Выбрать главу

Կրկին ջրի կլկլոց լսվեց: Երևի դարձյալ դեղ էր խմում:

– Համաշխարային քաղաքակրթությունն անհնարին է պատկերացնել առանց հայերի, – քիչ անց շարունակեց Միրալի մուալլիմը: – Սա մենակ ես չեմ ասում, աշխարհի երևելի մարդիկ են ասել՝ սկսած Բայրոնից ու Մագդա Նեյմանից մինչև Մարի-Ֆելիստե Բրոսսե, մինչև Անդրեյ Սախարով, մինչև Դմիտրի Լիխաչով ու Դևիդ Լենգ: Հայերը երկու հազար տարվա թատրոն ունեն, իսկ մեր թատրոններում մինչև վերջերս տղամարդիկ էին խաղում կանանց դերերում, Մատենադարան ունեն, հոյակապ մանրանկարչություն, ճարտարապետություն ու միջնադարյան քնարական վեհասքանչ պոեզիա ունեն, որը Վալերի Բրյուսովը համաշխարհային գրականության մեծագույն նվաճումներից մեկն է համարում: Նրանք Թորոս Ռոսլին, Սայաթ-Նովա ու Փարաջանով են տվել աշխարհին, Զվարթնոց ու Գեղարդ են տվել, Նարեկացի ու Այվազովսկի են տվել, որը վեց հազար մեծարժեք կտավների հեղինակ է, ամբողջ աշխարհում առաջինը նրանք ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն, քրիստոնեությունն ընդունելուց ուղիղ ութսունվեց տարի հետո Պարսկաստանն ու Բյուզանդիան իրար մեջ բաժանեցին Հայաստանը, այնուհետև հայերը կորցրին իրենց պետականությունը, ոչնչացվեց նրանց գիրն ու գրականությունը, բայց հարյուր տարի հետո նրանք նոր այբուբեն ստեղծեցին, և դա հազար վեց հարյուր տարի առաջ էր, իսկ մենք, ահա, մինչ այսօր, ցավոք, սեփական այբուբեն էլ չունենք, կարճ ժամանակում ութ անգամ փոփոխել ենք մեր այբուբենը, ավելին ասեմ, թեկուզ դուք էլ դա լավ գիտեք: Հայրենական մեծ պատերազմի սկզբին ինչքա՞ն էր հայերի թիվը՝ մեկուկես միլիոն: Մեկուկես միլիոն հայությունը վեց հարյուր հազար զինվոր ուղարկեց ռազմաճակատ, որոնցից ուղիղ կեսը՝ երեք հարյուր հազարը, զոհվեց կռվում: Թվով մեզնից երեք անգամ քիչ բնակչություն ունենալով հանդերձ, Հայրենական մեծ պատերազմում հայերը Սովետական Միության հարյուրից ավել հերոս ու այդքան էլ գեներալներ տվեցին: Հաշվի առեք, բազմամիլիոն Միջին Ասիան ու Անդրկովկասը, Հյուսիսային Կովկասն էլ հետը, մարտական ոչ մի մարշալ չտվեց, իսկ հայերը տվեցին և այն էլ, տեսեք քանիսը՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով-Խանփերյանց, Իսակով, ի դեպ՝ բոլորն էլ ղարաբաղցի, իսկ մեր տված հերոսների թիվը, դժբախտաբար, չորս տասնյակից չի անցնում, ընդ որում, այդ չորս տասնյակի համարյա կեսը թալիշ են, լեզգի, ավարցի, քուրդ, թաթ և այլն: Իսկ մարտական գեներալ երկուսն ենք տվել ընդամենը՝ Հազի Ասլանովը և Մահմուդ Աբիլովը, մեկն ազգությամբ թալիշ, մյուսը՝ լեզգի: Ասացեք տեսնեմ, Սումգայիթի արյունախում բարբարոսներից ու 1966-ին Ղարաբաղի Կուրոպատկինո գյուղի դպրոցի երկրորդ դասարանում սովորող հայ տղա երեխային գազանաբար բռնաբարող ու մորթող նույն դպրոցի դիրեկտոր Արշադ Դաշտամիր-օղլը Մամեդովից բացի է՞լ ում ենք տվել աշխարհին:

– Նիզամի ենք տվել, – ուշացումով հարեց Ալլահվերդին:

– Նիզամին պարսիկ բանաստեղծ է, պարսկերեն է գրել, ծնվել է Պարսկաստանի Ղում քաղաքում՝ Թեհրանից երկու հարյուր կիլոմետր այն կողմ, Պարսկաստանում էլ թաղված է: Նա որ մերը լիներ, մեր մասին չէր գրի թե՝ պալատում խորթ է թուրքը մեր հոգուն, թուրքի խոսքը մեր ականջն է ծակում: Մեր ժողովրդի հետ նա ոչ մի կապ չունի, ինչպես որ մերը չեն նաև Բաբեկը, Նասիր-Էտդին Թուսին, Խագանին, Քաթրան Թավրիզին, Սաադին, Ֆիզուլին, Նասիմին, Ռիզայե Աբբասին, Բաբրակ Խուրամադդին, Շեյխ Մոհամմադ Խիաբանին, Ռաշիդ Էտդինը, Շահրիյարը, կարճ՝ արդեն մերը դարձրած արաբ ճանապարհորդ Աբդ ար-Ռաշիդ Բակուվից սկսած մինչև լեզգի Ուզեիր Հաջիբեկով ու ազգությամբ չեչեն պապ ու թոռ Մուսլիմ Մագոմաևներ, Թաիր Սալահով և շատ-շատ ուրիշներ: Հայերեն ու իրենց ժողովրդի՝ հայերի մասին են գրել Մովսես Կաղանկատվացին ու Կիրակոս Գանձակեցին, Դավթակ Քերթողն ու Մխիթար Գոշը և այլն: Ուրիշի պատմությունը, հուշարձաններն ու անվանի մարդկանց սեփականացնելուց ու նրանցով հպարտանալուց ավելի խայտառակ բան ես չեմ պատկերացնում: Հասկացեք, ուրիշների հաշվին պատմություն ու մշակույթ ստեղծել պետք չէ: Մեզ ոչ հնարովի, այս ու այնտեղից արտագրած կեղծ պատմություն է պետք և ոչ էլ կեղծ ու բանագող պատմաբաններ, ինչպես քո նշած այդ Բունիաթովն է, որը վերջերս արևմյան երկու հայտնի կովկասագետների՝ Դոուստիի և Ռոբերտ Խյուսենի հոդվածները թարգմանել էր ռուսերեն ու, առանց ամոթի, հրատարակել իր անունով, իհարկե, ինչպես միշտ, ամբողջապես աղավաղված վիճակում՝ «Հայաստան» անվանումներն ինքնակամ կերպով դարձնելով «Ադրբեջան»: Ծանոթանալով այդ հոդվածների բնագրերին՝ ես մնացել էի ապշած. նրանք գիտականորեն ապացուցում են, որ ինչպես իշխան Հասան Ջալալը, այնպես էլ նրա նախնիները՝ ընդհուպ մինչև չորրորդ դարը, զտարյուն հայեր են համարում իրենց, և որ Հասան Ջալալի՝ 1238-ին կառուցած Գանձասարի վանքի ու Ղարաբաղի տարածքում գտնվող պատմաճարտարապետական բոլոր հուշարձանների և իր՝ Հասան Ջալալի, Էրմիտաժում պահպանվող թրի վրա արված մակագրությունները հայերեն են և ալբանական ոչինչ չկա այնտեղ և չի էլ կարող լինել: Թարգմանությունների մեջ՝ լրիվ հակառակն է: Բունիաթովը նույն ձևով է վարվել նաև գերմանացի ճանապարհորդ Շիլդերբերգերի գրքի հետ, հայկական տեղանունները դարձնելով ադրբեջանական, Հայաստանը՝ Ադրբեջան: Ես ամենևին չեմ զարմանում, որովհետև նա ճիշտ այդպես է վարվել նաև մեր մեծ պատմաբան ու լուսավորիչ Աբբաս Կուլի-աղա Բաքիխանովի «Գյուլիստան-ի Իրեմ» աշխատության հետ, կանխամտածված կերպով լիովին աղավաղելով այն: Զայրացուցիչ ու զզվելի է այդ ամենը: Բունիաթովը Բաքիխանովի գրքից կրճատել է ոչ միայն այն, որ, ինչպես Արղուն խանի հետնորդ էմիրը, այնպես էլ Շահ Իսմայիլը Սիրիայից, Իրաքից ու Թուրքիայից երկու հարյուր հազար թուրք են փոխադրել Կովկաս ու բնակեցրել Էրիվանում, Գյանջայում ու Ղարաբաղում, ուր նրանք ժամանակի ընթացքում բազմացել են, այլև հանել է հայերով բնակեցված տարածքների հայկական անվանումների հիշատակումը, դրանով իսկ առհասարակ կեղծելով պատմությունն ու գրամ անգամ չհարգելով Բաքիխանովին, որի անունն է կրում Ադրբեջանի գիտությունների ակադեմիան, որտեղ նա աշխատում է որպես պատմության ինստիտուտի տնօրեն: