Выбрать главу

անմեղ ու անպաշտպան մարդկանց արյունն անխնա հեղելով, գազանական սպանություններով, ծեր կանանց բռնաբարելով ու թալանելով ժողովրդական ճակատի ազգայնամոլներն անկախություն են ուզում ստեղծել: Նույն գազանություններով ու բռնաբարություններով ստեղծվեց մեր առաջին անկախությունը, ընդ որում՝ ոչ թե տասնութ թվականի մայիսի քսանութին, ինչպես նշում ենք, այլ հետո, երբ Կոմունան ընկավ և Բաքուն գրավվեց թուրքերի կողմից: Իսկ դա, բոլորին է հայտնի, հետո էր: Եվ մի՞թե սա է ազգային ինքնագիտակցությունն ու դեմոկրատիան, այ Սիավուշ: Եթե սա է, կներես, ես թքել եմ այդպիսի ինքնագիտակցության ու դեմոկրատիայի վրա: Չկա այնպիսի գաղտնիք, որ թև ու ոտք չունենա, և, ճիշտն ասած, ինձ շատ է զարմացնում այն փաստը, որ մեր այդ ազգայնամոլների մեծ մասը՝ Զիա Բունիաթով, Բախտիար Վահաբզադե, Իսկանդար Համիդով, Իսա Հումբաթով և շատ ուրիշներ, ովքեր իրենց կաշվից դուրս գալով պահանջում են՝ բոլոր նրանց, որոնց կանայք կամ մայրերը հայուհիներ են, վտարել աշխատանքից՝ իրենք էլ ադրբեջանցիներ չեն, համենայն դեպս, զտարյուն ադրբեջանցիներ չեն, այդ թվում և Հայաստանի Սիսիանի շրջանում ծնված Հեյդար Ալիևը, որի մայրը նույնպես հայուհի է: Նրանց ընտանիքը քսանիննի վերջերին, ավելի ճշգրիտ՝ հենց քսանինը թվականին, Սիսիանի Ջոմարդլի գյուղից տեղափոխվել է Նախիջևան: Ի դեպ , ասում են , որ նրա հորական տատը ևս հայուհի է, միայն թե` այդ նույն Սիսիանի շրջանի Ուրուդ գյուղի քրդացված հայերից: Հեյդար Ալիևի եղբոր`

Հասան Ալիևի մասին դեռևս 1938 թվականին «Բակինսկի Ռաբոչի»

* ինշալլահ (արաբ.) – փառք Աստծու

թերթը, իսկ դրանից հետո նաև Նախիջևանի թերթերը, գրել են, որ նա ազգությամբ առաջին քուրդն է հանրապետությունում, ով դարձավ գիտությունների թեկնածու: Զտարյուն թուրքեր չէին Թալեաթ փաշան, որը ծնունդով բուլղարական գնչուներից էր, Էնվեր փաշան, որն ալբանացու և չերքեզի խառնուրդ էր, պանթուրքիզմի հիմնադիր ու ամենամեծ ջատագով Զիա Գյոգալփը Դիարբեքիրի քուրդ էր, զտարյուն թուրք չէր նաև Քեմալ Աթաթուրքը: Ով է ասել, չեմ հիշում, բայց ճշմարիտ է ասել, որ Աստծո ստեղծած մարդիկ իրենց մերկությունը երբեմն ծածկում են ժանդարմական գեներալների համազգեստներով ու դահճի մետաքսյա վերնաշապիկներով: Այս ամենը գարշելի ու անմարդկային է, – բորբոքված շարունակեց նա, – ես չգիտեմ նույնիսկ ինչ անուն տալ սրան: Ո՞վ փրկեց Բաքուն, երբ լեռնականների զինված հեծելազորը Իմամ Գոցինսկու գլխավորությամբ տասնութ թվականի մարտին հասել էր մինչև Բալաջարի և սպառնում էր մտնել քաղաք: Հայերը փրկեցին: Հայկական զորախմբերը՝ տասնվեց հազար մարտունակ զինվորով, հրամանատարությամբ Համազասպի, որին հետագայում բոլշևիկները կացնահարեցին Երևանի բերդում, կանգնեցին նրանց դեմ, ջարդեցին ու մինչև Դաղստան քշեցին նրանց: Այդ նույն մարտ ամսի վերջին Բաքվի բանվորական հեղափոխական կոմիտեի, «Կարմիր Գվարդիայի» ու Լենքորանից մեծահարուստ Հաջի-Զեյնալ Նաղիևի ինքնասպան եղած զինվոր որդու՝ Մուհամմեդի հուղարկավորությանը եկած «Վայրենի Դիվիզիայի» մարտիկների միջև տեղի ունեցած չորսօրյա արյունահեղ ընդհարումների ժամանակ հայերը տասներեքուկես հազար ադրբեջանցիների փրկեցին՝ նրանց թաքցնելով իրենց տներում: Մոտ վեց ամիս անց հայերի մարդկային այդ վսեմ արարքը փոխհատուցվեց նրանով, որ այդ նույն ադրբեջանցիները, քաղաք մտած թուրքական բանակին միացած՝ վայրագորեն կոտորեցին իրենց փրկարարներին՝ տիրելով նրանց ունեցվածքին: Առաջին նավթահորն այստեղ, Բիբի-Հեյբաթում, 1847-ին հայերը բացեցին, 1897-ի մարդահամարով Բաքվում յոթանասունինը հազար հայ էր ապրում, հայերը կառուցեցին առաջին դպրոցներն ու հիվանդանոցները, բացեցին առաջին գրադարաններն ու մշակութային մյուս օջախները, որովհետև մեր գրագետ մարդկանց մատների վրա կարելի էր հաշվել, մեր գերագույն խուրհրդի նախագահ Միր-Բաշիր Կասումովն իր ազգանունն անգամ գրել չգիտեր, դարասկզբին ու դրանից էլ դեռ շատ հետո, հայերն ու ռուսները Բաքվում միշտ մեծամասնություն են կազմել, Բաքվի ազգաբնակչության մեկ երրորդն էր մուսուլման, մնացածը ռուսներ ու հայեր էին, պատերազմի տարիներին շրջաններից տասնյակ ու տասնյակ հազարներով եկան լցվեցին գործարաններն ու նավթահանքերը՝ բրոն ստանալու, դրանից հետո անգամ, ադրբեջանցիները նվազ թիվ էին կազմում քաղաքում, ադրբեջանցիները փողոցում ամաչում էին անգամ ադրբեջաներեն խոսել: Բաքվում մենք միայն վերջերս մեծամասնություն կազմեցինք, յոթանասունական թվականների սկզբին, երբ մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված շրջակա բոլոր արվարձաններն ու գյուղերը Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ միացվեցին քաղաքին: Մի խոսքով, եթե Բաքուն այսօր ծաղկուն քաղաք է դարձել, ապա շնորհիվ նաև հայերի ստեղծարար ոսկի ձեռքերի ու նրանց մեծ տաղանդի, նմանապես նրանց ճարտարապետների՝ Տեր-Միքելովի, Բաևի, Սարգիսովի, Տեր-Հովհաննիսյանի, Կասպարովի: Նրանց կառուցած շենքերն այսօր էլ աչք են շոյում իրենց գեղեցկությամբ ու հարմարավետությամբ: Այդ նույն Տեր-Միքելովի նախագծով, հիսուն մետր ծովը ետ տալով, ստեղծվեց Բաքվի հրաշքը՝ ծովափնյա բուլվարը՝ բաքվեցիների ամենասիրելի զբոսանքի տեղն ու տեսարժան վայրը: Անխղճորեն սպանել մարդկանց՝ ըստ նրանց ազգային պատկանելության, քշել սեփական տներից, ուր նրանց հայրերն ու պապերն են ծնվել՝ անասելի մեծ հանցանք է արդարության ու Աստծու դեմ: – Միրալի մուալլիմը ծանր օրորեց գլուխը, դառնակսկիծ ասաց, – «Շաֆագ» կինոթատրոնում, քիչ առաջ էին պատմում, ուր այս ու այնտեղից հավաքում են ողջ մնացած հայերին՝ խեղված ու տանջահար, միլիցիան լկտիորեն խլում է նրանց զարդեղենն ու վերջին կոպեկը, անարգում ու պատառոտում անձնագրերն ու մյուս փաստաթղթերը: Մարդկանցից ամեն ինչ խլում են՝ թողնելով սոսկ մտածելու, տանջվելու իրավունքը: Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս, ո՞ւր ենք գնում, այ Սիավուշ, բան չեմ հասկանում: Աստված կների՞ սա, ուրիշները կներե՞ն մեզ: