Выбрать главу

 Խնայիր, Տեր իմ, մրմնջում էի, քանզի կենսարար  արև են նրանք մեր գլխավերև, և  առանց նրանց լուսերես  տեսքի ու մեղուշ   ձայնի  փուչ   է  մեզ  համար աշխարհը արար։

 Երկինքը մթնում. գիշեր էր գալիս. աչքերս բաց էին մինչև լուսաբաց, արցունքի շողն էր լճանում այնտեղ, և վաղնջական օրերը նորեն ետ էին գալիս, ու գեղեցկատեսք իմ որդիները ` միշտ գորովագութ, անապակ հոգով, ուրիշի ցավին հավետ համակիր, մեր կողքին էին, և արեգակը ժպտում էր վերից երջանիկ կյանքի գունեղ ժպիտով:

Եվ այդ տեսիլից թալկացած հոգով, վհատ ու նկուն՝ ձեռքերս պարզած աղաչում էի հեռու Աստըծուն` ողորմիր, Տեր իմ, մի լքիր նրանց ու մի կործանիր, քանզի կորած ենք առանց իրարու:

…Սակայն չանսաց նա պաղատանքին  իմ, եղավ անողորմ, քարսիրտ ու դժնի, և ես հասկացա` սուտ է ամեն բան ու մարեց իմ մեջ հավատն առ Աստված:

ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ

   Ես քեզ սիրում եմ… չէ, սիրելն այն չէ՝ ես քեզ պաշտում եմ, պաշտելն էլ այն չէ՝ քեզնով եմ ապրում, շնչում քո շնչով՝ անարատ ու ջերմ, դու իմ արևն ես, լույսը աչքերիս, տրոփը սրտիս, քանզի ամեն թարթ միտքս ծրում է քո պատկերը թանկ:

Տեսքդ սիրունիկ, աչքերդ ծավի, քո կույս պատկերն ու շուրթերդ կրակ՝ այրում են հոգիս: Դու՝ անկրկնելի ու աննմանական, իմ կ յանք, իմ երազ, իմ սքանչելիս, դու իմ առաջին ու վերջին իմ սեր, դու իմ սուրբ սրբոց, մաքուր ու վսեմ, թույլ տուր մտովի գորովեմ ես քեզ, աղվորիկ դեմքդ շուրթերիս քսեմ, երկնքից իջած դու իմ փերին ես, քո ստվերը անգամ գեղատեսիլ է: Ես սիրում եմ քեզ:

Սերը ծնվում է անսպասելի… ու ես հասկացա՝ սերը հզոր է, առանց մեծ սիրո արև չի ծագի, վարդի կոկոնը չի բացվի բնավ, հավքը չի երգի, ծիլը չի ծակի հաստ շերտը հողի… Իմ սերը նույնպես  ծնվեց ճիշտ այդպես, կյանքս լցնելով դյութիչ հմայքով: Ես սիրում եմ քեզ:

Ու զարմանում եմ, ինչպե՞ս եմ ապրել մինչ այդ առանց քեզ, առանց մատներիդ թովիչ շոյանքի, մեղրածոր ձայնիդ, ծիծաղիդ կարկաչ, առանց շուրթերիդ ջերմին հպումի ինչպե՞ս եմ ապրել. ես դա հասկանալ չեմ կարողանում:

…Ես չեմ տրտնջում ու չեմ արտասվում, որ ինձ հետ չես դու, այլ օրհնում եմ քեզ, որ դու եղել ես, իմն ես եղել դու:

ԿԱՐՈՒՍԵԼ

 Կյանքը փոխվել, շուռ է եկել, արդարին էլ լսող չկա՝ անարդարի ձայնը քանզի բարձր է հնչում, քան արդարի:

Փողի դար է, գողի դար է, բանսարկուի, ստահակի դար է հիմա:  Ֆիանիտը ադամանդի, լիրբը՝ սրբի տեղ է անցնում:

Ով, Արարիչ, խիղճն ինչու՞ ես տվել խեղճին, քար սրտերում խիղճ դնեիր, խիղճը խեղճի ինչի՞ն է պետք:

Ամենախեղճն այս աշխարհում  էշն է մենակ, այդ անլեզու իմաստունը, քաշից ծանր բեռնավորում՝ տանում է լուռ, գլխին խփում, ծեծում են ժանտ,  ձեն չի հանում, տեղովը մեկ բարություն է, անունը՝ էշ: Ութից ավել քուռակ ուներ՝ մինչև հիմա փալանի տակ:

  Մարդ ծնվում է՝ բախտը իր հետ, թե որ աստված բախտ չի տվել՝ զուր է գթալ… Ներիր մեղքը,  բայց մոռացիր ընդմիշտ նրան, ով մի անգամ չի գնահատել  արածը քո ու քեզ մատնել, դավաճանել, այպանել է՝ կանի ևս բազում անգամ: Ու իմացիր՝ լավ կնոջից լավը չկա, վատից վատը՝ նույնպես չկա. բախտն է դա քո: Ծանր խաչը մեջքիդ առած՝ անցիր ճամփադ տառապալից. հնուց ի վեր՝ անհասկացող մարդու ձեռին հասկացողը տանջվել է միշտ:

Էհ, ի՞նչ ասեմ, տերը մեռնի բանսարկուի, քանի՜ տուն է քանդել մինչ այս ու քանիսը կքանդի դեռ նա այսուհետ՝ իր նենգարկու զազիր լեզվով… Անցողիկ է այս աշխարհում ամեն մի բան, գուցե մի օր էդ էլ կանցնի, հազար անգամ երանի տանք հոգով շռայլ անհատներին, որ փարոսի նման հեռվից լույս են հղում անծիր ծովում մոլորվածին:

Լույսը բարի, խաչակնքենք,՝ չար սրտերը քիչ մեղմանան, սիրտը քար չէ, ամեն դավի որ դիմանա:

ԹԵՎԵՐ ՏՈՒՐ ԻՆՁ

Որտեղ ծնվել, մեծացել ես, այնտեղ պիտի անցնի կյանքդ, որպեսզի քո հայրենի սար ու ձորերի, աղբյուրների ու հանդերի կարոտն անդուլ չայրի հոգիդ…

Ապրեցի ես անհյուրընկալ հեռուներում, վիշտ ու հոգսին ընկերակից, քանի անգամ խաբվեցի ես, բայց մնացի դյուրահավատ ու միամիտ: Ծառ տնկեցի ես քանի հատ` բարը համեղ ուրիշները վայելեցին, զարմ ունեցա գորովագութ` աստված խլեց, տարավ իր հետ` թողնելով ինձ որբ ու վհատ` խոորովվելիս ինքս իմ մեջ, տուն շինեցի ես քանի տեղ` վերջում դարձյալ անօթևան:

Աշխարհներում եղա ես շատ ու շատ բաներ տեսա կյանքում, և հասկացա, որ քո անբիծ լինելը դեռ ոչինչ չարժե` նայած զազիր չարակամի զազիր լեզուն այս ու այնտեղ ինչեր կասի անձիդ մասին: Հավատացեք, ճերմակաթույր ձյունը նույնպես աղտոտվում է կեղտոտ ոտքից: Հարևանդ թե որ լավն է` արև է մի շողշողենի, վատը եղավ` քոչիր գնա, օր ու արև չես ունենա աչքից նրա, բայց ու՞ր գնաս և ու՞ր կորչես լավդ չուզող  արյունակից բարեկամից, ու՞ր կարող ես փախչել, ասա, դու քեզանից…

Տեր իմ Աստված, կորով տուր ինձ, որ նենգ մարդկանց մոռանալ ես կարողանամ: Թևեր տուր ինձ անաղուհաց հեռուներից դառնամ ես տուն: Որտեղ ծնվել, մեծացել եմ, այնտեղ պիտի անցնի կյանքս, որպեսզի իմ հայրենի սար ու ձորերի, աղբյուրների ու հանդերի կարոտն անդուլ չայրի հոգիս…

ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ

    Ինչ էլ լինի՝ մի ասա, թե ես եմ, որ կամ, բախտն է տերդ և ոչ թե դու, ժամանակը նաև անկանգ, որ հոսում է հորդ գետի պես՝ տանելով քեզ՝ ափ նետելու մի անհայտ տեղ: