Выбрать главу

Հետո, ինչպես միանգամից սկսվել, այդպես միանգամից էլ կտրվեց անձրևը, ձիթենու մանրիկ տերևների արանքից արևի պայծառ շողն ընկավ Ռենայի դեմքին, նա աչքերը կկոցեց արևից, ծիծաղեց արևոտ դյութիչ ծիծաղով, ես գրկեցի տաքություն բուրող նրա մերկ ուսերը, և մենք դուրս եկանք զբոսայգուց: Եվ այդտեղ, «Մոսկվա» հյուրանոցի մոտ, բարձունքում, պատահաբար տեսա Յաշարին՝ լուսանկարչական խցիկը վզից կախ: Մամլո ասուլիսից էր դուրս եկել: Ես նրան խնդրեցի լուսանկարել մեզ:

Սկզբում Ռենան իմ աջ կողմն էր կանգնած, հետո արագ փոխեց տեղը, կանգնեց ձախ կողմում՝ պատրաստ կրկին նկարվելու: «Այսպես ավելի մոտ եմ սրտիդ», – ծիծաղեց նա: Ռենան դա ասաց ոչ բարձր, բայց Յաշարը լսեց երևի, ժպտաց, մի անգամ ևս լուսանկարեց:

Երկու օր անց, երբ գունավոր լուսանկարները ցույց տվեցի Ռենային, նա մի պահ հմայված նայում էր, հետո անսպասելի հանդիմանեց. «Ինչո՞ւ է այսպես, – խռովկան ասաց նա, – ես թեթևամիտի պես ժպտում եմ, իսկ դու երկու նկարում էլ պարկեշտ տեսքով կանգնած ես… Ոնց որ թե նույնիսկ ուրախ չես, որ միասին նկարվում ենք: Չէի՞ր կարող ասել, որ ես էլ ինձ լուրջ պահեի: Տեսնողն ի՞նչ կասի»: «Ի՞նչ պիտի ասի, – կրծքիս սեղմելով նրան, ծիծաղեցի ես: – Պիտի ասի՝ այս սիրուն աղջիկն ի¯նչ սիրուն մազեր ունի, ի¯նչ սիրուն աչքեր, սիրուն ժպիտ ու սիրուն թալիսման ունի»: «Իրոք, – սրտանց ուրախացավ Ռենան: – Թալիսմանը լավ երևում է: Գլխավորը դա է», – լրացրեց նա խնդուն հրճվանքով: «Նայիր, – ասացի ես, – ամբողջ քաղաքն է երևում՝ ծովափնյա զբոսայգին, Կույսի աշտարակը, հեռուստակոմիտեի մեր շենքը, «Նոր ինտուրիստը», ծովը, հետո պիտի նայենք ու հիշենք, որ այդ ամենն անսահման հարազատ ու թանկ էր մեզ համար»: Այդպես ասացի ես Ռենային այն ժամանակ: Այնտեղ կան, մնում են ստվերախիտ մութ ծառուղիները, ուր համբուրվում էինք՝ ուրիշ աչքից թաքուն: Այդ ծանոթ, հարազատ վայրերի անհաղթահարելի կարոտը սողոսկում էր սիրտս, տակնուվրա անում հոգիս: Աստված իմ, մի՞թե այդ ամենը, իրոք, եղել է, և մի՞թե ես վաղը կհանդիպեմ իմ չքնաղ, իմ աննման Ռենային:

Սիմֆոնիկ երաժշտություն միացրի: Մեռյալ բնակարանն ասես շունչ առավ, կենդանացավ: Նվագի բոլոր գեղգեղանքներն ու որոտներն ասես երազի թևով ինձ տանում էին մի ուրիշ՝ զարմանահրաշ ու անիրական աշխարհ՝ անսպասելի որոտով ու տեղատարափ տաք անձրևով, ձյան աստղաթև փաթիլների հուշիկ վայրէջքով՝ Ռենայի անուշիկ դեմքին, երերուն մշուշի մեջ ղողանջում էր բխոված ձիու ոտնակապանքի զնգոցը, զանգուլակները զնգզնգում էին, երբ կովերը դանդաղ շարժվում էին անտառամերձ բացատում… Բազմաթիվ պատկերներ էին ստեղծվում՝ մեկ Ռենայի հետ Բիլգիայի ծովափին էինք, մեկ՝ Նաբրանում, մեկ նրա հետ քայլում էինք ծովափնյա զբոսայգում, և ես նրան սիրո քաղցր խոսքեր էի շշնջում: Մեղեդին մերթ հետզհետե իջնում, մարում էր տերևների սոսափյունի մեջ, մերթ զվարթ ու թեթև ճախրում, բարձրանում էր, ջրվեժի պես գահավիժում, մերթ ասես հովի թեթև հպանքով անցնելով անտառի վրայով, օրոր էր ասում նրան, և մենք Ռենայի հետ այդ անտառում էինք, և կարմիր կտուցով փոքրիկ թռչնակն անուշ դայլայլում էր հատուկ Ռենայի համար, և այդ թեթև, շնկշնկան հովից ծառերն օրորվում, հառաչում էին լարային նվագախմբի ձայներով, և այդ ամենը, հնչյունների այդ հեղեղն ու հոգեցունց ալեկոծումը ոչ թե մեկ ուրիշ տեղ, այլ իմ ներսում էր, իմ հոգու խորքում…

Ուշ պառկեցի քնելու, իսկ առավոտյան արթնացա ինչ-որ տարօրինակ ձայներից:

Ցուցարարների մի հոծ բազմություն խրոխտ բացականչություններով գնում էր ծովի կողմը, դեպի կառավարական տուն:

* * * * *

Հագնվելով, մի բաժակ սուրճ խմելուց հետո, գնացի խնայդրամարկղ: Հանձնելով խնայգրքույկս, սկսեցի սպասել: Սպասարկող կինը, խնայգրքույկս ձեռքին, սրահից վեր ելնող փայտե սանդուղքներով բարձրացավ երկրորդ հարկ, որոշ ժամանակ անց վերադարձավ, իմ նկատմամբ ընդգծված սիրալիր էր, նա գտավ իմ քարտը, գումարը գրեց թղթի վրա՝ 40917 ռուբլի, և մեկնեց ինձ:

– Լրացրեք ծախսի օրդերը, – ասաց նա նույն ընդգծված շողոմքոր սիրալիրությամբ, – և եկեք ընդմիջումից հետո՝ ժամը երեքին:

«Փողը կստանամ, սպիտակ վարդեր կառնեմ և՝ ուղիղ Կարինայի մոտ», – Ռենայի հետ մոտալուտ հանդիպման քաղցր անրջանքով ներշնչված՝ հրճվանքի դողով ու խանդավառությամբ մտածեցի ես, և այն մտքից, որ, իրոք, շուտով, շատ շուտով պիտի տեսնեմ Ռենային, ես պատրաստ էի ակնածանքի խոսքեր ասել այս անչափ բարի, սիրալիր կնոջը: Մտածում էի, փողը ստանալիս՝ անպայման մի երկու հարյուր ռուբլի թողնել նրան:

Ժամը երեքին մի քանի րոպե պակաս ես արդեն խնայդրամարկղի մոտ էի: Վերևից, Արմենիքենդի կողմից Լենինի պողոտայով ափերից ելած պղտոր սև գետի պես մի բազմամբոխ էր իջնում գոռում-գոչյուններով՝ «Ղարաբաղը մերն է, Ղարաբաղը մերն է», «Ալլահու աքբար, ալլահու աքբար, օրդումուզ դահիմա օլսուն մուզաֆար*», «Կեցցե Թուրքիան», «Վերադարձրեք Ալիևին», «Փառք Սումգայիթի հերոսներին»: Նրանց մեջ կանայք ու դպրոցահասակ երեխաներ կային:

Ես արագ անցա փողոցը և խնայդրամարկղի մուտքի մոտ, սանդուղքներին, տեսա ինձ ծանոթ կնոջը, որն այնպես հարգալից էր իմ հանդեպ: Նրա հայացքն ամբոխի կողմն էր, և ես տեսա, որ նա աչքերով ինձ էր ցույց տալիս: