ԵՐԱՆԻ ԹԵ
Ղարաբաղն իմ սիրտն է հեռավոր, եզերքն իմ` այլևս անհաս, և հոգին իմ` վհատ ու նկուն, երբ իջնում է գիշերը լուսնկա, թափառում է քնած հանդերում ու մանկութ կածաններով նրա։
Դեղձան արտերն այնտեղ ծփուն օրորվում, ալիքվում են քամուց, շրջան կազմած` ծտերի երամն է անցնում հին կալերի վրայով, ծիրանագույն արևի մեջ տատրակն օդում կախվում, քարանում է անշարժ, լորի գեղգեղանքն է ծորում ծաղկանախշ դաշտերում։
Երկինքն` աստղազարդ, մուգ կապույտ է այնտեղ, սարերը վսեմ` աստղերը շաղ եկած սարերի վրա, ջրերը կարկաչում են երգեցիկ, անտառները խշշում օրնիբուն, և դյութիչ բույրերից տամուկ սիրտն իմ ճաքում է ըղձանքից։
Ախ, հայրենիք իմ հեռու, մայրական գերեզման անտեր, երանի ես էլ հանգեի այնտեղ և ավերված երազներից իմ սին` ծաղկեին հրագույն կակաչներ `սրտները, ավաղ, սևասև։
Ղարաբաղն իմ հոգին է հեռավոր` ինձ համար անհաս այլևս…
Ի Ր Ի Կ Ն Ա Յ Ի Ն Ն Վ Ա Գ
Երկինք լուսաջինջ, ծովը կապուտակ՝ տաք արևի տակ, ու սերը մեր ջինջ…Ախ, ինչ բարեբախտ, երջանիկ էինք այն երանելի հեռու եդեմում: Չարի կամոք էր, սև դևի կամոք ՝ թողած տուն ու տեղ, լքյալ, վշտաբեկ, ինչպես սովահար վայրի գազանից հալածված մի հոտ՝ բախտը մեզ աշնան տերևի նման նետեց այլ ափեր, ու մենք մնացինք իրարից հեռու ու իրար համար լուռ տվայտելիս:
Մենք բաժանվելիս՝ սիրտն իմ ասում էր, որ կհանդիպենք: Մենք կհանդիպենք՝ ասացի նրան, ինքս իմ խոսքին չհավատալով: Նա հոգնած ժպտաց: Սևշող աչքերում շողը արցունքի՝ նայեց վշտալից ու մտամոլոր: Սա չի կրկնվի՝ ասաց հուսաբեկ, ես զգում եմ դա՝ մենք չենք հանդիպի, էլ չենք հանդիպի մենք ոչ մի անգամ…
Իմ Կիթերուհի, գեղաչյա չքնաղ դու իմ Սուլամիթ, քեզանով լցված,
խաչված քեզանով, այսքան տարիներ չտեսած անգամ՝ ինչու՞ եմ դեռ քեզ տենչում կաթոգին, աչքերիդ հուրը ինչու՞ է այսպես այրում իմ հոգին: