Выбрать главу

Մեկը մտավ՝ ջահել, սպիտակ խալաթով, գլխին նույն կտորից սպիտակ ցից գլխարկ: Ես նայում էի սպիտակ խալաթով տղային և սկզբում չնկատեցի Սիավուշին, որ ներս էր մտել նրա ետևից և ուշադիր նայում էր ինձ: Նա արդեն ետ էր դառնում, ուզում էր դուրս գալ:

– Ես եմ, Սիավուշ, ես եմ, – մի կերպ կարողացա հասկացնել, – ես եմ, օգնեցեք:

– Մենք հենց դրա համար էլ եկել ենք, – ժպտալով ասաց սպիտակ խալաթով տղան:

Սիավուշն արագորեն առաջ եկավ, համարյա չոքեց իմ առջև:

– Լեո, այս ի՞նչ են արել քեզ հետ, – ասաց նա, անկարող զսպելու արցունքներն ու զայրութը: – Ես քեզ չճանաչեցի: Ինչո՞ւ չէիր զանգում, մի՞թե դու այստեղ՝ քաղաքում էիր:

Չկարողացա խոսել, հասկացրի միայն, որ հետո, հետո կբացատրեմ ամեն ինչ:

– Երեկ շատ ուշ տուն հասա, կեսգիշերին, քրոջս տնից մինչև մեր տուն՝ ոտքով, պատկերացնո՞ւմ ես, տրանսպորտ-բան՝ ոչինչ չի աշխատում, – բացատրեց Սիավուշը: – Սարսափելի, ահավոր բաներ են կատարվում, Լեո, պատկերացնել չես կարող: Տուն եկա, Վալյան ասաց, որ Սեմաշկոյից զանգել են, շտապ պետք է գնալ՝ ո՛չ անուն-ազգանուն, ո՛չ բաժանմունք, ո՛չ հիվանդասենյակ: Նաթիգին գտա, բժիշկ է, այստեղ, մանկական բաժանմունքում է աշխատում, միասին եկանք, հիվանդների ընդունման մատյանը նայեցինք, մի կերպ գտանք՝ Ադունցման, իսկույն հասկացա, որ դու ես, – ժպտաց նա, – լավ էլ մտածել ես, այլապես բաժանմունքից-բաժանմունք պիտի փնտրեինք երկու օր:

Հիշեցի, որ Միրալի մուալլիմն իմ անուն-ազգանունը չէր հարցրել, ինքս էլ չէի կռահել ասել նրան: Միևնույն է, ես նրան անչափ երախտապարտ էի:

– Գլխիդ վերքերը տեսնում եմ, – ասաց Նաթիգը՝ աթոռակը մոտ քաշելով, – ուրիշ տե՞ղ էլ վերք ունես:

Ես ետ տարա խավակտորե ծածկոցը: Նա տեսավ վերքս, շուրթերը սեղմած օրորեց գլուխը:

– Ես դրանց բժիշկ ասողի մերը, – կատաղությունը բռնած ասաց նա: – Ես դրանց Հիպոկրատի գլխարկն ու դրանց փողով առած դիպլոմը, – չէր հանգստանում նա: – Դրանց մարդ ասողի մերը:

– Ամբողջ գիշեր արյուն էր գնում, – ասացի ես:

Նաթիգը դուրս եկավ, ինչ-որ տեղից բամբակ ու դեղորայք բերեց, սկսեց մշակել վերքը:

Սիավուշը նայում էր ինձ, ակնոցի տակից կարեկցական ժպտում:

– Բախտդ բերել է, – երկար զննելով վերքը, ասաց Նաթիգը: – Մի քանի միլիմետր աջ խփեր՝ մտնելու էր երիկամիդ մեջ: Այդ դեպքում դժվար թե ողջ մնայիր:

– Չգնա՞նք շնորհակալություն հայտնենք, – ծիծաղեց Սիավուշը:

Վերքը կապելուց հետո Նաթիգը գնաց պարզելու իրադրությունը:

– Այստեղ, վերակենդանացման բաժանմունքում գիտե՞ս ով է պառկած, – հանկարծակի հիշեց Սիավուշը:– Ասեմ, չես հավատա՝ կենտկոմի սեկտորի վարիչ Խեյրուլլա Ալիևը: Հիշո՞ւմ ես, զանգել էր քեզ՝ Ղարաբաղ մեկնելու կապակցությամբ: Կենտկոմը, Վեզիրովի առաջարկությամբ, նրան Ջալիլաբադի կուսշրջկոմի առաջին քարտուղար է նշանակել: Անվանի գրականագետ է, բոլորի կողմից հարգված, երկար տարիներ աշխատել է կենտկոմում, և ամենագլխավորը՝ բնիկ ջալիլաբադցի է: Մինչ այդ ժողովրդական ճակատի տեղական ղեկավարությունը շրջկոմի երեք քարտուղար է քշել՝ Գուրբանով, Աղաև, Գոջամանով, պատճառաբանելով, թե տեղացի չեն: Խեյրուլլան տեղ է հասել թե չէ՝ ժողովրդական ճակատի շրջանային մասնաճյուղի ղեկավար Միրալիմ Բահրամովը, որը մինչև այդ հայտնի էր Հայաստան մեկնող գնացքների թալանով ու էդ թալանած ապրանքի վաճառքով, կարգադրում է քշել նրան շրջանից, նրա հրամանով երկաթե լինգով տվել, Խեյրուլլայի կողաճաղերն ու գլուխը ջարդել են: Մի երկու ուսուցիչ, տեղական սեիդի օգնությամբ, մի կերպ նրան փրկել, արյունլվա հասցրել են Բաքու: Քիչ հապաղեին՝ վառված մեքենայի մեջ էին նետելու: Երկու շաբաթ է, գիտակցությունը կորցրած, ուշքի չի գալիս: Ի՞նչ կենտկոմ, ի՞նչ բան, ժողովրդական ճակատայիններն իրենց տեր ու տիրական են համարում հանրապետությունում… Նրանց թիկունքում անտեսանելի Հեյդար Ալիևն է կանգնած, Սուլեյման Դեմիրելն ու Թուրգութ Օզալն են կանգնած, Ալլահշուքյուր Փաշազադեն, Ռուսլան Խասբուլատովը, Վիկտոր Պոլյանիչկոն ու Հասան Հասանովն են կանգնած, ԿԳԲ-ի շեֆը՝ Կրյուչկովն է կանգնած, այլապես…

Նրա խոսքը մնաց կիսատ. պիջակը ուսերին՝ ներս մտավ Միրալի մուալլիմը և, տեսնելով Սիավուշին, ուրախ ողջունեց նրան:

– Եկե՞լ ես: Շատ լավ է, շատ լավ է, – ասաց նա, – ուրախ եմ, որ հաղորդել են: Նորից էի ուզում զանգել:

– Դուք էիք, հա՞, զանգել, Միրալի մուալլիմ, – տեղից արագ ելնելով ասաց Սիավուշը՝ հարգանքով սեղմելով նրա ձեռքը:– Շնորհակալ եմ: Դո՞ւք չէիք ասել, թե կինս էր շփոթել՝ ո՛չ անուն, ո՛չ բաժանմունք ու հիվանդասենյակ:

– Հա, ճիշտ է, ընկերոջ անունը մոռացել էի հարցնել, բայց հիվանդասենյակը, կարծեմ, ասել էի, երևի, շփոթել է: Բան չկա, կարևորն այն է, որ գտել ես:

Ես ևս իմ հերթին գլխի շարժումով շնորհակալություն հայտնեցի Միրալի մուալլիմին, հասկանալով, որ նրա արարքն ու բարի դեմքը կյանքում չեմ մոռանա երբեք:

– Ձե՞զ ինչ է պատահել, – հետաքրքրվեց Սիավուշը:

– Արյան բարձր ճնշման հիվանդություն ունեմ, այ Սիավուշ, հիպերտոնիկ եմ, – բացատրեց Միրալի մուալլիմը խոժոռվելով: – Ինշալլահ*, բուժում են, տեսնենք: Հանգիստ կյանք է պետք, բայց դե… ի՞նչ հանգիստ կյանքի մասին կարող է խոսք լինել, երբ շուրջդ անարխիա է… – Միրալի մուալլիմը քիչ լռեց, ասաց. – հազարավոր