– Սումգայիթում էլ է էդպես եղել, – արձագանքեց Ալլահվերդին, բերանը լայն բաց արած՝ ամբողջ դեմքով երկար հորանջեց: – Քաղբյուրոյի նիստում, այդ մասին ես կարդացել եմ, Յազովը նշում է, որ Սումգայիթում ադրբեջանցիները երկու հայ կնոջ կուրծք են կտրել, մի կնոջ էլ գլխատել են, իսկ մի հայ ջահել աղջկա, էդ սղագրության մեջ դա էլ կա նշված, ուղղակի մաշկահան են արել: Մեր ժողովուրդն էդպես է՝ արյան հոտ առավ, էլ չես կանգնեցնի…
– Եվ մենք կոչվում ենք ա՞զգ, – բորբոքվեց Միրալի մուալլիմը: – Կոչվում ենք մա՞րդ: Այդ դեպքում՝ ո՞րն է գազանը, եթե մենք մարդ ենք… Պաշտոնական թվերով, այդ տասնութ թվականին Բաքվում հազար հարյուր քառասուներկու հայ հարս ու աղջիկներ են առևանգվել երկու ամսվա մեջ, իսկ թե իրականում քանի հոգու են առևանգել, աստված գիտե: Նրանց թաքցնում էին Բաքվին մոտիկ արվարձաններում, դաչաներում, գյուղերում, մի մասը ծախել են Պարսկաստանի քուրդ բեկերին, մի մասը՝ տարել Թուրքիա և արաբական երկրներ: Բաքվի Հայոց ազգային խորհուրդը շատ է չարչարվել՝ գտնել ու փրկել նրանց, բայց, ապարդյուն, չեն կարողացել գտնել: Քաղաքի այն ժամանակվա հարյուր տասը հազար հայ ազգաբնակչության համարյա կեսը բնաջնջվեց այդ օրերին: Իսկ ի՞նչ եղան թուրքական զորքի առջևից փախած այն քսանհինգ հազար մերկ ու անոթի հայերը՝ Եվլախից, Գյոքչայից, Աղդաշից, Աղսուից, Շամախուց ու այլ տեղերից, որոնք ահավոր պայմաններում պատսպարվել էին մալականների գյուղերում՝ Մարազա-բան, ոչ ոք չգիտե, ինչպես որ անհայտ է նաև ավստրա-գերմանական ռազմաճակատից տուն վերադարձող տասը-տասներկու հազար այն հայ զինվորականների ճակատագիրը, ովքեր Շամխորի հունվարյան արյունոտ դեպքերից հետո, որում իրենց մեծ մեղքն ունեն նաև վրաց մենշևիկները, հատկապես Նոյ Ժորդանիան ու Ռամիշվիլին, ճանապարհները փակվելու պատճառով, մնացել էին Բաքվում: Ալյաթ կայարանից սկսած, երկաթուղու ամբողջ երկարությամբ՝ Քյուրդամիր, Լյաքի, Հաջիգաբուլ, Խալդան, Ուջար, մինչև Վրաստանի սահմանը՝ Փոյլու կայարան, համակենտրոնացման ճամբարներ էին ստեղծված, հազարավոր հայ տղամարդկանց գիշեր-ցերեկ բանեցնում էին այդ ճամբարներում, տանջամահ անելով սպանում: Բանտերը նույնպես լցված էին հայերով, որոնք անասելի կտտանքների էին ենթարկվում այնտեղ: Փողոցներից ու տներից, առանց որևէ պատճառի, տանում էին հայ մարդկանց և այլևս ոչ ոք չէր տեսնում նրանց: Ավաղ, անմեղ զոհերի արյամբ ստեղծվեց մեր առաջին պետությունը: 1916 թվականին Շաքիի տարածքում քառասունհինգ հազար հայ էր ապրում, Նուրի փաշայի զորքն այնտեղով անցնելուց հետո մնացել էր չորս հազար հայություն: Նույնը և մյուս տարածքներում, Շամախու տարածքում, ուր յոթանասուներկու հազար հայ էր ապրում, 1926 թվականի մարդահամարով մնացել էր տասներկու հազար, վաթսուն հազարը ոչնչացվել էր: Իսկ ի՞նչ արեցին մուսավաթականներն ու թուրքերը Ղուբայի, Խաչմազի ու Լենքորանի բազմահազար հայության հետ: Տասնյակ գյուղեր հայաթափ եղան այդ շրջաններում: Նուխիում մի քանի օրվա ընթացքում տասնմեկ հայկական գյուղ հրդեհվեց: Մի տասնամյակ հազիվ չանցած, կրկին անգամ ավերվեցին Նախիջևանի, Օրդուբադի, Արեշի, Ղազախի, Եվլախի, Գյոքչայի, Աղսուի, Աղդաշի բոլոր հայկական գյուղերն ու Ագուլիս քաղաքը: Միայն ներկայիս Շամախու շրջանում, ինչպես ասացի, քսանհինգ գյուղ ավերվեց, չհաշված Շամախու հայկական թաղամասը, չհաշված հենց Ղարաբաղի մոտ հարյուրի հասնող գյուղերն ու Շուշի քաղաքը: Վրացական «Ցկորի Ֆուրցելի» թերթը Շուշի քաղաքի ավերման մասին այդ օրերին գրել էր, թե Կովկասում մի ադամանդ կար, թուրքերը փշրեցին: Մեր խոսքն այդ մասին չէ այսօր:
– Բոլոր դեպքերում հայերը մեզնից չպետք է պահանջեին Ղարաբաղը, – մահճակալի վրա մեկնվելով ու վերստին ձայնեղ հորանջելով՝ ասաց Ալլահվերդին:
– Այս հարցում ես համակարծիք եմ քեզ, – վրա բերեց Միրալի մուալլիմը: – Ասեմ՝ ինչու:
Ալլահվերդին գլուխը թեքեց, ուշադիր նայեց զրուցակցի կողմը:
– Նախ, ասեմ, որ Ղարաբաղը մեզ համար զուտ տարածք է, նրանց համար սուրբ հայրենիք, երկրորդը՝ հայերը Ղարաբաղը մեզնից չպետք է պահանջեին, որովհետև Ղարաբաղը, ինչպես և Նախիջևանը, ոչ թե Ադրբեջանն է խլել Հայաստանից, – շարունակեց նա, – այլ Մոսկվան է նվիրել մեզ: Ճիշտ այդ ձևով, 1921 թվականին, համաձայն մոսկովյան պայմանագրի, Արարատ լեռը, մերձակա հայկական շրջանների հետ միասին, տրվեց Թուրքիային, փոխարենը ստանալով Բաթումին, որը միացվեց Վրաստանին: Դրա համար էլ, այստեղ ես համաձայն եմ քեզ հետ, հայերը Ղարաբաղը պետք է պահանջեն ոչ թե Ադրբեջանից, այլ Մոսկվայից, որը և հեղինակն է ազգամիջյան այս ընդհարումների և թշնամության: Ահա քեզ նոր ապացույց. ասօր Բաքու քաղաքում հայերին անխնա կոտորում են՝ Գորբաչովը Լեռնային Ղարաբաղում է անձնագրային ռեժիմ ու արտակարգ դրություն մտցնում, ուր ապաստան են գտել Սումգայիթից և այլ վայրերից փախած հայերը: Սումգայիթը նույնպես ոչ թե ադրբեջանցիները կազմակերպեցին, այլ ադրբեջանական կուսակցական մաֆիան՝ համաձայն Կրեմլից տրվող հրահանգների: Ինչո՞ւ չկանխվեց կոտորածը, ինչո՞ւ զորքը երեք օր պարապ կանգնած՝ չէր միջամտում: Ներքին գործերի նախարարի հրամանով մոտ օրերս բանտերից յոթհարյուր քրեական հանցագործներ ազատ են արձակվել, ինչո՞ւ: Պարզ է, թե ինչու: Գիտե՞ք, թե ժողովրդական ճակատի ղեկավարներից մեկին՝ Սամեդ Վուրղունի ավագ որդուն՝ Յուսիֆ Սամեդօղլուն ինչ է պատասխանել կուսակցության Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Աբդուռահման Վեզիրովը: Սամեդօղլու հաղորդմանը, թե շաբաթ օրը, հունվարի տասներեքին, քաղաքում հայերի ջարդ է սպասվում, հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել, նա պատասխանել է. «Ոչինչ, թող տղերքը մի քիչ լիցքաթափվեն»: