– Իզուր, – տեղից խնդումնալից արձագանքեց Հաֆիզը: – Ավելի լավ, թող գնան: Նրանց տներն ու ունեցվածքն էլ կմնան մեզ:
– Մոռացա, ռուս ու արտասահմանյան ժուռնալիստների ձեռքից լուսանկարչական խցիկներն ու տեսախցիկները, ասում է, խլում, փշրում են: Էդ մեկը ճիշտ են անում, թե չէ, կտանեն աշխարհով մեկ սուտ-մուտ բաներ կտարածեն մեր մասին: Հա, – սրտանց ծիծաղեց Ալլահվերդին: – Կիրովաբադում էլ մարշալ Բաղրամյանի արձանն են քանդել, իսկ Շահումյանի արձանն էստեղ պոկել, տեղը մի շուն են կապել:
– Լավ են արել, – ուրախ վրա բերեց Հաֆիզը: – Կովկասի արտակարգ կոմիսար Շահումյան, դե, գնա կեր: Վալլահ, դա քիչ է, 26 կոմիսարների էդ համալիրն էլ պիտի քանդել, քանդել ու ասել՝ չկա, չեն սպանել, տասնութ թվի ամռանը բոլոր ութ հայ կոմիսարներին վերցրել, փախել է Հնդկաստան:
– Կիրովաբադում հաշմանդամների տնից տասներկու հայի՝ տասմեկ կին և մի տղամարդ, հանել, սաղ-սաղ թաղել են քաղաքից քառասուն կիլոմետր հեռու, Քուռ գետի ափին: Վեց հոգու էլ Հաջիքենդի մոտ են թաղել: Ասում է՝ ուղղաթիռից տեսնող է եղել, Խանլարի մոտերքում ծառերից մարդիկ կան կախված:
– Ադա, շատ էլ լավ են արել, – դարձյալ ուրախ, ոգևորությամբ արձագանքեց Հաֆիզը: – Հայկական գերեզմաններն էլ պիտի էստեղ քանդել, ավերել, մեր կառավարությունը, հաստատ համոզված եմ, էդ էլ կանի: Քաղաքի ու շրջակա բոլոր տեղանուններն ու փողոցների անվանումներն էլ պիտի անմիջապես փոխել, դարձնել ադրբեջանական: Ի՛նչ Զավակզալնի, Կանտապինսկի, Արուշանովսկի, Նագորնի, ռուսսկի, արմյանսկի, փոխել, ջնջել է պետք այդ ամենը, սա հայի ու ռուսի քաղաք չի, մեր քաղաքն է ու մեր արժանավոր մարդկանց անուններով պիտի կոչել էդ փողոցները: Ամեն ինչ կարվի:
– Բա ի՞նչ էին կարծում: Հաշվարկված է, մենակ Բաքու քաղաքում ու արվարձաններում իննսուներկու հազար տուն ու բնակարան է ազատվելու: – Ալլահվերդին էր: – Հայաստանից եկած մեր յուրաքանչյուր ադրբեջանցու ընտանիքին՝ երեք բնակարան: Թող ապրեն, քեֆ քաշեն հայերի տներում, հերիք է ինչքան նրանց ձեռքին տանջվել են… Պրոֆեսոր Վագիֆ Արզումանովը պատը քանդել, մտել է հայ հարևանի տուն, տնեցիներին քշել փողոց:
– Աթաղանըն ջանը, գնում եմ տուն, ես էլ բնակարանի կարիք ունեմ, – ասաց Հաֆիզը: – Հենց էսօր էլ դուրս կգրվեմ: Քաղխորհուրդը հատուկ որոշում է հանել՝ զբաղեցնել բոլոր հայերի տները: Գնամ մի տուն էլ ես վերցնեմ:
– Լսիր, Հաֆիզ, ծիծաղ բան: Երկրորդ հարկում տասնինը հայերի՝ կնիկ, տղամարդ, ծեծված, մարդու տեսքից ընկած, լցրել են համար վեց հիվանդասենյակը, կարո՞ղ ես պատկերացնել՝ տասնինն այլանդակված վիրավոր մարդ, հինգ-վեց տեղանոց հիվանդասենյակում: Իսկական խեղդոց, ո՛չ մի օգնություն, ո՛չ մի բան, բժշկական անձնակազմն ու ադրբեջանցի հիվանդները՝ տարբեր հարկերից, գալիս անպատվում, անխնա ծեծում են դրանց: Երկու տղամարդ և ութսուն տարեկան պառավ մի կնիկ էս գիշեր մեռան: Երևի խեղդվել են տոթից կամ էլ ծարավից են մեռել:
– Բա որ ասում եմ, – աշխուժորեն վրա բերեց Հաֆիզը, – գլխավոր բժշկին հերոսի կոչում պիտի տալ, թող էդպես բոլորը կոտորվեն: Մի թուրք մեռնելիս՝ մոլլա է կանչում, թե հավատս փոխիր, ուզում եմ հայանալ: Մոլլան սրա հավատը փոխում է, վերջին շնչում էս մարդն ասում է. «Ի¯նչ լավ եղավ, մի հայ էլ մեռավ»: – Ասաց ու երկար ծիծաղեց:
– Ներսից մահճակալ-բան դեմ են արել դռանը, – շարունակեց Ալլահվերդին, – բարիկադներ սարքել, որ ադբեջանցիները չկարողանան մտնել ներս…Ղարաբաղ էին ուզում՝ միասո¯ւն, միասո¯ւն, – ծոր տալով լրացրեց նա, – դե գնացեք, ահա, ձեզ միասուն:
– Ոչ թե միասուն, այլ միացում, – ուղղեց երրորդ հիվանդը: – Ճապոնիան նույնպես «միացում» է ուզում, պահանջում է Շիկոտանն ու Խոբամայի կղզեշարքը՝ Կունաշիր, Իտուրուպ, ետ տալ, ինչո՞ւ ռուսները ճապոնացիների կոտորած չեն սարքում: Ղրիմի ռուսները ցույց են կազմակերպել, պահանջում են Ղրիմը վերամիավորել Ռուսաստանի Դաշնությանը, Մոսկվայի շատ ճանաչված մարդիկ՝ Լուժկովը, ուրիշներ, պաշտպանում են նրանց այդ հարցում: Ինչո՞ւ ուկրաինացիները դրա համար չեն կոտորում ղրիմաբնակ ռուսներին: Բասկերը ինքնորոշում, անկախություն են պահանջում Իսպանիայում, բայց նրանց Իսպանիայում ոչ-ոք մատով չի կպչում: Նույնը և շոտլանդացիները՝ Մեծ Բրիտանիայում: Օրինակներ շատ կարելի է բերել, այս ամենը քաղաքակիրթ աշխարհում կասկած չի՞ հարուցում, արդյոք, որ ազգ ու ժողովուրդ չենք մենք, այլ կիսավայրենի խայտաբղետ ցեղերի հավաքածու: Ստեփանակերտում տեղի ունեցած ծնրադիր խաղաղ ցույցերին մենք պատասխանում ենք սումգայիթյան հրեշավոր եղեռնով, ծեր կանանց ու երեխաների անասնական բռնաբարություններով: Ի՞նչ կապ ունեին Սումգայիթի խեղճ ու կրակ բանվոր հայերն իրենցից չորսհարյուր կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցող հանրահավաքների հետ: Ոչ մի կապ:
– Ասկերանում երկու անմեղ ադրբեջանցի սպանվեցին, – փորձեց պաշտպանվել Ալլահվերդին:
– Ստույգ ապացույցներ ունե՞ս, որ հայերն են սպանել: Չունես… Որովհետև հայերը չեն սպանել նրանց, նրանց մերոնք են սպանել: Սումգայիթ կազմակերպելու համար պատրվակ, առիթ էր պետք: Հանրապետության ամբողջ ղեկավարությունը դեպքի օրն այնտեղ՝ Աղդամում էր, Ասկերանի կողքին, հաջորդ երեկոյան նույն կազմով՝ Բագիրով, Հասանով, Սեիդով, Ասադով և այլն, Սումգայիթում էին արդեն: Սա ձեզ ոչինչ չի՞ ասում… Իսկ այդ երկու անմեղ ադրբեջանցիները, հարց եմ տալիս քեզ, ի՞նչ էին անում այնտեղ, հայերը հարսանիքի՞ էին կանչել նրանց Ղարաբաղ: Նրանք մի քանի հազարանոց խաժամուժի հետ գնացել էին կոտորելու խաղաղ հայ բնակչությանը, որոնք կուսակցության մարզկոմի և մարզգործկոմի շենքի առաջ կանգնած, չխախտելով խորհրդային երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության, և ոչ մի կետը, դիմել են Ադրբեջանի և Հայաստանի գերագույն խորհուրդներին, խնդրելով, և ոչ թե պահանջելով, մարզը միացնել Հայաստանին, որովհետև, անցած վաթսունյոթ տարիներին՝ ո՛չ քաղբյուրոն, և ո՛չ էլ նրա գլխավոր քարտուղարը, չեն ժխտում դա, շարունակ ենթարկվել են խտրականության, հայ ազգաբնակչության իրավունքները մշտապես սահմանափակվել ու ոտնահարվել են: Ո՛չ Սումգայիթի հրեշագործության օրերին և ո՛չ էլ դրանից հետո հայերն իրենց թույլ չտվեցին հրահրել պատասխան կոտորած, ազգային գիտակցության ու հպարտության այնպիսի մակարդակ հանդես բերեցին, որը համանման էր տոտալիտարիզմի դեմ ուղղված լեհական ազգային դիմադրությանը: Ահա սա է ազգի մեծությունը, որովհետև ազգի մեծությունը ամենևին էլ նրա թվաքանակով չէ, որ չափվում է, ինչպես որ մարդու մեծությունը չի չափվում նրա հասակով: