*ադա, վալլահ (ադրբ.) – արա (այ մարդ), Աստված վկա
Վալլահ, ամբողջ իրիկունն ու գիշերը քաղաքից ու մոտիկ շրջաններից հա բերում էինք մարդկանց՝ ավտոբուսներով, բեռնատարներով, մեր էս տաքսիներով: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ասել է մեկ միլիոն մարդ՝ օդանավակայանից մինչև քաղաք ընկած ճանապարհի երկու կողմերին: Ու թարսի պես էլ, առավոտվա դեմ էնպիսի¯ մի վարար անձրև սկսեց, էնպիսի¯ մի տեղատարափ, որ նկարագրել հնարավոր չէ: Ու էդ ամբողջ ճանապարհին, տեսնում եք, պատսպարվելու ոչ մի տեղ, ոչ մի ծառ ու թուփ: Բրեժնևն ահագին ուշացումով առավոտյան ժամը տասին իր շքախմբով եկավ՝ վը¯շշշ, անցավ: Ու էդ ժողովրդի մասին այլևս մտածող չեղավ: Ո՛չ մի կաթիլ ջուր խմելու տեղ, ո՛չ մի զուգարան, էդքան ժողովուրդ՝ մոտ քսանհինգ կիլոմետր ճանապարհը ոտքով պիտի գնար մինչև քաղաք… Մարդ նայում էր ու չգիտեր՝ ծիծաղե՞ր, թե՞ լաց լիներ:
Զարմիկի հետ պայմանավորվելով վաղը ժամը չորսին հանդիպել Կարինայի մոտ՝ ես իջա մեքենայից: Բակում չհանդիպելով ոչ ոքի՝ բարձրացա տուն:
Երկար ժամանակ փակ մնացած սենյակի բարկ հոտը խփեց դեմքիս: Մտածում էի զանգել Սիավուշին, գլխավորին, մյուս տղաներին: Գոնե Ռենայի ձայնը լսեի, սակայն հեռախոսը չէր աշխատում: Մի պահ քայլում էի ետ ու առաջ՝ չիմանալով ինչով զբաղվել: Հանգչող արևի ճառագայթները թափանցում էին ապակիների միջով. այդ ճառագայթները լուսավորել էին բազմոցը, գրապահարանն ու գրասեղանը, որի վրա մի մատ փոշի էր նստել: Կառավարական տան կողմից կոչերի ձայներ էին հասնում, այնտեղ աղմկում, երբեմն ծափահարում էին: Երկար նայում էի լուսամուտից, երբեմնի սիրելի, հարազատ քաղաքը օտարացած էր թվում: Երևում էր ծովը, ուր նավով զբոսնում էինք Ռենայի հետ, Կիրովի անվան զբոսայգին էր երևում, այնտեղ, հենց Կիրովի անվան զբոսայգու բարձունքում, «Ազերինֆորմի» թղթակից Յաշար Խալիլովը մեզ միասին լուսանկարեց: Իսկ մինչ այդ, մենք հորդ անձրևի տակ էինք ընկել: Օրն արևոտ էր, բոլորովին անսպասելի, միանգամից որոտաց երկինքը, և այդպես միանգամից էլ սկսվեց տեղատարափ անձրևը: Մենք նույնիսկ չհասցրինք վազել մինչև զբոսայգի: Ահագին թրջվել էինք՝ մինչև հասանք մի ծառի: Ծառուղու վրա թեքված ձիթենի էր դա, համարյա չէր պատսպարում մեզ: Ես վախենում էի, թե Ռենան կարող է մրսել, իսկ նա շարունակ քրքջում էր՝ մերթ ընդ մերթ ուսով հրելով ինձ անձրևի տակ:
Ռենան հուզումնալիորեն գայթակղիչ ու ցանկալի էր այդ պահին: Ես նրան առա իմ գրկի մեջ, սակայն նա, հանկարծակի ծալծլվելով, դուրս սահեց իմ գրկից, մի ակնթարթում հայտնվեց հորդ անձրևի տակ: Դեմքը տեղացող անձրևին, անհոգ ծիծաղելով՝ Ռենան, ձեռքերը լայն տարածած, պտտվում էր տեղում՝ նրբազգայուն քթիկը սիրունիկ կնճռոտած, կիսաբաց հրավառ շուրթերով, որոնց արանքից ադամանդի պես փայլում էին ճերմակ ատամները: Նա ուզում էր, որ ես հիանամ իրենով, ու ես հիանում էի: «Ռենա, կմրսես, ի¯նչ ես անում», – ես նրան կրկին ետ բերեցի ծառի տակ, անձրևաջուրը ծլլում էր նրա վրայից, թաց շորը կպել էր մարմնին, և դա ավելի էր ուրվագծում նրա գեղասրունք վայելուչ ազդրերը, ձիգ իրանն ու սքանչելիորեն կլորիկ կրծքերը: Ռենան ամբողջ մարմնով քիփ սեղմվեց ինձ և, նուրբ մատներով անշտապ ետ տանելով մազերը, խորախորհուրդ ու ձգողական շողերով զվարթուն աչքերով նայեց շեղակի: Նրա մարմինը տաք էր, կրծքերը՝ թարմ թթխմորի պես փափուկ, նույնպես տաք էին, անձրևը շարունակում էր տեղալ, ես Ռենայի դեմքն առա իմ ձեռափերի մեջ, շուրթերս մեղմիվ սահեցին նրա շուրթերի վրայով. թեթև քամու, խոնավ պաղության ու սաստկացող անձրևի խշշոցի տակ դա հաճելի էր, Ռենային նույնպես, հավանաբար, դուր եկավ այդ խաղը… Մեր շուրթերը թեթև հպանքով անդադար սահում էին՝ քսվելով միմյանց, հետզհետե արագացող մեր շնչառությունը խառնվում էր, սակայն, չէ, չէինք համբուրվում, ես անասելի մեծ դժվարությամբ, բայց երկարաձգում էի այդ քաղցրանուշ պահը: Ալեկոծ հուզմունքից կքված իմ սիրաբաղձ շուրթերը դիմացան ևս մի քանի ակնթարթ, ի վերջո, ես անկարող եղա այլևս դիմանալու, իմ շուրթերը հուզագրգիռ անհամբերությամբ մխրճվեցին Ռենայի կրքոտ շուրթերի մեջ… Ես նրան համբուրում էի մի տեսակ անհագ տենչանքով, գուցեև կոպտորեն՝ խածնելով նրա գիրգ շուրթերը, որովհետև Ռենան, անկարող որևէ բառ արտաբերելու, աղերսող աչքերով ըմբոստացավ իմ մոլեգնության դեմ: Ես մեղմ, ընդհատ-ընդհատ համբույրների անցա, նայում էի Ռենային մի տեսակ վերացած ու իմ աչքերին չէի հավատում, չէի կարողանում հավատալ, որ հիմա, հենց այս վայրկյանին, իմ շուրթերը ձուլված են նրա վարդագեղ թրթռուն շուրթերին… Լեզուս համրանում էր ասես այդ մտքից, աչքերս մթագնում էին, ականջներս՝ վշշում արտասովոր ջերմությունից: Այդ ջերմությունը թափանցում, ներհոսում էր իմ մաշկի տակ՝ տարածվելով երակներովս ու ամբողջովին համակելով ինձ աննկարագրելի քաղցր անրջանքով:
Ես կրկին ու կրկին համբուրում էի Ռենային, Ռենան իմ այդ համբույրներին տրվում էր ինքնամոռաց քնքշանքով, առաջ մղվելով ու ինձ ավելի ու ավելի սեղմելով, ձգելով դեպի իրեն… Տեր Աստված, քնքուշ զգայականության ի¯նչ անուշ երանություն էր այդ, դրախտային ինչպիսի զմայլեցուցիչ պարգև՝ անդադար տեղացող այդ տաք անձրևի տակ: