Հեռախոսազանգն արթնացրեց ինձ: Երազի տպավորության տակ՝ ես ցատկեցի դեպի հեռախոսը, չգիտես ինչու, մտածելով, որ Ռենան է զանգողը:
Ռենան չէր, իհարկե. մայրս էր Սումգայիթից զանգում, և ես սուր ամոթ զգացի այն բանից, որ քամու դեմ վառած լուցկու կրակի պես հանգավ ոգևորությունս: Մայրս անհանգստացած էր, որ տուն չէի գնացել, չնայած իմ խոստմանը, ասաց, որ երեկոյան քույրս Ստավրոպոլից նույնպես զանգել է, բայց ես տանը չէի:
Ասացի, որ հյուր ունեի Երևանից, հաջորդ ուրբաթ անպայման կգամ: Հետո լվացվեցի, մի թեթև նախաճաշեցի և սկսեցի պատրաստվել այսօրվա հանդիպմանը: Մի քանի անգամ, աղջկա նման՝ հայելու առջև փոխեցի շորերս, մեկ այս փողկապն էի փորձում, մեկ այն, ի վերջո, ընտրեցի՝ սև կոստյում, կապույտ վերնաշապիկ և դարչնագույն փողկապ՝ մանուշակագույն երանգներով: Օծանելիքներից ընտրեցի «Դրակարը»: Դա Արինայի նվերն էր՝ փետրվարի քսաներեքի առթիվ, և ինձ շատ էր դուր գալիս:
Ժամը տասներկուսին զանգեց Արմենը:
– Հը, ինչպե՞ս ես, – ծիծաղեցի ես: – Մարգարիտային հաջողվե՞ց կախվել:
– Հա, մինչև առավոտ վզիցս կախված էր, – Արմենը ծիծաղեց, ավելացրեց, – Լեո ջան, եկել եմ կինոյի տոմս վերցնելու, նոր տեսա, որ, թարսի պես, ուրիշ շալվար եմ հագել՝ փողերս մնացել են մյուս գրպանում, չգիտեմ ինչ անեմ, մինչև մեր հանդիպումը, ուզում էի Ռենայի հետ կինո գնալ:
– Արի, ես կտամ, – ասացի ես, մտածելով, որ նա երեկ ահագին ծախսի տակ ընկավ: – Հո չե՞ս մոռացել հասցեն:
– Իյա¯: Ի՞նչ ես ասում, – ուրախաձայն ասաց նա: – Իհարկե, չեմ մոռացել:
– Դե, ավելի լավ, որ չես մոռացել, արի: Միասին սուրճ կխմենք:
Արմենը եկավ մի կես ժամից:
– Քսանհինգ ռուբլին հերի՞ք է, – հարցրի ես:
– Իհարկե, շատ էլ է: Անչափ շնորհակալ եմ, Լեո ջան: Քեզ ասեմ՝ իսկական ընկեր ես ու իսկական տղամարդ: Դա իմ կարծիքն է: Ապրես:
Նա սափրվեց, սուրճ խմեցինք: Արմենին ճանապարհելուց հետո նորից անհանգիստ քայլում էի՝ նայելով ժամացույցին, ժամանակը կարծես թե դժվար էր առաջ գնում, փորձեցի ինչ-որ բան կարդալ ժամանակը կարճելու համար, բայց ոչինչ չստացվեց, նույն պարբերությունը ստիպված մի քանի անգամ կարդում էի. ուշքս ու միտքս այնտեղ էր՝ Ռենայի հետ:
Հեռախոսը զանգեց: Վերջապե¯ս… սիրտս տրոփեց, ինչ-որ հաճելի ոգևորությամբ համակված՝ դանդաղ վերցրի լսափողը:
– Ալլո:
– Ալլո, բարև ձեզ: Լեո, դուք եք, չէ՞:
Ձայնն անծանոթ էր:
– Բարև ձեզ: Այո:
– Ռաուֆ Ալիևիչն է, «Նոր Ինտուրիստից»: Ինչպե՞ս եք:
– Շնորհակալ եմ… Երեկ շատ լավ էր ձեզ մոտ, անմոռաց երեկո էր:
– Շատ ուրախ եմ, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հյուրերը գոհ մնան: Համեցեք, միշտ պատրաստ ենք: Բայց գիտե՞ք… – նա մի պահ ասես վարանեց, հետո միանգամից ասաց, – դուք երեկ գնացիք առանց վճարելու:
– Ինչպե՞ս, – ես զարմանքից կարկամեցի: – Չի կարող պատահել:
– Գիտե՞ք, մենք շատ մտածեցինք… ուզում էինք աշխատողներով մի կերպ… բայց դե, գումարը շատ է մեծ, երեք հարյուր ռուբլի, հնարավոր չեղավ…
Տևեց երկար դադար: Ես ոչինչ չէի գտնում ասելու, իսկ նա սպասում էր:
– Դուք մինչև քանի՞սն եք այդտեղ, – ի վերջո հարցրի ես, դեռևս չհավատալով իմ լսածին:
– Վաղը կարո՞ղ եք անցնել:
– Այո, իհարկե:
– Վաղը հինգին-վեցին, խնդրեմ, եկեք: Ես ձեզ կսպասեմ:
Այս ամենն արտասովոր էր, տարօրինակ: Շա¯տ էր տարօրինակ: Հիշում եմ, Արմենը մի քանի անգամ դուրս եկավ դահլիճից ու կրկին վերադարձավ: Գուցե սպասո՞ւմ էր ինչ-որ մեկին, իսկ նա ուշանո՞ւմ էր: Ամեն դեպքում, ինչպե՞ս դա կարող էր պատահել, չէ՞ որ Արմենն ինքը հրավիրեց: Նա գնաց հաշիվը փակելու, իսկ մենք ներքևում Ռենայի հետ սպասում էինք նրան: Իսկ հեռախոսահամա՞րը: Մետրդօթելը որտեղի՞ց կարող էր դա իմանալ: Մի՞թե զանգել է կոմիտե: Իրարամերժ մտքերը հանգիստ չէին տալիս ինձ:
Ժամը չորսի մոտերքը զանգեց Արմենը: Ռաուֆ Ալիևիչի հեռախոսազանգի մասին ես նրան ոչինչ չասացի, ասացի միայն, որ շտապ գործով տեղ պետք է գնամ, և որ մեր հանդիպումն այսօր չի կայանա:
– Ուրեմն վա՞ղը, – հարցրեց Արմենը:
– Վաղը, – պատասխանեցի ես ու դրեցի խոսափողը:
Սակայն մյուս օրը նա չզանգեց: Նույն՝ մեկը մյուսին հակասող մտքերը դեռևս հանգիստ չէին տալիս ինձ: Ես հիշեցի, որ Ռենայի հեռախոսահամարը մնացել է իմ խոսափողի մեջ: Այո, ահա այն՝ 92-69-98: Ես երկչոտ հավաքեցի՝ 9, 2, 6, 9, 9, մի պահ վարանում էի պտտել վերջին թիվը: Սիրտս ուժգին տրոփում էր, վերջապես պտտեցի վերջին թիվը՝ 8: Հեռախոսագծի մյուս ծայրում իսկույն վերցրին լսափողը:
– Ալլո՞, – դեռևս երկչոտ ասացի ես:
– Բարև, Լեո, – կրծքային քաղցրանուշ ձայնով ասաց Ռենան:
Զարմանալի է, եթե մարդը սիրելի է քեզ, սիրելի է և նրա ձայնը: Ինչպիսի¯ երջանկություն, նա իսկույն ճանաչեց իմ ձայնը, ասես սպասում էր այդ զանգին: Եվ ինչքան քիչ բան է պետք, որ մարդ երջանիկ զգա իրեն: Ես վայրկենապես մոռացա և՛ Արմենին, և՛ այդ ամբողջ տարօրինակ պատմությունը՝ կապված ռեստորանի հետ: