– Բայց Ղափանում հո մերոնց կոտորեցի՞ն: – Սա դարձյալ Ալլահվերդին էր:
– Եթե մենք լուրջ մարդիկ ենք, – շատ հանգիստ ձայնով խոսեց Միալի մուալիմը, – և խոսում ենք լրջորեն, չպետք է զրույցի թեմա դարձնենք փողոցային հիմար ասեկոսեներն ու ոմանց միտումնավոր խզբզանքները՝ թերթերում: Կա փաստ և կա խորհրդածություններից հանած մտացածին ենթադրություն, դրանք տարբեր բաներ են, մենք պարտավոր ենք խոսել միայն փաստերի լեզվով: Այսպես, ուրեմն, ես, որպես գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, որպես յոթանասունամյա մի մարդ, որը մի քանի լեզու գիտե, այդ թվում նաև՝ հայերեն, նրանց մամուլն ու պատմիչներին կարդում է ոչ թե թարգմանությամբ՝ կանխամտածորեն վերափոխված ու գիտակցաբար աղավաղված, այսինքն՝ միտումնավոր խեղաթյուրված, այլ բնագրով, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ղափանում ոչ մի ադրբեջանցու սպանություն չի եղել: Սուտ է այդ բոլորը: Սումգայիթում, Կիրովաբադում ու մյուս վայրերում տեղի ունեցած հայկական կոտորածներից հետո Հայաստանի լեռնային Գուգարքի շրջանում ընդհարումներ են եղել, որի ժամանակ մի քանի հայեր ու ադրբեջանցիներ են սպանվել: Հաշվի առնելով այն, որ յուրաքանչյուր մահ ինքնին ողբերգություն է, ասեմ, որ Հայաստանի տարածքում, ուր մինչ այս դեպքերը հարյուր վաթսուն մեկ հազար ադրբեջանցիներ էին ապրում, քսաներեք ադրբեջանցի է զոհվել: Մեր պառլամենտում քանիցս նշվել է այդ թիվը: Այսքանն է: Այնինչ սպանված հայերի թիվը մեզ մոտ հարյուրների է հասնում: Միայն Բաքու քաղաքում, Կիրովաբադ, Սումգայիթ-բան չհաշված, չհաշված Լեռնային Ղարաբաղն ու շրջանները՝ Շամախի, Աղսու, Իսմայիլլի, Շամխոր, Շաքի, Դաշքեսան, Շահումյան, Խանլար և այլն, կես միլիոնից ավել հայ էր ապրում, այսինքն՝ մոտ երեք անգամ ավելի, քան Հայաստանի բոլոր ադրբեջանցիները միասին վերցրած: Իմ տղան, չեմ ասում որտեղ, բայց բարձր տեղ է աշխատում և, համոզված եղեք, որ նա գիտի ճշմարտությունը: Մնացածը՝ ինչ հեռուստատեսությունն է հաղորդում կամ թերթերում են մոգոնում, զուտ քաղաքակականություն է՝ հեռու ճշմարտությունից:
– Բայց դուք հո չե՞ք ժխտի, որ դաշնակները տասնութ-քսան թվականներին բռնություններ արեցին մեր դեմ, – ասաց Ալլահվերդին: – Անդրանիկը Ղարաբաղում ինչեր ասես, որ չարեց մեր խաղաղ բնակչության հետ: Ի միջի այլոց, Ռասուլ Ռզայի հայտնի բանաստեղծությունը՝ Անդրանիկի դեմ, ես եմ մտցրել նրա երկերի առաջին հատորի մեջ:
– Նախ՝ Անդրանիկը երբեք չի եղել Ղարաբաղում, երկրորդն էլ՝ քո ասածը մեր այս խոսակցության հետ ոչ մի կապ չունի, – մի տեսակ դժգոհ տոնով ասաց Միրալի մուալլիմը: – Բայց կպատասխանեմ: Այո՛, – հաստատեց նա, – բնավ չեմ ժխտում դա, Զանգեզուրում ադրբեջանական երեսուն գյուղ ավերվեց, չեմ ժխտում՝ չարիքը չարիք է հարուցում, սակայն եկեք հիշենք մուսավաթականների արածները, երբ նրանք, դավադիր թողտվությամբ վրացիների (որոնք, օգտվելով հայերի ծանր վիճակից, զավթեցին Ախալքալաքը, Ախալցխան ու Լոռու մեծ մասը), թուրքական Նուրի փաշայի զորքի հետ Թիֆլիսից Գյանջայի վրայով տասնութ թվի սեպտեմբերին եկան Բաքու՝ ճանապարհին ավարի ու ավերի ենթարկելով ինչ որ հայկական էր: Երեք օր ու երեք գիշեր ու դրանից էլ հետո, հայկական կոտորած էր այստեղ: Ի միջի այլոց, Բաքվի այդ կոտորածի համար մուսավաթական կառավարության ներքին գործերի նախարար Ջիվանշիր Բեհբուդխանին, որին, ընտանիքի հետ միասին, Շահումյանն իր տանը պատսպարել, փրկել էր մարտյան դեպքերի ժամանակ, և վարչապետ Խան-Խոյսկուն հայ վրիժառուները մահապատժի ենթարկեցին, Ջիվանշիրին՝ Ստամբուլում, Խան-Խոյսկուն՝ Թիֆլիսում, ինչպես որ տասնհինգ թվականի կոտորածների համար սպանեցին Թալեաթ փաշային, Էնվեր փաշային, Ջամալ փաշային, մեծ վեզիր ու վարչապետ Սայիդ Հալիմ փաշային ու մյուսներին… Ի դեպ, Թալեաթի մասունքները Թուրքիային են հանձնվել Հիտլերի կարգադրությամբ: Բաքվում այն ժամանակ էլ այսօրվա պես ավերում, այրում էին հայերի տները, հափշտակում նրանց ունեցվածքը, բռնաբարում կանանց ու երեխաներին՝ հինգ-վեց տարեկանից սկսած մինչև վաթսուն-վաթսունհինգ տարեկանները, և նրանց ձեռքը բռնող չկար: Ձեզ եմ պատմում, ուրիշ տեղ չեմ պատմի, որովհետև պատմելու բան չէ սա, պետական գաղտնի արխիվում եմ կարդացել: Հայերից այդ օրերին հինգ հարյուր յոթանասուներկու հոգի բռնաբարվել է, եղել են բազմաթիվ դեպքեր, երբ միևնույն անձնավորությունը բռնաբարվել է մի քանի անգամ և մի քանի մարդկանցից և կամ կողոպտիչների միևնույն խմբի կամ տարբեր խմբերի մարդկանց կողմից: Եղել են դեպքեր, երբ դեռահաս աղջիկներ՝ տասը, տասներկու, տասնչորս տարեկան, բռնաբարվել են ծնողների ներկայությամբ, եղել են դեպքեր, երբ մորը և աղջիկներին բռնաբարել են միաժամանակ և իրար ներկայությամբ, եղել են դեպքեր, երբ սրի են քաշել ընտանիքի տղամարդկանց և նրանց դիակների կողքին բռնաբարել նրանց կանանց, մայրերին, դստրերին, քույրերին…