Выбрать главу

* * * * *

Ես ուշքի եկա հիվանդասենյակում: Ձախ աչքս չէր տեսնում, աջը՝ կիսախուփ թարթիչների արանքից միայն: Այո, հիվանդասենյակ էր, չորս մահճակալով, պատերը կրաշաղախով ներկված հիվանդասենյակ՝ կենտրոնում տեղ-տեղ մերկացած էլեկտրալարից կախված հարյուրհիսունվատտանոց լամպով: Բոլոր մահճակալները՝ պահարանիկներով, երկուսը պատի աջ կողմում, երկուսը՝ ձախ, զբաղված էին: Իմ մահճակալը դռան աջ կողմում էր: Ես հիվանդներին մտովի բաժանեցի ըստ թվերի: Դռան ձախ կողմում առաջինը՝ թիվ մեկ, նրա հաջորդը, դեպի պատուհանը՝ թիվ երկու: Թիվ երկուսի դիմաց, արդեն աջ կողմում՝ թիվ երեք: Ես թիվ չորրորդն էի:

– Այ Հաֆիզ, մի տես էս տղային ի՞նչ օրի են գցել, ոնց են նախշել, – մահճակալից իջնելով՝ ծիծաղելով ասաց թիվ մեկ հիվանդը: – Մի նայիր, վալլահ, ոնց որ թե մի հազար հատ մեղրաճանճ միանգամից թափված լինեն վրան:

– Այ Ալլահվերդի, Աթաղանըն ջանը*, մի տես ինչ ահավոր բան է Բաքվում հայ լինելը, և ոչ միայն հայ լինելը, այլև հայի նման լինելը: – Սա թիվ երկրորդ հիվանդն էր:

– Կարո՞ղ է՝ մեռած է: – Ալլահվերդի կոչվածը զգուշորեն մոտեցավ, քիչ կանգնեց ինձ մոտ: – Չէ, մեռած չի, շնչում է: Ջահել տղա է: Լավ դնքսել են: Կարծել են, թե հայ է:

Հողաթափերի քստքստոցից զգացի, որ կրկին ետ գնաց, նստեց իր մահճակալին:

*Աթաղանըն ջանը (ադրբ.) – Աթաղանի արևը վկա: Աթաղանը՝ Միր Մովսում իրական անվամբ, շիա մահմեդական հավատակիցների շրջանում հայտնի էր իբրև անոսկոր մարդ, ինչի համար կոչվում էր Աթաղան, այսինքն՝ միայն մսից կազմված, ապրել է 20-րդ դարում՝ Ապշերոնի թերակղզու Շուվելյան ավանում, որի գերեզմանատանն էլ թաղված է, վայելում է սրբի համբավ, որի անունով երդվում են, իսկ դամբարանի վերածված գերեզմանի մոտ մատաղ են անում:

– Աթաղանըն ջանը, քաղաքում ուժեղ ջարդ ու թալան է գնում: Մարդ կա՝ մի օրում միլիոնատեր է դառնում:

Ես արդեն նրանց ձայները զանազանում էի. սա Հաֆիզն էր:

– Հա, ուժեղ կոտորած ու թալան է, – հաստատեց Ալլահվերդին, ասես ափսոսալով, որ այսպիսի մի պատեհ ժամանակ իրենք հիվանդանոցում պառկած են: – Էստեղ չի, պիտի գնաս Ղարաբաղ՝ կոտորես: Աղդամում տասնմեկ հազար վագոն զենք կա՝ Իրանի դեմ: Եթե Աղդամում էդքան կա, պատկերացրու՝ ուրիշ տեղերում ինչքան է: Ահա էդ զենքը պետք է ուղղել ոչ թե Իրանի, այլ Ղարաբաղի խռովարար հայության դեմ: Ժաննա Գալուստյան,

Զորի Բալայան, Սերժ Սարկիսյան, Ռոբերթ Քոչարյան, Մաքսիմ Միրզոյան, Մանուչարով, Իգոր Մուրադյան, բոլորին կոտորես ու թալանես: Հարկավոր է գաղտնի կերպով մեկ-մեկ ոչնչացնել էդ սեպարատիստներին: Դրանք են ջուր պղտորողները: Եկել են՝ մեր հողում տեղ ենք տվել, հիմի էլ մտքներում դրել են տեր կանգնել էդ հողերին, միանալ Հայաստանին: Ինչ է, մեռե՞լ են էդ հողերի տերերը:

– Իհարկե, – լրացրեց Հաֆիզը: – Խաչքարերը ինքնաթիռներով բերում, անտառներում թափում են, հետո թե՝ մեր հողն է, տեսեք՝ պատմաճարտարապետական հուշարձաններ կան:

– Այ Հաֆիզ, ի՞նչ հուշարձան, ինչ բան: Պետք լինի՝ կպայթեցնենք, հողին կհավասարեցնենք, ոնց որ Ջուլֆայում, նայողն ո՞վ է: Ուժեղ ես՝ տերը դու ես, ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր: Թույլին, անզորին չկա ոչ մի տեղ սեր ու փրկություն: Սա ես չեմ ասում, Նեկրասովն է ասել անցյալ դարի կեսերին: Արիստոտելի խոսքը, թե՝ ճշմարտությունը վեր է ամեն ինչից, հիմարություն է: Հասկացիր, նավթը թանկ է ճշմարտությունից: Այդպես եղել է, այդպես էլ կլինի միշտ: Ղարաբաղի հարցն էլ Ղարաբաղը Ադրբեջանի մեջ պահելու խնդիր չէ սոսկ, չնայած քսան թվականի դեկտեմբերի մեկին Բաքվի խորհուրդների հանդիսավոր նիստում Նարիման Նարիմանովի և Օրջոնիկիձեի վերամբարձ հռետորությամբ արտասանած ճառերին ու հեղկոմի ընդունած դեկլարացիային, որ Խորհրդային Ադրբեջանը հոժար կամքով հրաժարվում է վիճելի գավառներից և հայտարարում է Զանգեզուրի, Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի հանձնումը Խորհրդային Հայաստանին, նույնիսկ Ստալինը «Պրավդայում» հանդես եկավ այդ առթիվ, իմացիր, այդ բոլորը, Հաֆիզ, զուտ դիվանագիտական քայլեր էին՝ հանրային կարծիք ստեղծելու համար, և, այո, այսօր Ղարաբաղը Ադրբեջանի մեջ պահելու խնդիր չէ միայն, այլ Զանգեզուրն Ադրբեջանին վերադարձնելու խնդիր, որով մենք վերջապես կհասնենք մեր նպատակներին՝ Զանգեզուրով միանալ մեր եղբայներին… Դեմիրելն ասում է, որ քսանմեկերորդ դարը թուրքերի դարն է, – մի փոքր դադարից հետո շարունակեց Ալլահվերդին, – մեր դարը, Հաֆիզ, որովհետև մենք ադրբեջանցի չենք, դա Ստալինի հորինածն է, Էլչիբեյն էլ է դա հաստատում, մենք թուրք ենք, ասիլ* թուրք, և ոչ թե ադրբեջանցի… Հարբեցողությունը, թմրամոլությունը, կաշառակերությունն ու բարոյականության անկումը կործանեց հզոր Բյուզանդիան՝ ճանապարհ բացելով թուրքերի համար: Այսօր նույն անփառունակ կործանման եզրին է կանգնած Ռուսաստանը: Ալեքսանդր Երկրորդ ցարը յոթ միլիոն դոլլարով Ալյասկան ծախեց Ամերիկային: Մեկուկես միլիոն քառակուսի կիլոմետր տարածք՝ ձկան ու ոսկու վիթխարի պաշարներով՝ մի այդպիսի չնչին գումարով: Էդպիսի պետությունից ի՞նչ ես սպասում: Ղրիմը տվեցին Ուկրաինային, հարյուր հազարավոր քառակուսի կիլոմետր տարածություններ՝ Ղազախստանին: Աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում: Ղարաբաղից վեց անգամ ավել և նավթով ու գազով հարուստ մի տարածք՝ Բերինգի ծովում, հենց վերջրերս Գորբաչովն ու Շևարդնաձեն նվիրեցին էդ նույն Ամերիկային: Ռուսաստանի վրա խաչ դիր, Ռուսաստան չկա: Սաղ ռուս ազգը խմած-փռված է պատերի տակ, ջահելությունը՝ տղա, աղջիկ, փրթվում են արաղից ու նարկոտիկից: Նրանց երգը երգված է. աճ չկա: Ռուս ազգաբնակչությունը տարեկան երկու-երեք միլիոնով պակասում է, իսկ դա, գիտե՞ս, ինչ է նշանակում. մի հիսուն-վաթսուն տարուց հետո նրանք այլևս մեծամասնություն չեն կազմի