Выбрать главу

Դարձյալ տիրեց երկարատև լռություն:

– Վերջին երեք հարյուր տարվա ընթացքում, վերադառնում եմ քո հարցին, – հավելեց նա, – Ալեքսեյ Միխայլովիչից սկսած՝ հայերը, այո, իրենց հայացքներն ուղղած են եղել դեպի Ռուսաստան, օգնություն են սպասել նրանից, բայց հայերի համար այդ բաղձալի օգնությունը Ռուսաստանից երբեք չի եղել ու չկա: Ընդհակառակը, Ռուսաստանը միշտ էլ վնասել է հայերին: Միայն մի փաստ, Ռուսաստանն ինչո՞վ վարձահատույց եղավ հայերին՝ տասնիներորդ դարի առաջին կեսին իր մղած չորս պատերազմներում հայության թափած արյանը: Համաձայն Գյուլիստանում կնքված պայմանագրի՝ Արևելյան Հայաստանի

*գյամըշ (ադրբ) – գոմեշ

զգալի տարածքներ դուրս եկան պարսկական տիրապետությունից: Ռուսաստանը հակվա՞ծ էր արդյոք վարչական մի միավորում կազմելով՝ վերականգնել հայկական պետականությունն ու մասնակիորեն լուծել հայկական հարցը, հանուն որի հայոց կամավորական դրուժինաները՝ շուրջ երեք հարյուր հազար կռվող տղամարդ, Բալկաններից մինչև թուրքական ճակատ, մասնակցում էին պատերազմական բոլոր գործողություններին՝ ցուցաբերելով անձնական հերոսություն ու

աննախադեպ նվիրվածություն: Իհարկե, ոչ: Ցարիզմը, կալվածատեր բեկերի ու մեր աղալարների կաշառմամբ,

հայկական տարածքները կցեց ուրիշ վարչական միավորումների, հայոց հողերը տարանջատվեցին՝ փաստորեն հայերին զրկելով այդ բարեբեր տարածքներում ապրելու իրավունքից: Նրանց այսօրվա վեճն ու կռիվն այդտեղից է գալիս: Մի ուրիշ փաստ. 1903 թվականին ռուսական կառավարությունը բռնագրավման ենթարկեց հայկական բոլոր եկեղեցիների հողերը, փակեց եկեղեցիները, դպրոցները, գրադարանները, բարեգործական, մարդասիրական ու մշակութային ընկերությունները: Այդքանով չբավարարվելով, ութ, ինը, տասը, տասներկու թվականներին, Ստոլիպինի ժամանակ, Ռուսաստանի բանտերը լցվեցին հայ մտավորականությամբ, որոնց մեջ էին Ալեքսանդր Շիրվանզադեն, Ավետիք Իսահակյանը, մեծանուն բանաստեղծ ու հաշտարար Հովհաննես Թումանյանը, որին փակ վագոնով տարան մինչև Պետերբուրգ: Մի խոսքով, չերկարացնեմ, վերցնենք քսան թվականի դեպքերը: Ինչո՞ւ Սովետական Ռուսաստանը հրաժարվեց հայոց տարածքներից՝ հօգուտ Թուրքիայի, ավելի քան երեք հարյուր հազար փախստական անզեն հայերի մեն-մենակ թողնելով Մուստաֆա Քեմալի բանակին դեմ հանդիման: Ո՞վ զինեց ու հրահրեց թուրքերին ընդդեմ հայերի՝ Ռուսաստանը: 1920 թվականին Հայաստանի տարածքը հասնում էր յոթանասունմեկ հազար քառակուսի կիլոմետրի, ընդ որում՝ Հայաստանի տարածքի մեջ էին մտնում նաև Ղարաբաղը, Բորչալլուն՝ Ղազախի, Շուլավերի, Ծալկայի, Դմանիսի, Աղստաֆայի ու Թոուզի հետ միասին, Սուրմալլուն, Շարուր-Նախիջևանը, Կարսը, Արդահանը, Ախալքալաքն ու Ախալցխան… Ըստ Սևրի դաշնագրի, Հայաստանի հողային տարածքի վրա ավելանում էր ևս իննսուն հազար քառակուսի կիլոմետր տարածություն, այսինքն՝ Արևմտյան Հայաստանի մի մասը՝ Վանի նահանգը, Էրզրումը, Բիթլիսը, Կարինը, Բաղեշը, Տրապիզոնը: Ռուսաստանի սադրանքով՝ անձամբ Լենինի և Լև Դավիդովիչ Բեռնշտեյն-Տրոցկու դրդմամբ, որը, իհարկե, ոչ առանց Լենինի գիտության ու, համաձայն Թալեաթի հետ ունեցած գաղտնի պայմանավորվածության, հրաման արձակեց Կովկասի ռազմաճակատից ռուսական զորքերի դուրսբերման մասին՝ թուրքերի համար ճանապարհ բացելով դեպի Կովկաս, ամենայն հավանականությամբ, փոխարենն իրավունք ստանալու Պաղեստինում Հրեական պետություն հիմնելու համար: Շնորհիվ նաև Ստալինի օգնության ու նրա անմիջական շահագրգռվածության, 1921-ի մարտի տասնվեցի ռուս-թուրքական պայմանագրով փաստորեն չեղյալ հայտարարվեց Սևրի դաշնագիրը, Հայաստանի տարածքը բաժանվեց Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև: Թուրքիային անցավ հարյուր տասներկու հազար քառակուսի կիլոմետր տարածք, Ադրբեջանին՝ տասնվեց հազար, Վրաստանին՝ չորս հազար քառակուսի կիլոմետր: Հայաստանին մնաց մոտ երեսուն հազար քառակուսի կիլոմետր, այսինքն՝ պատմական տարածքի մեկ տասներորդ մասը. ահա ձեզ ռուսական երախտագիտություն՝ Ռուսաստանի ու ռուս ժողովրդի հանդեպ ունեցած հայերի դարավոր նվիրվածության ու հավատարմության: