի, ո՞վ կասի, թե վաղվա օրն ինչ կլինի, ունեցածով մխիթարվենք ու չընկճվենք որպես մի զոհ. չունևորի մորմոքումով՝ ունևորը հրճվում է գոհ։
Օրը մթնում, անց է կենում, մութ գիշերվան՝ վաղվա լույսն է հաջորդելու, բախտդ թե սև՝ մի վհատվիր, սևից հետո ճերմակ կգա։ Ամենացուրտ ձմռանն անգամ գարնան օրն է դիմավորում, ո՞վ է տեսել, որ ձմեռը հարատևի…
Փոփոխական այս աշխարհում անցավոր է ամեն բան. սանդուղքն ի վեր, սանդուղքն ի վար՝ անց է կենում կյանքը մեր …
ՈՒՇ Է…
Հուշե՜ր, հուշե՜ր, գիշեր ու շեր, շենշող հուշե՜ր, հին հուշերի մշուշներում նվաղ հնչյուն՝ ու՜շ է, ու՜շ է…
Կարծես երկար կյանք էր տրված՝ վայելելու իմ դիցանույշ գեղեցկուհու սերը վսեմ՝ բայց կյանքն ասես մի ակնթարթ՝ թռավ-անցավ, չհասկացա՝ ինչպե՞ս եկավ, ինչպե՞ս անցավ…
Հուշե՜ր, հուշե՜ր, ու հուշերի մշուշներում լուսաշղարշ մի լույս պատկեր կանչում է ինձ սև աչքերի մեղմ դյութանքով, որպեսզի ես նորից հառնեմ մոռացումից, գգվեմ նրան ինքնամոռաց, բույրը առնեմ ես կաթնահունց պարանոցի, հրափափուկ շուրթիկների համը զգամ ու վերստին տաք շշունջը լսեմ նրա՝ հավերժական սիրո մասին…
Հուշե՜ր, հուշե՜ր, գիշեր ու տիվ հուշեր անթիվ, անծայր հուշեր, նվաղուն ձայն երկնի ծերից՝ արդեն ու՜շ է, ու՜շ է…
ԿՌՈՒՆԿՆԵՐ
Կռունկներ իմ, կռունկնե՛ր, անկյունաշար չվերթով ու՞ր եք այդպես թևածում անծայրածիր երկնքով…
Կուռլու-կուռլու… թախծագորով կանչերով գնում եք տաք երկրներ: Ես էլ հավք եմ թևահատ՝ ետ մնացած երամից, ինձ էլ տարեք, ախ, ձեզ հետ, չմնամ այս ցրտերում:
Սիրտս երկիրն է ուզում մեր, ուր մեղմ հով կա շնկշնկան, կակաչազարդ հանդ ու սար, ջինջ գետակներ քչքչան, անտառները թավախիտ իրենց բույրն են ամբրոսում, լորն է կանչում քաղցրալուր դեղնագունած արտերում…
Կուռլու-կուռլու, կռունկներ, սիրուն հավքեր երկնային, իմ տարաբախտ սիրտն առած՝ հեռանում է ձայնը ձեր, իմ կարոտը գեթ տարեք, թե որ ձեր չուն՝ մեղմ տաղով, անց կենա մեր Արցախով …
ՆԶՈՎՔ
Աստված ստեղծեց երկինք ու երկիր, անծայրածիր էր
երկիրն, ամայի, և սև խավարն էր պատած ամենուր, և Աստծու ոգին լուռ թափառում էր ջրերի վրա:
Եվ Աստված ասաց՝ թող որ լույս լինի, և լույսը եղավ,
և նա գտավ, որ լույսը բարի է ու տարանջատեց լույսը խավարից, լույսը ցերեկն էր, խավարը՝ գիշեր: Եղավ երեկո, եղավ առավոտ, օրն էր առաջին:
Աստված ջրերը հավաքեց մի տեղ ու ծով կոչեց այն, ցամաքը՝ երկիր, հետո նա ծառ ու ծաղկունք արարեց, արև ու լուսին, հորդուն անձրևներ, գետեր