Выбрать главу

Տիրեց լռություն:

– Անգլիացները հազարավոր մղոն հեռավորության վրա գտնվող Ֆոլկլենդի կղզիներ հասան երեք օրում, նույնքան ժամանակ պահանջվեց նաև մեր զորքերի համար, որպեսզի Սումգայիթի կողքին գտնվող Նասոսնի ռազմական բազայից հասնեն Սումգայիթ: Սումգայիթում երեք ժամ չէ, Գորբաչովը ստում էր՝ ինչպես միշտ, երեք օր ուշացավ զորքը, քանի՞ օր կուշանա այստեղ, Բաքվում՝ հայտնի չէ: Ամոթալի արարքներ գործող մարդկանցից շատերը պերճախոս ճառ ասողներ են լինում: Գորբաչովը դրանցից է… Այսօր 1990 թվականի հունվար ամիսն է, ես կասեի սև հունվար ամիսը, խոսքս լավ հիշեցեք, այս կոտորածը պատրվակ է՝ հատուկ կազմակերպված, զորքը Բաքու մտցնելու համար: Եվ այն էլ ոչ թե հայերին պաշտպանելու, այլ առաջիկա խորհրդարանական ընտրություններն արտակարգ դրության պայմաններում անցկացնելու, կոմունիստական ռեժիմը պահպանելու համար: Շուտով դուք դրա վկան կլինեք:

– Միրալի մուալլիմ, – նստելով մահճակալին, շողոմ ու խռպոտ ձայնով ասաց Ալլահվերդին: – Տեսնում եմ, ֆենոմենալ հիշողություն ունեք և պատմություն էլ լավ գիտեք: Ես էլ վատ չգիտեմ, բայց ես գրականության մասնագետ եմ, ի միջի այլոց, բանաստեղծությունների մի երկու գիրք եմ հրատարակել: Լսած կլինեք՝ Ալլահվերդի Մամեդլի: Մի խոսքով, պատմության մասնագետ չեմ: Ռասուլ Ռզայի երկերի վեցհատորյակը ես եմ խմբագրել, շատ անգամ եմ հանդիպել նրա հետ Պասսաժի՝ երկրորդ հարկի իր շքեղ տանը: Նա ասում էր, որ Ղարաբաղի հայերը եկվոր են, Գրիբոյեդովն է նրանց Իրանից փոխադրել մեզ մոտ՝ Ադրբեջան: Նա մի բան էլ է ասել, որ չի գնում իմ մտքից: Ասում էր՝ հողը, ձին և սեփական կնոջը ուրիշի տալ չի կարելի, դրանք, ասում էր, արյան գնով են նվաճվում:

– Ես եղել եմ Ֆրանսիայի ազգային գրադարանում, այնտեղ 17-րդ դարի մի հազվագյուտ քարտեզ է պահպանվում, իտալացի հայտնի քարտեզագետ Ջակոմա Կանտելլիի գծագրած քարտեզն է, ըստ որի՝ Արաքս գետից աջ ու ձախ ընկած տարածություններում, ընդհուպ մինչև Քուռ գետի աջափնյա ամբողջ տարածքը, հայեր են ապրել: Միայն հայեր: Մեր հետքն անգամ էդ տեղերում չի եղել: Այդ քարտեզում Հայաստանի մեջ են ընգրկված ոչ միայն Վանը, Կարինը, մեր լեզվով՝ Էրզրում, Ղարսն ու Անին, այլև Նախիջևանը, Շուշին ու Ջուղան, որ մենք հետագայում կոչեցինք Ջուլֆա: Ի՞նչ են գրում աշխարհի հանրագիտարանները մեր մասին: Ասեմ՝ ոչինչ չեն գրում: Բրիտանական հանրագիտարանի առաջին տպագրությունը թվագրվում է 18-րդ դարով: Ռուսական կայսրության Բրոքգաուզի ու Եֆրոնի հանրագիտարանը սկսել է տպվել 1890-ից և ավարտվել 1907-ին: Իսլամի թեմայով առաջին հանրագիտարանը հրատարակվել է 1913-ից: Հանրագիտարանների վրա աշխատել են տասնյակ մասնագետներից բաղկացած խմբեր լավագույն գիտական հաստատություններից: Հատկապես ուշագրավ է թվում Իսլամի հանրագիտարանը, որի առաջին հրատարակությունը տպվել է Նիդեռլանդների Լեյդեն քաղաքում, ուր Ադրբեջան անունը վերաբերում է բացառապես Իրանական Ատրպատականին: Որևէ Կովկասյան Ադրբեջանի մասին հանրագիտարանում խոսք չկա: Ըստ հանրագիտարանի՝ Ադրբեջանը հյուսիսից սահմանակից է Կովկասին: Այսինքն, հանրագիտարանի համաձայն, Կովկասում Ադրբեջան չկա, այլ միայն Կովկասից հարավ: Հանրագիտարանը որպես մահմեդական աշխարհի հետ շփումներ ունեցող և աշխարհագրորեն մոտ երկիր համապարփակ անդրադառնում է Հայաստանին: Ընդ որում, եթե Ատրպատական-Ադրբեջանի բաժինը գրքում զբաղեցնում է մեկուկես էջ, Հայաստանինը՝ տասնչորս էջ է, իսկ Ղարաբաղի մասով նշվում է, որ նախկինում այն հանդիսացել է Հայաստանի Արցախ նահանգը: Բրիտանական հանրագիտարանում նույնպես Կովկասյան Ադրբեջանի մասին հիշատակում չկա: Բրոքգաուզի և Եֆրոնի՝ Սանկտ-Պետերբուրգում հրատարակած «Մեծ հանրագիտարանում» քո հարցի պատասխանը կա: Բայց, ոչինչ, սպասիր մի ադելֆան խմեմ, պատասխանդ տամ, – երկար ընդմիջումից հետո խոսեց Միրալի մուալլիմը: – Ճնշումս մի քիչ բարձրացավ:

Ես լսեցի շշից բաժակի մեջ թափվող ջրի ձայնը: Երևի նա դեղահաբից հետո ջուր էր խմում: Պառկա՞ծ էր նա, թե նստած՝ չգիտեի, ես չէի տեսնում նրան: Ալլահվերդին՝ ձեռքը ծնոտի տակ, սպասում էր իր հարցի պատասխանին:

– Այդ հանրագիտարանում, – հանդարտ սկսեց Միրալի մուալլիմը, – «Ադրբեջանը» գործածված է որպես զուտ աշխարհագրական հասկացողություն և բնավ ոչ որպես երկիր, պետություն: Դու ճիշտ ես, – դառնալով Ալլահվերդուն, ասաց Միրալի մուալլիմը, – եթե բնությունն ինձ մի լավ բան է տվել, ապա դա, իրոք, բացառիկ հիշողությունն է, դրա համար հատորն էլ կարող եմ ասել, էջն էլ՝ երկրորդ հատոր, էջ՝ 212: Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ «Ադերբիջան, Ադերբեյջան, Ադերբայջան, Ազերբեյջան կամ Ազարբայջան՝ մարզ Պարսկաստանի հյուսիսային մասում, Ուրմիա մեծ լճով, հարավային սահմանագիծն է Կիզիլ-Ուզեն գետը, հյուսիսայինը՝ Արաքսը… բնակեցված գլխավորապես պարսիկներով, բայց կան և քոչվոր ցեղեր: Հայ և հունահռոմեական գրողներն այն կոչում են Ատրոպատեն»: Այսօրվա Ադրբեջանի մասին խոսք չկա, Հայաստանի մասին կա, այն էլ մի քանի էջ, Վրաստանի մասին կա, Դաղստանի մասին՝ նույնպես կա, ընդ որում՝ Քյուրինգի և Ղուբայի գավառները՝ Բաքու և Դերբենդ քաղաքներով, մտնում էին Հարավային Դաղստանի կազմի մեջ: Այդ ամենի մասին, այո, կա, բայց այսօրվա Ադբեջանի մասին՝ ոչ մի խոսք: Որովհետև, ինչպես մինչ այդ, այնպես էլ այն ժամանակ, այսինքն՝ ուղիղ հարյուր տարի առաջ, Արաքսից հյուսիս՝ Արևելյան Անդրկովկասի այս ամբողջ տարածքում, Ադրբեջան անունով երկիր չի եղել ու չկար, գոյություն չուներ: Տասնյոթերորդ դարի թուրք պատմիչ Չելեբին «Ջիհան-նյումա»-ում բերում է 1222 թվականին վախճանված Մակամատայի Շարնեշի խոսքերն այն մասին, որ Հայաստանը կազմված է երեք մասից, դրանցից առաջինը Դեբիլն է, Կալիկալան, Խլաթն ու Շեմիսաթը, երկրորդը՝ Պարտավը, Բայլականը, երրորդը՝ Նախիջևանը: Պարտավն ու Բայլականը ընդգրկում էին ողջ Կուր-արաքսյան միջագետքը, այսինքն՝ Առանը, որը, ըստ արաբ, պարսիկ, թուրք, եվրոպացի հեղինակների՝ Հայաստանի հյուսիս-արևելյան մասն էր կազմում: Առանի մայրաքաղաք Պարտավը, այսօրվա Բարդա քաղաքն այսինքն, միջնադարում Էրմյանի Շեհար* էր կոչվում, Բարդայի մոտ, հսկա չինարու տակ, այսօր էլ աղբյուր է բխում՝ Էրմյանի Բուլագ** անունով: – Մի խոսքով, – հանգիստ տոնով շարունակեց Միրալի մուալլիմը, – Ադրբեջան անունով երկիր չկար այս տեղերում, այն ստեղծվեց 1918 թվականին՝ մեծամասամբ Դաղստանի, Հայաստանի, Վրաստանի և Թալիշստանի հաշվին՝ մեր եղբայրակից թուրքերի, անգլիացիների և բոլշևիկների օգնությամբ: Ու նաև անձամբ Ստալինի ջանքերով, Ստալինի շնորհիվ, որովհետև Շահումյանին գնդակահարելուց հետո, որի մեջ, անշուշտ խառն էր Ստալինի մատը, Կովկասին վերաբերող բոլոր զեկույցները, բոլոր հարցերը Լենինը նրան էր մակագրում, նրա հետ էր խորհրդակցում: Մեզ հատկացված այդ տարածքների վրա ապրող ազգություններն ու քոչվոր մուսուլման ցեղերը՝ համշարի, թուրք, քուրդ, թարաքյամա, թաթար, քյոլանի, դաղլի, հյուսիսային շրջաններում բնակվող լազ, աղվան, լյազգի, իրանախոս թալիշ ու թաթ և այլն, նույն Ստալինի թելադրանքով նորաստեղծ երկրին տրված «Ադրբեջան» ժամանակավոր անունով երեսունվեց թվականից սկսեցին կոչվել ադրբեջանցիներ: Դե, եթե երկիրը կա, այդ երկրին պատմություն է պետք: Որոշվեց ստեղծել և այդ պատմությունը: Ստալինի առաջարկությամբ երեսունութ թվականին ռուս գիտնական Դյակոնովի գլխավորությամբ