Выбрать главу

Դա մի կիսավայրկյան տևեց միայն, հաջորդ վայրկյանին ամբոխից մի քանիսը շրջվեցին, նրան նայելով, և վազեցին իմ կողմը:

Ու դա այնպես արագ տեղի ունեցավ, որ ես չհասցրի անգամ նորից նայել այդ կնոջը: Առաջին հարվածը գլխիս իջավ: Ես իմ դեմքին զգացի արյան տաքությունը: Իրար հրմշտելով՝ նրանցից յուրաքանչյուրն ինքն էր ուզում ինձ խփել: Նորից հարվածեցին, այս անգամ դեմքիս, և զարմանալի էր, իմ միտքը գործում էր պարզ, հստակ: «Սպանում են, – մտածեցի, – հիմա կսպանեն…»:

Վախի, սարսափի ոչ մի զգացում: Եվ զարմանալի էր նաև, որ ցավ չէի զգում բոլորովին: Չորս կողմից հարվածներ էին տեղում:

Ինձ հրելով, ինձ հետ ընկնելով ու ելնելով, նրանք ինձ առաջ էին հրում դեպի փողոցի մեջտեղը: Ինչ-որ կարծր բանով խփեցին ձախ աչքիս, թվաց՝ աչքս պայթեց: Ես ջանք էի գործադրում բացել աչքս, բայց չէր հաջողվում: Նրանք միաժամանակ գոռգոռում, հայոյում էին, բայց ես ոչինչ չէի հասկանում նրանց ասածներից:

Հարվածում էին բոլոր կողմերից, ինձ թվաց բերանս աղի արյուն է լցվում: Դարձյալ զգացի տաք արյան հոսքը, բայց այս անգամ մարմնիս վրա: Ինչ-որ մեկը բարձրացրեց ձեռքի մետաղաձողը, ես մի կիսավայրկյան տեսա նրան՝ լողլող, լորձոտ բերանով, զայրագին ծռմռված այլայլված դեմքով, «Էրմյանի սյան՝ օլմյալի սյան**», – կատաղած ասաց նա, մետաղաձողը թափով իջեցրեց վրաս, ես խույս տվեցի, այն իջավ յուրայիններից մեկի գլխին, և նա վայրենի բղավոցով թավալվեց գետնին, հաջորդ հարվածը, բայց դա

*Բարձր է Ալլահը, Ալլահն՝ հզորազոր,

Հաղթանակը կուղեկցի բանակին մեր հզոր (ադրբ.)

**Հայ ես՝ պիտի մեռնես (ադրբ.)

երկաթաձողի հարված չէր, ես դա զգացի, կպավ ձեռքիս, մատիս մատանի կար, թռավ մի կողմ, մի քանիսը վազեցին մատանու ետևից: Ես ուզում էի օգտվել առիթից, պոկվել նրանցից, բայց չստացվեց, երեք հոգի պահում էին ինձ ու միաժամանակ խփում էին: Ես թափով շրջվեցի և այդ կարճ ակնթարթում տեսա խնայդրամարկղի կնոջը՝ սանդուղքներին կանգնած ժպտալիս:

«Նրանք այս ամենը գիտեին, – կայծակնային արագությամբ անցավ իմ մտքով: – Նրանք ամեն ինչ նախօրոք գիտեին»: Կատաղությունից մի տեսակ ասես ուժ առա, թափ տվեցի ինձ, երկուսը մի պահ պոկվեցին ինձնից, ընկան, բայց մեկը մնաց պինդ կառչած, որ չփախչեմ: Հագիս արտասահմանյան կոճակագամ բաճկոն էր, ես տառացիորեն դուրս սահեցի պիջակից ու բաճկոնից, դրանք մնացին ինձ պահող տղայի ձեռքին, և, օգտվելով վայրկենական իրարանցումից, երբ ինձ ծեծող այդ երեքը տարված էին իմ գրպանները խուզարկելով, մի մասը ուշքի էր բերում արյունաշաղախ ընկերոջը, իսկ մյուսները մատանին էին փնտրում, ես ինձ գցեցի դիմացի շենքի բակը: Ուշքի գալով՝ նրանք աղաղակելով վազեցին իմ ետևից, մատանի փնտրողներն էլ երևի հասան, բայց բակ չմտան, աղմկում էին մուտքի մոտ: Ամենայն հավանականությամբ, նրանք տեղանքին ծանոթ չէին, չգիտեին, որ

բակը թափանցանց ելք ունի դեպի Լենինի պողոտա:

Ձեռքով երեսիս արյունը սրբելով, այդ երկրորդ դռնով ես դուրս եկա փողոց և գլխակորույս վազեցի ուղիղ միլիցիայի ութերորդ բաժանմունք, որի մուտքի մոտ միլիցիոներ էր կանգնած և անտարբեր հայացքով դիտում էր այդ ամենը: Ես հասկացա, որ փրկության միակ ելքն այն է, որ չասեմ թե հայ եմ: «Ես հրեա եմ, – հասնելով միլիցիոներին՝ ասացի ես: – Նրանք կարծում էին, թե հայ եմ»: «Այսօր ամեն ինչ հնարավոր է», – պատասխանեց միլիցիոները՝ հրելով ինձ կողքի շքամուտքն ու իմ ետևից փակելով դուռը:

Ես լսեցի, թե ինչպես մի քանի հոգի, մոտ վազելով նրան, հարցրին. «Մի հայ չտեսա՞ր այստեղ»: «Ոչ», – ասաց միլիցիոները: «Բայց նա այս կողմ եկավ», – լսեցի ես: «Այստեղ ոչ մի հայ չկա», – կտրուկ պատասխանեց միլիցիոները:

Այդ պահին, մուտքից մի քանի քայլ այն կողմ, ամբոխը նոր զոհ գտավ: Դռան ճեղքից ես տեսա, թե ինչպես տասնյակ ոտքեր կոխկրտում էին գետնին ընկած մարդուն: Ինձ որոնողները ևս վազեցին դեպի հերթական զոհը:

Ես մի կերպ կանգնած դիմանում էի՝ մեջքով հենված շքամուտքի սառը պատին, ծնկածալերս սաստիկ դողում էին, գիտեի, որ եթե նստեմ կամ ընկնեմ գետնին, այլևս չեմ կարողանա ոտքի կանգնել: Ամբողջ մարմնով դողում, ցնցվում էի, ատամներս իրար էին խփվում, բայց չգիտեի՝ ցրտի՞ց էր դա, թե ստացված վերքերից:

– Ո՞ղջ ես դեռ, – արագ մտնելով ներս՝ հարցրեց միլիցիոները:

– Այո, – ասացի ես, – ողջ եմ:

– Հիմա ես շտապ օգնություն կկանչեմ: Հենց որ մեքենան եկավ, ես իսկույն կբացեմ դուռը, դու պետք է մի ակնթարթում հասցնես քեզ գցել մեքենայի մեջ, հասկացա՞ր:

– Հասկացա:

Միլիցիոները շտապ դուրս եկավ մուտքից, ես մնացի նույն դիրքում կանգնած: Լենինի պողոտան ի վար, սպիտակին տվող մետաղաձողերը գլխավերևներում թափահարելով, նոր բազմություն էր իջնում: Անթիվ, անհամար ոռնացող գազանների ոհմակ էր դա, նրանց վերջը չէր երևում, գալիս էին ու գալիս, նրանց գոռում-գոչյուններից, ճիչ ու աղաղակներից պատերը դղրդում էին՝ «Կեցցե Թուրքիան», «Գորբաչովը մեզ հետ է», «Գըրըն էրմանիլարի*», «Էրմանիլար ռադդ օլսուն**», «Մահ հայերին», «Փառք հերոս քաղաք Սումգայիթին»: Ինչ-որ մեկին գետնին տապալեցին, հետո նա հայտնվեց ամբոխի գլխավերևում, ասես բազմությունն ի վեր լողալով, նա գնում էր՝ խելագար աչքերով, բերանն անսովոր լայն բացած, մի կարճ ակնթարթ երևաց միայն, ջահել տղա էր, նրան նետեցին ցած, այդ տեղում մի պահ ժողովուրդը խտացավ, կանգ առավ, մի րոպե ևս՝ տղան փռված էր