Выбрать главу

  Իմ հուշերի մեջ, առաջվա նման, դու միշտ ցանկալի ու հուզագրգիռ,

շուրթերով բոսոր ու հուզաթրթիռ, անվերջ սրտիս մեջ, անդուլ ինձ հետ ես,

գիշեր ու ցերեկ քեզ եմ երազում՝ լինի արթմնի կամ թե երազում:

   Ախ, իմ պաշտելի, դու ինձնից հեռու, հեռու-հեռավոր, ես՝ կարոտ հոգով

ու մշտամոլոր, սիրտն իմ նվաղուն անունդ է տալիս, կարոտած հոգիս՝ տխրալիր լալիս: Դու գեղահրաշ, դու իմ աննման, քեզնով ի վերուստ խաչված ինքնակամ, ապրում եմ տրտում այս հեռու ցրտում, ու, եթե բան  է, Աստված   չարասցե  ,մենք չհանդիպենք և ոչ մի անգամ, իմացած եղիր, ողջ կյանքում քեզ եմ  սիրել ես միայն՝ հնազանդ, անկամ, ու քո անունն է լինելու շուրթիս իմ վերջին շնչում, քանզի քեզանով, լոկ քեզանով եմ ապրում ու շնչում այս անագորույն   դժնի աշխարհում

ԻՆՉ ԿԼԻՆԵՐ…

 Հեռո՜ւ, հեռու,  իմ հեռավոր հայրենի տուն, ինչո՞ւ  այսպես ես անընդհատ հիշում եմ քեզ, և իմ հոգին կսկծագին, երբ իջնում է գիշերը խոր` լիալուսնի  լույսով զօծված, դեգերում է եդեմական մեր սարերում,  ձորերում մեր խորնդասույզ  ու ցիրուցան մեր հանդերում ծաղկածփուն:

Ինչո՞ւ  այսպես ես վերստին հիշում եմ քեզ, իմ դեմ՝  կապույտ երկինքը մեր, գետը` խելառ, որ խայտալով գլորվում է քարերն ի վար,  անտառները  ամպածրար` խնկարկում են  բուրմունքները իրենց տամուկ, մեղմիվ հովը օրորում է խոտ ու ծաղիկ, զմրուխտ արտից լորն է կանչում տրտմալիր, ու կարոտից,  ա՜խ,  կարոտից  սիրտն իմ ներսում ճաք է տալիս:

Հեռո՜ւ, հեռու, իմ հեռավոր հայրենի տուն, մայրական սուրբ շիրիմ անտեր,  ի՜նչ կլիներ, որդեկորույս ու հուսաբեկ՝  կռունկների երամի հետ  դառնայի ետ, մորս կողքին մարեի մունջ և իմ ավեր երազներից   ալ կակաչներ հառնեին վեր,   հուրհրային`  սրտները սև  իմ սրտի պես…

ՔԱՆԻ ՈՒՇ ՉԷ ԴԵՌ

Պաշտիր դու մորդ, քանի նա դեռ կա, քանի ուշ չէ դեռ…

Սիրիր դու նրան, քանզի ոչ մի տեղ արար աշխարհում մորդ նմանը դու չես գտնելու։ Դու չես գտնելու որևէ մեկին, որ կարոտ սիրտը քո ճանապարհին՝ քեզ անմնացորդ նվիրված լինի, լոկ քեզնով շնչի, լոկ ապրի քեզնով։

Սիրիր դու մորդ, սիրիր անդուլ դու ու մի թերացիր սրտիդ ջերմ խոսքը ասելու նրան։

Կգա ժամանակ՝ անողորմ ու ժանտ, ու դու կափսոսաս, ա՛խ, շատ կափսոսաս, որ չես հասկացել յուր ժամանակին ասելու նրան, թե նա ինչքան թա՛նկ, հարազատ էր քեզ ու երբ նա չկա՝ որբ ես դու արդեն։ Դու կհասկանաս, ամեն ինչ հետո դու կհասկանաս, բայց ուշ կլինի, շատ ուշ կլինի։