Ես ետ նայեցի. Զարմիկը նստած էր ետևի շարքերից մեկում, տաք զրուցում էր ինչ-որ մեկի հետ:
– Նստեք, – ասացի ես:
– Շնորհակալություն: – Ժպտալիս դանդաղ բացվող շուրթերը ձգող, հրապուրիչ ինչ-որ բան ունեին:
– Առջևի ճամփորդասրահում շատ է աղմուկը, – քնքշաձայն ասաց նա, տեղավորվելով փափուկ թիկնաթոռին, – շարժիչներից հեռու հանգիստ է:– Նա մի կարճ պահ լռեց, տխրաձայն ու ցածրաձայն արտասանեց.
Прощай, Баку! Тебя я не увижу.
Теперь в душе печаль, теперь в душе испуг…*
– Դուք բաքվեցի՞ եք, – հարցրի ես:
– Բաքվեցի էի, – ափսոսանքով ասաց նա՝ մի տեսակ ամոթխած կիսաժպիտով: – Փոխանակման համար եմ գնում: Հարմար տարբերակ է, մերը չորս սենյականոց բնակարան է, կոոպերատիվ նոր շենքում, քաղաքի ամենակենտրոնական մասում:
–
*Մնաս բարով, Բաքու: Չեմ տեսնի ես քեզ էլ:
Վիշտն է հոգուս թառել, հոգուս ահ է պատել…
– Ո՞ր մասում է:
– Ապրիլի 28 փողոցում: Աերոդրամարկղի ինըհարկանի շենքում, վեցերորդ հարկում: Նոր էինք նորոգում կատարել: Երկու սենյակի հետ ենք փոխանակում, այն էլ Մոսկվայից ահագին հեռու, Օբնինսկ փոքրիկ քաղաքում, առաջին հարկ, առանց պատշգամբի, բետոնե
հատակով, պատկերացնո՞ւմ եք: Ի՞նչ արած, ուրիշները դա էլ չեն գտնում: Ում հետ փոխանակում ենք, ադրբեջանցի է, կինը՝ ռուս: Այդ ադրբեջանցու փոքր եղբոր հետ պիտի հանդիպենք, թղթերը ձևակերպենք, լիազորագիր է տվել եղբոր անունով: Դո՞ւք էլ Բաքվից եք:
– Այո, հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների կոմիտեում եմ աշխատում:
– Ճի՞շտ: Մեր կողքի հարևանուհին նույնպես այնտեղ է աշխատում: Դուք ո՞ր խմբագրությունում եք:
– Հայկական ծրագրերի խմբագրությունում:
– Ուրեմն իմ մորը պիտի ճանաչեք, գերագույն դատարանում էր աշխատում՝ Ռոզա Գրիգորյան, գերագույն դատարանի անդամ էր: Առաջ հայերից Արությունովն էր այնտեղ, հետո Առուշանովն էր, հետո՝ Վասիլի Անանյանը, Անանյանի սպանությունից հետո արդեն իմ մայրն էր:
– Գիտեմ, – ասացի ես, – նույնիսկ հաղորդում ենք տվել նրա մասին: Ղարաբաղի Ղարաղշլաղ գյուղից են ծնողները, բայց հետո գաղթել են Մարտակերտի շրջան՝ Զարդախաչ:
– Ճիշտ է, իմ մայրը հենց Զարդախաչում է ծնվել: Հետաքրքիր է, ծանոթներ դուրս եկանք: Կարինա է իմ անունը:
Ես ևս ասացի իմ անունը, իսկ հետո ավելացրի.
– Օդանավակայանից միասին կգնանք, մենք ձեզ կտանենք տուն:
– Շատ լավ, – խնդումնասիրտ ասաց Կարինան, սպիտակափայլ ատամները շողացին մի կարճ ակնթարթ, – ամուսինս շատ էր անհանգստանում: Ինքը չէր կարող գալ, նոր-նոր մի կերպ աշխատանքի էր տեղավորվել: Ասում են, ծածուկ հրահանգ կա՝ փախստականներին չգրանցել ու չվերցնել աշխատանքի: Ուղղակի սարսափելի է: Մնալո՞ւ եք, թե վերադառնալու եք Մոսկվա:
– Չէ, վերադառնալու եմ, – ասացի, – կարճ ժամանակով եմ գնում:
– Ես աերոդրամարկղի համարյա բոլոր աղջիկներին գիտեմ, եթե պետք լինի՝ ձեզ համար տոմս կվերցնեմ, – մանկան հոժարակամ անմիջականությամբ ասաց նա: – Կարող եք չանհանգստանալ:
Ես երկար ժամանակ մտորում էի՝ պատմե՞լ նրան Ռենայի մասին, թե ոչ: Ի վերջո, որոշեցի պատմել ու խնդրել նրա օգնությունը:
– Ես կօգնեմ, – ասաց նա, բարեսրտորեն ձեռքը դնելով իմ թևին: – Կզանգեմ, կպայմանավորվեմ հետը, որ գա մեր տուն: Ոչ, – արագ փոխելով միտքը, ասաց նա, քնքշահայաց նայելով ինձ, – ես իմ հեռախոսահամարը կտամ իրեն և կասեմ, որպեսզի որևէ տեղից զանգի ինձ: Այդպես ավելի ապահով է: Ես նրան ամեն ինչ կբացատրեմ: Վաղը ո՞ր ժամին է ձեզ հարմար: Ես կասեմ, և նա այդ ժամին կլինի մեր տանը: Գրեք իմ հեռախոսահամարը՝ 93-81-44: Տունը գիտեք, երկրորդ մուտք, վեցերորդ հարկ, ձախ դուռն է՝ քառասուներեքերրորդ բնակարանը: Հարմա՞ր է ժամը չորսին:
– Հարմար է:
– Ժամը չորսին նա մեր տանը կլինի, կարող եք չկասկածել:
«Աստված իմ, մի՞թե ես վաղը կտեսնեմ Ռենային», – բերկրանքով մտածեցի ես, զգալով, թե կրծքիս տակ ինչպիսի ուժգնությամբ սկսեց բաբախել սիրտս:
Օդանավի տակ միանգամից ընդառաջ նետվեց կարմիր լույսերով թռիչքուղին, անիվների տակ դղրդաց ու ետ սլացավ բետոնը:
Օդանավակայանի հրապարակում տաքսի վերցրինք: Զարմիկը նստեց վարորդի կողքին, ես ու Կարինան՝ մեքենայի ետնամասում:
– Ձեզ կթողնենք տանը, – ասացի ես Կարինային: – Վաղը չորսին կհանդիպենք:
Կարինան ժպտալով գլխով արեց, և ես կրկին անգամ նկատեցի, որ ժպտալիս դանդաղ բացվող նրա շուրթերը, իրոք, անչափ հրապուրիչ ինչ-որ բան ունեն:
* * * * *
– Մյան Նախըծվան բալասըյամ, ադըմ Զաքիր, սա՞ն հարալըսան*, – հարցրեց Զարմիկը վարորդին:
Մեծահասակ մարդ էր վարորդը՝ կիսաճաղատ, երկու ձեռքով ամուր կառչած ղեկին, լայն բացած զույգ աչքը հառած ճանապարհին:
– Սաբիրաբադի կողմերից եմ, – արձագանքեց նա, կողքանց նայելով Զարմիկին, – քաղցր նռան ու ձմերուկի տաք երկիր Սաբիրաբադից:
– Ի՞նչ ես կարծում, – ինձ աչքով անելով հարցրեց Զարմիկը: – Էս հայերը մեզնից ի՞նչ են ուզում:
– Էհ, մենք էլ ենք մեղք, նրանք էլ են մեղք, – ցավով արձագանքեց վարորդը, – մատը գցած՝ շարունակ խառնում են մեր մեջը: Ապշերոնի քարտուղար Զոհրաբ Մամեդովը Հայաստանից եկած փախստականներին ամեն առավոտ ավտոբուսները լցրած՝ ուղարկում էր Սումգայիթ, ցույցերի: Հատուկ նպատակով, իհարկե: