Մի ասա, թե ես եմ, որ կամ, ժամանակն է տերդ, իմաց, ու բախտը նեռ, կգա մի օր՝ կթառամես, ճոխ մազերդ կճերմակեն ու կթափվեն, կպակասի լույսը աչքիդ, հին օրերի քո գեղանի գեղեցկուհու կերպարանքը կմշուշվի, կգա մի օր՝ դու՝ մեջքից կոր, դեմքդ պատած խորշոմներով, քայլդ՝ գայթուն, թույլ ու անդեմ՝ մարդու հանդեպ, թեկուզ օտար՝ լցված սիրով, նրա ցավին միշտ համակիր, կմտորես մորմոքվելով, թե մարդկային կյանքը ինչու՞ կարճ է այսպես. մարդու կյանքը թատերաբեմ, նա՝ դերասան, դեռ բեմ չելած՝ վարագույրը իջնում է ցած:
Մի ասա, թե ես եմ, որ կամ, այս աշխարհում մահը որ կա՝ մնացյալը հույսեր են սին, փուչ ու նանիր, ահը մահի սրտից վանիր, ապրիր օրվա ուրախությամբ. վախենում ես կամ թե որ չէ՝ միևնույն է, նա պիտի գա:
Ինչ էլ լինի՝ մի հոխորտա՝ ես եմ որ կամ, մեկ էլ տեսար՝ դևը եկավ անագորույն, ծանր չոքեց տանդ դռան, ասավ՝ ես եմ, ես եմ որ կամ, տես, եկել եմ քո ետևից:
Մի ասա, թե ես եմ, որ կամ…
ՍԵՐԸ Հ ՐԱ Շ Ք Է
Այս աշխարհում ամեն ինչ էլ անցողիկ է, ու տևական ոչինչ չկա: Ինչ որ կյանքում սկիզբ ունի, ունի և վերջ: Սիրո հուշն է լոկ տևական, որ հեռավոր մշուշների շղարշներից հանկարծ հառնում, թև է առնում, որ դու տարվես ցնորքներով անրջական ու կարենաս երջանկավետ այն պահերի անուշ հուշի ցավը մեղմել: Արագընթաց քաղցր հուշի, որ առհավետ եկավ անցավ ու այլևս չի կրկնվի:
Ահավասիկ, սիրո հուշն է լոկ տևական, սիրո հուշը և կորցնելու վախից ծնված խանդը ուժգին, որ մեր ներսում ալեկոծում, ծառս էր լինում, ընդվզելով սիրացնոր մեր սրտի մեջ, մեր հոգու մեջ, արյան ամեն բջիջի մեջ: Ասում եմ ձեզ` մեռնելն այնքան ահավոր չէ, ինչքան որ այն, որ այլևս չես տեսնելու զմայլելի տեսքը սիրած քո էակի:
Սիրո համար ազգություն ու կրոն չկա: Սերը վարդ է, իսկ խանդը` փուշ: Առանց փշի վարդ չի լինում, առանց խանդի` սեր չի լինում: Սերը վեր է ամեն ինչից, քանզի նրա կենդանարար սուրբ լույսով է օծված շուրջը ամեն մի բան: Մի թերացիր, սրտիդ ջերմին խոսքը ասա քո լուսերես գեղեցկուհուն, ով իր կյանքը չի խնայի զուտ քեզ համար: Մի անգամ է կյանքն այդ տրվում ու անցնում է հանց ակնթարթ: Դու պահպանիր սերը նըրա ոնց աչքի լույս և իմացիր, որ փոխադարձ սիրուց վսեմ ոչինչ չկա, այն կորցնելուց հետո, իրավ, անիմաստ է թվում արդեն ապրելն անգամ…
Սերը` հրաշք, ու անմեռ է, այն հեռավոր մշուշներից հանկարծ հառնում, ճառագում է հանց ծաղկած ծառ` վաղ գարունքին…
ՀԻՆ ՀԵՔԻԱԹ
Հին հեքիաթ է սա: Գուցե եղել է: Գուցե չի եղել: Դա չէ կարևոր:
Երեք եղբորով երջանկություն էին որոնում մի օր: Եվ պատահեցին երջանկությանը` խորունկ հորի մեջ:
Մեծը` բոլորից, մոտեցավ հորին ու փող խնդրեց: Երջանկությունը փող տվեց նրան, և նա հեռացավ ուրախ, ցնծալից:
Երջանկությունից երկրորդ եղբայրը սիրուն կին ուզեց, որի նմանը չկա ոչ մի տեղ: Երջանկությունը հոժար կատարեց խնդրանքը նրա, և նա հեռացավ սիրուց խենթացած:
Երրորդ եղբայրը մոտեցավ հորին:
–Իսկ քեզ, ասա ինձ, ի՞նչ է հարկավոր,– հարցրեցին հորից:
Եղբայրը երրորդ` մտահոգ նայեց, ասաց կարեկից.
– Դու եղբայրներիս ուզածն արեցիր, նրանք գնացին գոհ ու երջանիկ: Իսկ քե՞զ ինչ է պետք: Գուցե կարենամ մի բանով օգնել:
–Դուրս բեր ինձ հորից:
Երրորդ եղբայրը պարզեց իր ձեռքը, դուրս բերեց հորից, քայլեց դեպի տուն: Երջանկությունը` նրա հետևից…
ԻՆՉՈՒ՞, ԱԽ, ԻՆՉՈՒ՞…
Ես նրան տեսա փողոցն անցնելիս:
Գարնան տաք օր էր ու շենշող արև:
Կողք-կողքի կանգնած՝ մինչև որ կանաչ լույսը կվառվեր, շեղահար նայեց, ժպտաց հոգեթով: Այդպես նայում են արբունքի հասած գեղեցկատեսիլ աղջիկները լոկ: Նրա հայացքից ես այրող հարված զգացի իմ մեջ ու թվաց մի պահ՝ կանգ առավ շունչս: Իր սև աչքերով ու աղեղնաձև բարակ հոնքերով, ուսերին մանրալիք իջնող մազերով, շքեղ կորությամբ գծված շուրթերով, տեսքով գեղանի՝ նա թովել էր ինձ: Դու հայուհի՞ ես՝ չգիտեմ ինչու հարցրեցի կարկամ: Նա գլխով արեց ու դարձյալ նայեց նազուն նայվածքով, ու ես հմայված մնացի կանգնած: