Выбрать главу

*Էրմյանի ՇեհարՀայի քաղաք

**Էրմյանի ԲուլագՀայի աղբյուր

հանձնաժողով ստեղծվեց, որի մեջ մտնում էր նաև հայ պատմաբան Սուրեն Երեմյանը: Նրանց գործն այնուհետև շարունակեց Յանպոլսկին, վաթսունական թվականներից սկսած Զիա Բունիաթովը և ուրիշներ: Սկզբում խոսք կար միդիացիներին համարել մեր նախահայրերը, հետո որոշվեց՝ աղվաններին: Մեզ մոտ՝ Բաքվում, քսաներեք թվականին գիրք է հրատարակվել «Համառոտ ակնարկ Ադրբեջանի պատմության»: Եվգենի

Պախոմովն է հեղինակը, ինչ որ ասում եմ, այնտեղ լրիվ կա, կարող եք կարդալ: Եթե գտնեք իհարկե… – Նա քիչ հապաղեց, ավելացրեց, – Ասենք, հազիվ թե գտնեք:

– Ինչո՞ւ, – տարակուսեց Ալլահվերդին:

– Սուլթան Աբդուլլա Համիդի՝ գրաքննության մասին հայտնի հրահանգի յոթերորդ հոդվածով Օսմանյան տերության մեջ արգելված էր «Հայկական լեռնաշխարհ», «Հայաստան» և պատմության ու աշխարհագրության վերաբերյալ նման այլ անունների հիշատակումը: Ես էլ եմ նույն հարցը տալիս՝ ինչո՞ւ:

Տիրեց լռություն:

– Իսկ Ռասուլ Ռզան քեզ չի՞ ասել, որ Բալաբեկ Լալաևի այդ շքեղ տան մեջ, ուր նա փառավորապես ապրում է, քսանչորս հոգու՝ բոլոր տնեցիներին, մանկահասակ երեխաների հետ միասին, իր եղբայրակիցները մորթոտել են հինգ թվականի փետրվարի իննին, իսկ իրեն՝ Լալաևին ու նրա կնոջը, ուղղակի տան սանդուղքների վրա գնդակահարել են՝ տիրելով նրա շքեղ տանն ու ունեցվածքին:

Նորից լռություն:

– Թե Ռասուլ Ռզան քեզ ինչ է ասել, ես չգիտեմ, քեզ է ասել, ինձ չի ասել, – ի վերջո կրկին խոսեց Միրալին մուալլիմը: – Ինչ վերաբերում է Գրիբոյեդովին, դա ճիշտ է: Նրա աջակցությամբ և անմիջական օգնությամբ, համաձայն Թուրքմենչայի պայմանագրի, քառասուն հազար հայեր փոխադրվել են Հայաստան, Արարատյան դաշտ: Բայց այդ հայերը ոչ թե տարաբնակեցվել են, այլ վերադարձել են Հայաստան, որտեղից 1604-1605 թվականներին նրանց քշել էր Շահ Աբբասը: Նա երեք հարյուր հիսուն հազար հայ էր քշել Պարսկաստան, ավերելով նրանց գյուղերն ու քաղաքները: Մի այդքան էլ Նադիր շահն է քշել 1734-ին: Այդ վերադարձած հայերով բնակեցված ընդամենը մի քանի գյուղ կա Ղարաբաղում: Մեկն էլ Շամախու շրջանում է՝ Մադրասան, Սաղյան հինավուրց գյուղի մոտ: Մեսրոպ Մաշտոցն այս Սաղյանում հայերեն դպրոց է հիմնել: Այն, ինչ կասեմ ձեզ, ինչպես քիչ առաջ ասացի, ես ուրիշ տեղ չեմ պատմի, իհարկե: Հայերն ասում են՝ շիտակ խոսողի ձին դուռնա պետք: Բայց ճշմարտությունն իմանալ պարտավոր ենք… Ղարաբաղի տարածքում, կամ ինչպես հնում էին ասում՝ Արցախում (տարբեր ժամանակներում կոչվել է նաև Օրխիստան, Ծավդեք, Փոքր Սյունիք, Հայոց Արևելից աշխարհ, Խաչեն), սկսած Սևանա լճի արևելյան ափից մինչև Արաքս ու Քուռ գետերը, այնտեղից էլ մինչև Վրաստանի հարավային սահմանները, հայերն ապրում են վաղնջական ժամանակներից և ոչ թե Գրիբոյեդովից հետո: Այլապես բյուզանդական թագավոր Կոնստանտինը տասերորդ դարի առաջին կեսին իր նամակը չէր հղի՝ «Հայաստան, Խաչենի իշխաններին»: Բնիկ շուշեցի, մեր դասական գրող Յուսիֆ Վեզիր Չեմենզամանլիի «Ալի և Նինո» վեպում մի հատված կա, ուր նկարագրվում է, թե ինչպես Բաքվից Շուշի հանգստանալու եկած Ալիին տանտեր ադրբեջանցին մանրամասնորեն պատմում է իրենց նախնիների Ղարաբաղ գալու մասին ու նաև բացատրում է, որ հնում Ղարաբաղը կոչվում էր Աղվանք, իսկ ավելի վաղ շրջանում՝ Արցախ: Կարդացեք Քսենոֆոն-Ստրաբոնից մինչև Մարկո Պոլո, Ալիշան ու Օրբելի, նմանապես արաբական ու հունա-հռոմեական բազմաթիվ հեղինակների երկերը, և դուք կտեսնեք, որ Քուռ գետի աջափնյա մշակութային միջավայրը եղել է հայկական, այդ միջավայրի ստեղծագործություններն էլ եղել են հայերեն: Հայկական են այդ ամբողջ տարածքի վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, բերդամրոցները, դրանք ինքնաթիռներով փոխադրել հնարավոր չէ, պատմաճարտարապետական ու հնագիտական մյուս բոլոր հուշարձանները: Հայերեն տառերով ու հայոց լեզվով են փորագրված տասնյակ հազարավոր վիմագրությունները: Հայկական են նաև արձանագրություններում հիշատակվող դեպքերը, դեմքերը, իրադարձությունները՝ բազմիցս վկայված Համդալլահ Ղազվինիի, Շարաֆ-խան Բիթլիսիի, Ժան Շարդենի, Ջակոմա Քանտելլիի, Շառլ Դիլի, Տրեվերի, իբն Խաուկալի, էլ որ մեկն ասեմ՝ Վոլտեմարի, Ալ-Իստակամի, Լինչի, Ալ Մուգադասինի, Աբուլ-Ալ-Ֆարաջի, միջնադարյան հայ պատմիչների և այլոց երկերում, օտար հեղինակների աշխատություններում, այդ թվում նաև նախահեղափոխական շրջանի մեր բոլոր պատմաբանների գործերում: Ի վերջո, հայկական են նաև այդ հուշարձանների անունները: