Выбрать главу
Մի այլ օրինակ. գերմանացի Կարստեն Նիբուրն արտագրել, Գերմանիա է տարել Բեհիսթունի լեռանը փորագրված սեպագիր արձանագրությունը, այն վերծանելուց հետո քսանվեցերորդ պարագրաֆում կարդացել են` ես իմ հայ ծառա Դադարսիսին ուղարկեցի Հայաստան: Բեհիսթունյան սեպագիրը գրվել է մեզնից ավելի քան 2500 տարի առաջ: Դա հայերի մասին հնագույն արձանագրություններից է… Ինչպես Թիղլատպալասարը՝ մեր թվարկությունից առաջ տասներկուերորդ դարում, այնպես էլ հինգերորդ դարի սկզբին ծնված Հերոդոտոսն ու առաջին դարում ապրած քո այդ Տակիտոսը վկայում են, որ հայերն այստեղ գոյություն ունեին դեռևս մեր թվարկությունից շատ-շատ առաջ: Անդրադառնալով Հռոմի կայսր Տիբերիոսի եղբոր որդու՝ զորավար Գերմանիկի դեմ որոգայթներ լարող քաղաքագետներին, Տակիտոսը նշում է, որ Գերմանիկն իր առաջին հոգսը համարեց արագ հասնել հայերի մոտ, որոնց հողերը դարեր ի վեր, լավ լսիր, սա նրա խոսքերն են՝ դարեր ի վեր սահմանակից լինելով հռոմեական գավառներին, խոր սեպի պես խրված են միդիացիների տիրույթների մեջ… Յոթանասուն թվականնների մոտերքին, դարձյալ մեր թվարկությունից այն կողմ, Հայաստանը Մերձավոր Արևելքի ամենախոշոր տերություններից մեկն էր, գրավում էր ընդարձակ տարածքներ՝ Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով ու Կովկասից մինչև Պաղեստին ու Կիլիկիա: Բաբելոնի՝ մինչև մեր օրերը հասած կավե քարտեզի վրա վեց երկիր է նշված ընդամենը, որից մեկը Հայաստանն է… Մեր շատ պատմաբաններ, այդ թվում և Բունիաթովի աշակերտուհի Մամեդովան, ըստ երևույթին, կարիք չեն զգում կարդալու օտարազգի հեղինակներին՝ իրենց, այսպես ասած, վերացական, անհիմն դատողություններով անհարմար դրության մեջ դնելով և՛ իրենց, և՛ մեզ: Եթե կարդային, ամենայն հավանականությամբ, կտեսնեին, որ ըստ Քսենոփոնի՝ միջին դարերում փակ համարվող Չինաստան միայն հայերը մուտքի իրավունք ունեին, այդ պատճառով էլ եվրոպացի ճանապարհորդները հագնվում էին հայ վաճառականների նման, որպիսզի նմանվելով հայերին՝ իրավունք ստանային մուտք գործել Չինաստանի մայրաքաղաք կամ մեծ քաղաքների շուկաներ: Կրկնում եմ, եթե կարդային, իրոք կտեսնեին, որ օտարազգի այդ հեղինակները անխտիր ոչ թե հայերին, այլ մեզ են օտարամուտ, եկվոր ցեղեր համարում: Իսկ իրողությունը, իրոք, այն է, որ մենք բնիկ ժողովուրդ չենք: Հայտնի կովկասագետ Բեյդենբաումի՝ 1917 թվականի «Կավկազսկի կալենդարում» տպագրված ծավալուն հետազոտությունն անհերքելիորեն ապացուցում է, որ Անդրկովկասի մահմեդականները ներկայացուցիչներն են մոնղոլական ռասայի, մնացուկները Բայկալի այն կողմերից եկած թյուրք-թաթարական ցեղերի, որոնց համար, որպես տափաստանային քոչվոր ցեղերի, այս տարածքները շատ բարենպաստ էին, և նրանք մնացին ու բազմացան այս տեղերում… Դառնալով հայերի մեծ ջարդին, – ավելացրեց նա հոգնաձայն, – վատ չէր լինի իմանայիք, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջին կանցլեր Ադենաուերը Երուսաղեմում, Լացի պատի առջև, ծնկաչոք ներողություն է խնդրել՝ հրեա ժողովրդի հանդեպ հիտլերյան ֆաշիզմի գործած ոճրագործության համար: Ընդ որում, այդ ոճրագործությունը տեղի է ունեցել ուրիշի երկրում՝ Գերմանիայում, այնինչ հայերին բնաջնջել են նրանց սեփական հայրենիքում, Արևմտյան Հայաստանում: Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջման քաղաքականությունը որդեգրվել է դեռևս տասնիններորդ դարի վերջերին, այլ ոչ թե առաջին համաշխարհային պատերազմի սկզբին կամ 1915-ին: Աշխարհի բազմաթիվ պետություններ ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը, – շարունակեց նա: – Թուրքիան չի ուզում ընդունել: Պարզ է, այդ ո՞ր հանցագործն է կամովին ընդունում իր հանցանքը: Չի ուզում ընդունել, որովհետև շատերը նրանցից, ովքեր Աթաթուրքի կառավարությունում բարձր պաշտոններ էին վարում և այսօր ներկայացված են որպես ազգային հերոսներ, ոչ միայն մեղսակից են հայոց ցեղասպանության մեջ, այլև մեծ հարստություն են դիզել հարյուր հազարավոր սպանվածների հաշվին: Թուրքիան հայերից գողացել էր ոչ միայն նրանց հայրենիքը, այլև նրանց մանկանց, որոնց զրկել էր իրենց ծնողներից, պատկանելությունից, լեզվից, մշակույթից, կրոնից, տուն ու տեղից: Երկու դաշնակից պետություններ` Թուրքիան ու Գերմանիան, քսաներորդ դարում իրար քաջալերելով, իրագործեցին համայն մարդկության դեմ ուղղված ամենահրեշավոր ոճիրները՝ Հայոց Եղեռնն ու Հրեական Հոլոքոստը: Այո, Թուրքիան չի ուզում ընդունել հայոց ցեղասպանությունը, որովհետև ընդունելով՝ ստիպված պիտի լինի ետ տալ Հայաստանի հողերը՝ Արարատ լեռան հարակից տարածքները, Վանա ծովը, Մուշի և Սասունի լեռնային շրջաններն ու հյուսիս-արևելյան մի շարք վիլայեթներ, ինչպես նաև վերադարձնել սպանված հայերի՝ հարյուր միլիարդավոր դոլլարների հասնող դրամը՝ զանազան բանկերում, փոխհատուցել հայերին հասցված նյութական ու բարոյական ամբողջ վնասը: Ահա թե ինչու չի ընդունում: Լավ իմացեք, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել իր մեղքը և վերադարձրել հայկական հողերն ու կալվածքները ցեղասպանության զոհերի ժառանգներին, նա կշարունակի առճակատվել այլ երկրների լուրջ մարտահրավերներին և կզրկվի քաղաքակիրթ ազգերի ընտանիքում դասվելուց: Թուրքական կառավարությունը չի ընդունում, բայց թուրք առաջադեմ մարդիկ ընդունում են. համաշխարհային ճանաչում ունեցող գրող Նազիմ Հիքմաթը, շեյխ Ֆայազ էլ-Հյուսեյնը, ուրիշները… Ե՞րբ պիտի Թուրքիան ծնկաչոք ներողություն խնդրի հայերից՝ սուլթան Համիդից սկսած մինչև Թալեաթ ու Մուստաֆա Քեմալ, հայերի հանդեպ իրագործած ցեղասպանության համար, նաև այն հանցագործությունների համար, որ թուրքերի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցան մեզ մոտ հազար ինը հարյուր հինգ ու տասնութ-քսան թվերին: Իսկ ե՞րբ պետք է հայերի առջև մեղա գանք նաև մենք՝ այդ նույն հինգ ու տասնութ-քսան թվականների համար ու նաև այն ոճրագործությունների համար, որ տեղի ունեցան Սումգայիթում ու տեղի են ունենում այսօր՝ մեր աչքի առաջ: Այս գազանային կոտորածների հեղինակները վաղ թե ուշ կանգնելու են Աստծո և մարդկային դատաստանի առջև՝ իրենց աներևակայելի չարագործությունների համար պատասխան տալու համար: Սումգայիթում, ըստ Զիա Բունիաթովի, յոթ հարյուր հայ է զոհվել: Թե որքանով է դա ճիշտ, ստույգ ասել չեմ կարող, պաշտոնական տվյալներով՝ երեսուներկու զոհ է եղել ընդամենը, որը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը: ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության օպերատիվ քննչական խմբի շտաբի պետ Կրիվոպուսկովն իր հարցազրույցներից մեկում նույնն է նշում համարյա՝ որ Սումգայիթում սպանված հայերի թիվը մի քանի հարյուրի է հասնում: Սա նշանակում է, որ Բունիաթովի բերած թիվը՝ յոթ հարյուր զոհ, ամենայն հավանականությամբ, մոտ է ճշմարտությանը: Այն էլ ասեմ, որ աշխարհի ամենամեծ անամոթությունը սեփական մեղքերի ուրացումն է: