Միրալի մուալլիմը քիչ լռեց, ասաց.
– Ահա թե ինչ է նշանակում հանգամանորեն կազմակերպված կոտորած: Այո, բոլոր նշաններով կազմակերպված կոտորած է՝ հովանավորված վերևից: Սա կայսրության հետևողական քաղաքականություն է՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով: Ինչո՞ւ սումգայիթյան ցեղասպանության, այդ ահավոր ոճրագործության կազմակերպիչներն ու իրագործողները չստացան իրենց արժանի պատիժը: Եթե ստանային՝ Բաքուն չէր լինի այսօր: Երկրի ղեկավարությունը ոչ պակաս ծանր հանցանք գործեց՝ Սումգայիթում, ըստ ազգային պատկանելության հայերի զանգվածային կոտորածը որակելով որպես քրեական սովորական հանցանք: Ինչո՞ւ հետաքննության ղեկավարումը հանձնարարվեց մեկին, ով մեղսակից էր այդ գործում: Մի՞թե պարզ չէր, որ այդ Կատուսևն ամեն ինչ պիտի աներ՝ գործը տապալելու համար: Ո՞վ պետք է պատասխան տա այս բոլորի համար: Ասեմ ձեզ՝ ոչ ոք: Որովհետև ազգամիջյան պառակտումն ու կոտորածները կատարում են նրանք, ովքեր դեմ են վերակառուցմանը, նրանք կկործանեն և՛ վերակառուցումը, և՛ Գորբաչովին, ինչպես ժամանակին կործանեցին Խրուշչովին, հրահրելով նրան հարձակվել մտավորականության վրա, դրանով իսկ զրկելով նրան երկրում իր վերջին համախոհից, այն համախոհից, որը երախտապարտ էր նրան ճամբարներից ազատելու համար: Վերակառուցման հակառակորդները չէի՞ն, արդյոք, որ քաղբյուրոյի փակ նիստում որոշեցին քաղբյուրոյի երկու անդամներին՝ Ալեքսանդր Յակովլևին և Եգոր Լիգաչովին ուղարկել Անդրկովկաս՝ մեզ մոտ: Յակովլևին՝ Երևան, ուր նա հայտարարեց, թե Ղարաբաղը Հայաստանի պատմական տարածքն է, Լիգաչովին՝ Բաքու, ուր նա ասաց բոլորովին հակառակը՝ «Ղարաբաղը կմնա Ադրբեջանին»: Եվ, ահա, այստեղ կրկին գլուխ բարձրացրին Սումգայիթի կազմակերպիչներն ու նրանք, ովքեր սիրում են էժանագին միավորներ հավաքել ժողովրդի մեջ: Չնայած, իրականում նրանք թքած ունեն ժողովրդի վրա: Քիչ առաջ ձեզնից ո՞րն էր՝ հեռագրասյուներից կախում էր Զորի Բալայանին, Սերո Խանզադյանին… Իսկ ոչ մի մեղք չունե՞ն, արդյոք, Զիա Բունիաթովը, որի առաջին կինը, ի միջի այլոց, հայուհի է, պատերազմի ժամանակ նա է հոսպիտալում մահից փրկել պատժիչ գումարտակի հրամանատար Բունիաթովին, նրանից նա մի տղա զավակ ունի, Բախտիար Վահաբզադեն, որի տատը նույնպես հայուհի է, Բայրամ Բայրամովը, Խալիլ Ռզան, Հասան Հասանովը, Սաբիր Ռուստամխանլին, Զեյնաբ Խանլարովան, Ազատ Շարիֆովը, մյուսները: 1905 թվականին, երբ Նիկոլայ Երկրորդը մեր երկու ժողովուրդներին դավադրաբար հանեց իրար դեմ, ու նմանապես տասնութ թվականին, Բաքվի կոմունայի պարտությունից հետո, մեր ժողովուրդների արժանավոր զավակները՝ Սաբիրը, Հովհաննես Թումանյանը, Ջաբար Ջաբարլին, ղարաբաղցի բանաստեղծ ու հայտնի բժիշկ Լևոն Աթաբեկյանը, որը մարտ ամսին սպանվեց սպիտակ դրոշը բռնած հաշտության գնալիս, ոտքի ելան ընդդեմ վայրագության՝ դատապարտելով դրանց կազմակերպիչներին ու հեղինակներին: Իսկ ի՞նչ են անում այսօրվա մեր գրողները, մշակույթի մեր գործիչները, նրանք զբաղված են մեր ժողովուրդներին իրար դեմ լարելով, կրքեր բորբոքելով: Դժբախտաբար, և՛ հայերը, և՛ ադրբեջանցիներս, շարունակ ճգնում ենք ապացուցել, թե ինչն է մեզ զատում իրարից, երբեք չմտածելով, որ մեզ միացնողը, իրար կապողը, ախր, ավելի շատ է, քան տարանջատողը: Չնչին բացառությամբ՝ նույնն են մեր ադաթները, երաժշտությունը, երգն ու պարը, համով-հոտով կերակուրները, հարգանքն ու պաշտամունքը՝ ծնողների և առհասարակ մեծերի ու կանանց հանդեպ, նույնն ենք ընտանեկան պատվի, հյուրասիրության, նամուսի ու բարոյականության հարցերում, նույնն են մեր հարսանիքները, սրտալի խոսքն ու զրույցը, ծիծաղն ու ուրախությունը, նույնն է համարյա ամեն ինչ՝ հարազատ ու սրտամոտ, պարզապես անտեսվում են այդ բոլորը, որովհետև Կրեմլին ու մեր վերնախավին ձեռնտու չէ դա: