– Ես ոչինչ չունեմ, – հոգնած ասացի ես, – չէ՞ որ տեսնում եք՝ մահից եմ փրկվել:
– Դե, լավ, գնա, – թույլ տվեց միլիցիոները՝ առգրավելով իմ հիսուն ռուբլին:
Ես մնացի կանգնած՝ նվաստացած ու անարգված, և չգիտեի ինչ անել:
– Ո՞ւր ես ուզում գնալ, – հարցրեց ինչ-որ մեկը:
Ետ շրջվեցի ձայնի վրա: Կովկասցի էր, միջահասակ, սև բեղերով, հոնքերի տակից կարեկցությամբ նայող աչքերով:
– Ոչ մի տեղ, – ասացի ես: – Հենց այնպես կանգնած եմ:
– Ես տեսա, որ միլիցիոները վերցրեց քո փողը, – շարունակեց նա: – Նրանք էդպես կանգնած կողոպտում են եկող-գնացողներին: Գնանք, – առաջարկեց նա:
– Ո՞ւր: Ես փող չունեմ:
– Գիտեմ, որ չունես, – ասաց նա: – Ոչինչ, գնանք: Ես ավար եմ, Ռասուլ Համզատովի հայրենակիցը: Բան չկա, մի ուրիշ անգամ կտաս:
Դռան զանգի վրա մայրս բաց արեց դուռը, տարակուսանքով նայեց ինձ:
– Ո՞ւմ եք ուզում, – հարցրեց նա անվստահ վարանքով ու մի տեսակ վախվորած:
– Ես եմ, մամա, – ասացի ես: – Չե՞ս ճանաչում:
Նույնիսկ փորձեցի ժպտալ:
– Վո¯ւյ, աստված, – ճչաց մայրս,– էս ի՞նչ շորեր են հագիդ, ո՞ւր են քո շորերը, վա¯յ, էս ի՞նչ են արել քեզ, աստվա¯ծ, աստվա¯ծ, մազերդ սպիտակել են, – լաց լինելով ընկավ գիրկս, – էս ի՞նչ օրի ես, մաման մատտա¯ղ, էս ինչ օրի ես… Գնա¯նք, շուտ գնանք, – ասաց նա, – գնանք կորչենք, հեռանանք էս անիծված երկրից…
1990, մարտ-հոկտեմբեր
Լենինգրադ
===================
ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ
Նախքան փախստական հայությունը, թողած տուն ու տեղ, լքյալ ու վշտաբեկ, ինչպես սովահար վայրի գազանից հալածված մի հոտ, կցրվեր աշխարհով մեկ՝ անհյուրընկալ ցրտաշունչ Ռուսաստանից մինչև Ամերիկայի հեռավոր նահանգները, նախքան նրանք, ովքեր անկարող դիմանալու արհավիրքներին, կմեռնեին ճանապարհներին, և մոռացության փոշին՝ հանց հավիտենական խավարչտին գիշեր, կծածկեր նրանց անունները, ինչպես անունները նրանց, որոնց դիակները շտապ հավաքվեցին Սումգայիթի և Բաքվի փողոցներից ու տներից, և նրանք այդպես էլ մնացին անհետ կորածների ցուցակներում…
Նախքան այդ Դեմիչևը, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Բագիրովի խնդրանքով, Սումգայիթ մտած զորքի հրամանատար Կրաևին կհրահանգեր զենք չգործադրել գազանացած մարդասպանների դեմ, և փողոցներով անցնող զրահամեքենաներից մի քանի քայլի վրա, բարձրահարկ շենքի բակում յոթանասուն տարեկան Փիրուզա Մելքումյանին՝ Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղից, պատշգամբից կախված հետաքրքրասեր հարևաններին ի տես, կստիպեին մերկ պարել՝ մինչև երկաթաձողը կխրվեր նրա մարմինը, և նրա աղեկտուր ճիչը լսելի կլիներ շատ հեռվից, նախքան գրազ գալով՝ դանակի մի հարվածով կպատռեին քսանվեցամյա հղի Լոլա Ավագյանի որովայնը՝ շահելու գրազը. տղա է, թե՞ աղջիկ, նախքան տրոլեյբուսի կանգառում սպանված Վիկա Մարկոսյանի ծծկեր մանկան պարանոցը փոկ գցած քարշ կտային փողոցներով, նախքան Հովհաննիսյանների բնակարանում, արյան մեջ կորած ամուսնու աչքի դեմ, կբռնաբարեին կնոջը, իսկ մանկավարժ ու ինժեներ որդիներին կստիպեին կենակցել սեփական մոր հետ և հրաժարական ստանալով, փողոց քարշ տրված հոր ու մոր աչքի առջև կնետեին նրանց խարույկի մեջ… նախքան նույնը կանեին և Մեջլումյանների հետ ու նաև նույնը՝ Մելքումյանների բնակարանում՝ զինվորներով լեցուն հանրակացարանի հարևանությամբ, բռնաբարելով ու մորթելով մի ողջ գերդաստան՝ ծնողների և զավակների հետ համատեղ, նախքան կթաղեին նրանց Բաքվի Գայլի Դրունք գերեզմանատանը, անձրև ու ցուրտ քամի մի օր, տանկերի ու ռուս զինվորների հսկողությամբ, և հրաշքով ողջ մնացած հարսներից մեկը քիչ հեռվում կանգնած միլիցիական մեքենան տեսնելով խուլ հեծկլտանքով կասեր՝ սրանք, սրանք արեցին այդ ամենը…
Եվ նախքան հայերի տներից թափած իրերը հապշտապ կայրեին քաղաքային աղբանոցներում ու նախքան ավերված բնակարանները կնորոգեին՝ նույն շտապողականթյամբ՝ ջարդերի հետքերը ծածկելու համար, որպեսզի չտեսներ Աստված այդ չարագործությունները և չասեր չարագործին՝ որովհետև արիր այս, դու անիծեալ լինես բոլոր անասուններից և դաշտի բոլոր կենդանիներից, փորիդ վերայ գնաս, և հող ուտես կյանքիդ բոլոր օրերում… Եվ նախքան կենտկոմի բյուրոյի նիստում, իսկ հաջորդ օրը պլենումում, Մուսլիմզադեն մեկ-մեկ կթվարկեր սումգայիթյան եղեռնագործության բոլոր կազմակերպիչների անունները, և այդ Կատուսևն անուշադրության կմատներ պլենումին մասնակցած հայերի հեռագիրը՝ ուղղված միութենական գերագույն դատարանի նախագահ Տերեբիլովին, և նախքան կխափաներ նա հետաքննությունը՝ գործերի մի մասն ուղարկելով հեռավոր քաղաքներ ու մի մասն էլ թողնելով Սումգայիթում, քաջ գիտենալով, որ սպանվածների հարազատներն ու տուժածները հնարավորություն չեն ունենա մեկնելու այդ հեռավոր քաղաքները, առավել ևս՝ Սումգայիթ, ուր գազանաբար խոշտանգվել ու խարույկների վրա այրվել էին նրանց հարազատները և ուր ապրում էին ոճրագործության բոլոր մասնակիցները…