– Ո՞ր Սաիդան, – զարմանքով հարցրի ես:
– Սեիդոզաևան: Պատահաբար տեսա: Նույն հարկում է ապրում, քառասունհինգերորդ բնակարանում: Ասաց, որ մի տղա կա, քեզ ման է գալիս:
– Ի՞նձ:
– Այո: Զաքիր անունով ադրբեջանցի մի տղա: Ասում է Մոսկվայից քեզ հետ միասին է եկել:
– Այո, ճիշտ է: Հետաքրքիր է, որտե՞ղ է նա: – Ես անչափ ուրախացա, որ Զարմիկը ողջ-առողջ է:
– Ես Սաիդայի մոտ թողել եմ իմ հեռախոսահամարը: Ասացի՝ երևաց, թող զանգի: Ի միջի այլոց, Սաիդան շատ էր անհանգստացած քեզ համար, բայց ես նրան ոչինչ չասացի:
Նաթիգը երկու օր շարունակ գալիս էր վիրակապելու: Ես ինձ համեմատաբար լավ էի զգում արդեն, հարկավոր էր մեկնել, որովհետև քաղաքում ավերածություններն ու հայերի սպանությունները շարունակվում էին դեռ: Բայց ինչպե՞ս պիտի մեկնեի, եթե ոչ մի փաստաթուղթ չունեի, իմ անձնագիրն ու բոլոր թղթերը մնացին այնտեղ, խուժանի ձեռքին:
– Անհոգ մնա, ծերուկ, Սիավուշն ամեն ինչ մտածել է, – սիրտ տվեց Սիավուշը: – Քաղաքացիական ավիացիայի վարչության պետի տեղակալը մոտ մարդ է, ես նրա հետ կխոսեմ:
Հաջորդ օրը Սիավուշը եկավ բարվոք տրամադրությամբ, ասաց, որ պայմանավորվել է արդեն, առավոտյան ժամը վեցին գնում ենք Բինա՝ օդանավակայան:
Առավոտյան Սիավուշը նոր անակնկալ մատուցեց ինձ՝ իր հետ բերելով Զարմիկին: Դա ուրախացրեց ինձ: Մտածում էի որևէ բան իմանալ Ռենայի մասին ու նաև փող խնդրել նրանից:
– Եղե՞լ ես Կարինայի մոտ, – հարցրի ես: – Չգիտե՞ս, նա գտա՞վ Ռենային, թե՞ չի հաջողվել զանգել:
– Չի հաջողվել, – ասաց Զարմիկը: – Գիտե՞ս ինչքան եմ որոնել քեզ, – ավելացրեց նա արագորեն, – բոլոր հիվանդանոցներում եղել եմ, գնացել եմ դիարանները, նույնիսկ Մարդաքյան, հարյուրավոր սպանվածներ՝ կին, տղամարդ, երեխա, ոնց որ պահեստներում՝ իրար վրա դարսակույտերով շարված… Երեկ գնացել էի կառավարական տան մոտ. հանրահավաք էր: Ուզում էի տեսնել ինչ են խոսում: Հսկայական խարույկներ էին վառվում այս ու այնտեղ: Մառախուղ էր ու ցուրտ: Ծովից սառը քամի էր փչում: Որպեսզի տաքանամ՝ մոտեցա մի խմբի: Բարձրահասակ մի տղա պատմում էր. «Մենք մի 01 մեքենա կանգնեցրինք, այնտեղից մի հայ տղայի դուրս քաշեցինք և սկսեցինք ծեծել: Երբ այլևս ուժ չուներ դիմադրելու՝ մենք նրան հրեցինք խարույկի մեջ, իսկ երբ փորձեց ելնել, տղաներից մեկը սրած արմատուրան խրեց նրա կուրծքը: Եվ ամեն անգամ, երբ նա ճիգ էր անում դուրս գալ կրակից, երկաթե ձողն ավելի էր խրվում կրծքի մեջ, մինչև որ լրիվ բոցավառվեց»: Խարույկի շուրջ նստածները շարունակ հրհռում էին: Թողի հեռացա: Խագանի փողոցում, 26 կոմիսարների այգու մոտ, երկու պառավ կնոջ՝ մոր ու աղջկա, միասին վառեցին: Սարսափելի տեսարան էր: Իմ աչքով եմ տեսել. Բասին փողոցի ու Լենինի պողոտայի անկյունային շենքից, դեղատնից ձախ, ուր «Դինամո» սպորտխանութն է, մի կնոջ՝ երեխայի հետ, նետեցին ցած: Նույնը տեսա նաև այդտեղից մի քանի տասնյակ քայլ վերև, ռուսական եկեղեցու դիմաց գտնվող կոոպերատիվ շենքում: Լրիվ սպիտակած մազերով կիսամերկ մի կնոջ պատշգամբից քաշում էին ներս, նա ճչում, օգնություն էր խնդրում, հետո նրան ու մեծահասակ մի տղամարդու ցած նետեցին: Նույնն է ամբողջ քաղաքում՝ կենտրոնից սկսած մինչև հեռավոր ծայրամասերը: Ի՞նչ է կատարվում, խորհրդային երկի՞ր է սա, թե Օսվենցիմ ու Բուխենվալդ: Քանի օր է տներն ընկած անխնա կոտորում են հայ մարդկանց, թալանում, բռնաբարում են, տկլորացրած քշում փողոցներով, խարույկներ սարքած՝ վառում: Ո՞ւր է պետությունը, Գորբաչովը, մի՞թե Մոսկվան չի տեսնում սա…
– Մոսկվան է կազմակերպել, ինչո՞ւ չի տեսնում, – վրդովված վրա բերեց Սիավուշը: – Պրիմակով, Յազով, Բակատին, Գիրենկո՝ այստեղ, կենտկոմում նստած պլաններ են կազմում՝ ռեժիմը փրկելու համար: Մարդ միանգամայն անպաշտպան է պետության առաջ: Պետությունն ուզած պահին կարող է ջարդ ու կոտորած կազմակերպել, փոշի դարձնել ոչ միայն առանձին մարդկանց ու խմբեր, այլև մի ամբողջ ժողովուրդ՝ ըստ նրա ազգային պատկանելության, կրոնական, կուսակցական կամ մի այլ հատկանիշի, և հետո այդ ամենը որակել որպես ոմանց կողմից կազմակերպած խուլիգանական արարք: Պետության օրինավորությունն ամենից առաջ պետք է չափվի անձի կամ ազգային փոքրամասնության իսկական անվտանգությամբ, – շարունակեց Սիավուշը: – Եթե դա չկա, ուրեմն անբարոյական է այդպիսի պետության գոյությունը: Ժողովրդական ճակատի մարտիկները մտել են Սալյանսկիի զորանոցները, զենքը բռնագրավել: Վերևում սպասում են մինչև նրանք միլիցիայի մի երկու բաժանմունք ու շրջկոմ գրավեն, նոր մտցնեն զորքը, բացատրելով, որ զորքը մտցվում է հայերին պաշտպանելու համար՝ ժողովրդի մեջ կրկին անգամ ատելություն ու թշնամանք սերմանելով հայերի նկատմամբ: – Սիավուշը խորը հոգոց հանեց, ասաց, – իրոք, ճշմարիտ էր Իլյա Էրենբուրգը, երբ ասում էր, որ սարսափելի է այն երկիրը, որտեղ Կայենը և՛ օրենսդիր է, և՛ ժանդարմ, և՛ դատավոր:
Ճանապարհին ժողովրդական ճակատի ներկայացուցիչները միլիցիայի աշխատողների հետ միասին ստուգում էին մեքենաները: Մինչև օդանավակայան մի հինգ տեղ կանգնեցրին մեզ, բայց ամեն անգամ, ղեկի մոտ տեսնելով օդաչուական համազգեստով բարձրաստիճան պետին, թույլատրում էին անցնել՝ առանց ստուգման ենթարկելու: Օդանավակայանում վարչության պետի տեղակալը մեքենան անարգել քշեց ուղիղ թռիչքադաշտ, որտեղ հեռվում, թռիչքուղու վրա ինչ-որ ինքնաթիռ էր կանգնած՝ օդանավի սանդուղքի մոտ խռնված անձնակազմով: