– Նստիր, նստիր, ժամանակ չկա, – շտապեցրեց Նաթիգը:
Սիավուշն օգնեց, ես տեղավորվեցի մեքենայի ետնամասում:
– Հետևի նստատեղին պառկիր՝ մարդ չտեսնի, – շուրջը նայելով՝ կարգադրեց Նաթիգը: – Սիավուշ, նստիր առաջ, ինձ մոտ:
Հիվանդանոցից հաջողությամբ դուրս եկանք: Փողոցներում, ինչպես Սումգայիթում այն ժամանակ, այրված մեքենաներ կային, որ ծխում էին դեռևս: Արմենիքենդի շուկայի մոտ, տրամվայի գծերի վրա, շտապ օգնության մի մեքենա էր այրվում, բաց դռնից տղամարդու անշարժ ձեռք էր կախված: Փողոցներում, այս ու այնտեղ, խարույկներ էին վառվում, մի երկու տեղ շուռ տված կրպակներ կային: Ամբողջ Արմենիքենդը կորած էր ծխի մեջ: Արմենիքենդի շուկայից այն կողմ, Ֆաբրիցիուս փողոցով երկաթաձողերով զինված տղաների մի մեծ խումբ քսան-քսանհինգ աղջիկների՝ ներքնաշորերով ու համարյա կիսամերկ, փողոցն ի վար քշած տանում էին դեպի ներքև, կայարանի կողմը: Նաթիգը մեծ արագությամբ մեքենան քշեց վեր, Ինգլաբ փողոցում թեքվեց աջ, սլացավ ֆուտբոլի մարզադաշտի ուղղությամբ: Մարզադաշտին չհասած, տրամվայի հավաքակայանի մոտ լայն փողոցը սրընթաց հատելով, երկու աղջիկ անցան, մեկը՝ բոլորովին փոքր, քամուց ծփացող կարմիր շորով: Մեծը տրամվայի գծերի վրա սայթաքեց ու ծնկեց, բայց արագորեն ելավ՝ մի կիսակնթարթ սարսափահար սև աչքերով նայելով ետ: Նրանց ետևից տղաների մի ոհմակ էր գնում գոռում-գոչյուններով: Շնագայլային նրանց ոռնոցը՝ «ա¯-ա-ա», կորավ տների ետևում:
– Նաթիգ, – մռայլադեմ, ատամները սեղմած ասաց Սիավուշը, – ասա ինձ, մենք իրավո՞ւնք ունենք ապրելու այս աշխարհում:
– Մենք՝ այո, – արձագանքեց Նաթիգը: – Իսկ նրանք՝ ոչ: Նրանք և նրանց նմանները՝ ոչ, – ավելացրեց նա: – Եվ նրանք, ովքեր ցնկնել են նրանց, նույնպես ապրելու իրավունք չունեն:
Փողոցներով ու բակերով, ինչպես մղձավանջի միջով, խմբեր էին վազվզում այս ու այն կողմ: Ինչ-որ տեղից կանացի աղեկտուր ճիչ լսվեց:
Բժիշկ Յունուս Մամեդյարովն արդեն տանն էր: Նա մեզ դիմավորեց լուրջ անհանգստությամբ, ասաց, որ ժողովրդական ճակատի ջարդարարները մի քանի անգամ եկել են արդեն, տնետուն ստուգում են՝ հո թաքցրած հայեր չկա՞ն:
– Դե, նրանց մերն էլ, – կոպտորեն հայհոյեց Յունուսը՝ ուղեկցելով ինձ դեպի տան սենյակներից մեկը:
– Ես արդեն վիրակապել եմ, – գործնականորեն ասաց Նաթիգը: – Առավոտյան կգամ, կփոխեմ վիրակապը: Գլխի վերքերն էլ կնայեմ:
– Ես ինքս կփոխեմ, ինչ է, ես բժի՞շկ չեմ, – առարկեց Յունուսը:
– Բժիշկ ես, բայց պետք չէ, – բարեհոգի տեսքով ծիծաղեց Նաթիգը: – Մի՞թե որևէ բան կարելի է վստահել քեզ՝ քո այդ երկաթե մատներով: Ինքս կգամ, կանեմ:
Նաթիգի գործը փոքրիկների հետ էր, և վիրակապումը, իրոք, նա անում էր նուրբ վարվեցողությամբ: Հասկանալի էր, իհարկե, որ նրանք կատակում էին, իսկ գուցե կատակներով պարզապես փորձում էին փարատե՞լ իրենց հոգու խռովքն ու տագնապը:
Կարինայի հեռախոսահամարը մնացել էր բաճկոնիս գրպանում, ես Սիավուշին խնդրեցի գնալ աերոդրամարկղի շենք, քառասուներեքերրորդ բնակարան՝ մի տեղեկություն բերելու:
– Շատ լավ, – խոստացավ նա: – Ամեն ինչ կիմանամ: Առավոտյան շուտ Նաթիգի հետ կգանք:
Յունուսն ինձ համար ուտելիք բերեց, ամբողջ պատին դուռը ծածկող գորգ կախեց: Օտար մարդը հազիվ թե հասկանար, որ այդ պատի ետևում մի ուրիշ սենյակ էլ կա:
Յունուսի կանխատեսությունը ես հետո գնահատեցի, երբ միառժամանակ անց կրկին մի քանի հոգի եկան և սկսեցին հարցուփորձը. «Հայեր չկա՞ն»:
– Ոչ, չկան, – հանգիստ ձայնով պատասխանեց Յունուսը: – Կարող եք ստուգել:
– Իսկ եթե ստուգեցինք ու գտա՞նք, – սպառնաց մեկը:
– Որ չկան՝ որտեղի՞ց պիտի գտնես, – հաստատուն ու, ինձ թվաց, մի քիչ էլ կոպտորեն, պատասխանեց Յունուսը:
Պատի ետևում նստած՝ ես սրտատրոփ սպասում էի, թե ինչ կլինի հետո:
Ձայները հեռանալով մարեցին: Փառք աստծո, մտածեցի, գնացին:
Առավոտյան Սիավուշն ու Նաթիգը, ինչպես խոստացել էին, եկան: Բայց, աստված իմ, այս ի՞նչ տեսքով էր Նաթիգը: Նրա դեմքը, ամենայն հավանակությամբ, ոչնչով չէր տարբերվում իմից: Երեսն ուռած էր, աչքի տակին՝ խոշոր, սև այտուց:
Իսկույն հասկացա՝ բուժքրոջ արածն էր: Այդպես էլ կար: Այդ դաժան, անմարդկային, արյունռուշտ բուժքույրը… Նա էր հաղորդել ժողովրդական ճակատ, որ բժիշկ Նաթիգ Ռասուլզադեն ինչ-որ հայի վիրակապել, դուրս է բերել հիվանդանոցից: Մի քանի հոգով ներխուժել էին բաժանմունք, ոտնատակ տվել նրան, աթոռները փշրել գլխին:
Ես մեղավոր տեսքով նայեցի նրան:
– Դեռ ջահել ենք, – ուռած շուրթերով ժպտալով ինձ՝ ասաց Նաթիգը: – Մինչև հարսանիք ամեն ինչ կանցնի:
Սիավուշը պատմեց, որ եղել է աերոդրամարկղի շենքում, բայց քառասուներեքերրորդ բնակարանը փակ էր, ոչ ոք չկար: Չգիտեմ ինչու, ինձ այնպես թվաց, թե նա ինչ-որ բան թաքցրեց ինձնից: Մտածեցի՝ գուցե չի՞ եղել այնտեղ, ժամանակ չի ունեցել գնալու, բայց նա փարատեց իմ կասկածները:
– Գիտե՞ս, – հանկարծակի ասաց Սիավուշը: – Սաիդան նույնպես այդ շենքում է ապրում: