Выбрать главу

Նախքան անպատիժ ջարդարարները Բաքվի հանրահավաքներում կհռչակվեին որպես ազգային հերոսներ, իսկ Սումգայիթը՝ հերոս քաղաք, նախքան եղեռնից մի քանի ամիս անց Մոսկվան, ասես, ի հեճուկս հայերի, երիտասարդությանը կոմունիստական ոգով դաստիարակելու բնագավառում ձեռք բերած, իբր թե, ակնառու հաջողությունների համար համամիութենական սոցմրցությունում Սումգայիթ քաղաքը հաղթող կճանաչեր, իսկ Գորբաչովը, որն այդպես էլ քաղաքական գնահատական չտվեց Սումգայիթի եղեռնագործությանն ու հարկ չհամարեց անգամ երկու բառով ցավակցություն հայտնել անմեղ զոհերի հարազատներին, կարժանանար խաղաղության Նոբելյան մրցանակի…

Եվ նախքան Աթաթյուրքի, Հեյդար Ալիևի ու սումգայիթյան եղեռնի հերոս Ահմադ Ահմադովի վիթխարածավալ դիմանկարներով զարդարված կառավարական տան հրապարակից հարյուր հիսուն հազարանոց խառնամբոխը չարագույժ սև հեղեղի պես կհոսեր դեպի հայոց տներն ու կսկսվեին Բաքվի զանգվածային կոտորածները, ուր դարձյալ խարույկների վրա կայրեին անմեղ մարդկանց, իսկ քաղաքի կայարանամերձ հրապարակում հայ աղջիկներից խորոված կսարքեին՝ հյուրասիրելով անցնող-դարձողներին, բարձր շենքերից ցած կնետեին պատերազմի հաշմանդամ ծերունիներին ու պառավ կանանց, տիրելով նրանց բնակարաններին, նախքան միլիցիայի աշխատողներն Արֆենյա Խաչիյանին՝ Սոլնցև փողոցի ութերորդ շենքից, վայրենորեն բռնաբարելուց հետո կնետեին ծով, ութսուն տարեկան Գեորգի Շաֆիրովին, Նիզամի փողոցի քսաներորդ շենքից, ծեծելով կսպանեին իր տան շքամուտքում, իսկ իննսունամյա Սոֆյա Բադալյանին ու Ելենա Վանեցյանին, պրոֆեսոր Նիկոլայ Դավթյանին ու Ադրբեջանի նկարիչների միության առաջին նախագահ Շմավոն Մանգասարովին, Սովետական Միության հերոս Հրանտ Ավագյանին, Բաքվի հայկական պետական թատրոնի նախկին գլխավոր նկարիչ Արսեն Հովհաննիսյանին ու շատ շատերին՝ կիսամերկ ու ոտաբոբիկ, ծեծելով փողոցներով կքշեին դեպի վերջին հանգրվան, նախքան Մոսկվայի մոտ մղված կռիվներում զոհված Սովետական Միության հերոս Հովհաննես Դանիելյանի կնոջը՝ Սաիդա Ավանեսյանին, անկողնուն գամված հաշմանդամ որդու աչքի առաջ գազանաբար կբռնաբարեին ժողովրդական ճակատի հերոս մարտիկները, նախքան սեփական բնակարաններում կմորթոտեին Խաչատուր Գրիգորյանին ու Գերման Օհանյանին, Իվան Խաչատուրովին ու Լենա Բադալյանին, մայր ու աղջիկ Զարվարդ ու Եվգենյա Փաշայաններին, խեղդամահ կանեին Գրիգոր Գրիգորյանին, մինչև այդ հոր աչքի առաջ խմբովին բռնաբարելով նրա դստերը՝ Նորա Գրիգորյանին, նախքան Աշխաբադից Ստավրոպոլ թռչող օդանավը պատահաբար վայրէջք կկատարեր Բաքվում, և Լեռնային Ղարաբաղում «Կոմունիստ» հայերեն թերթի սեփական թղթակից Մանվել Հովհաննիսյանի որդուն՝ Վալերի Հովհաննիսյանին, դուրս քաշելով օդանավից, կկողոպտեին ու երեք շաբաթ օրուգիշեր ծեծելով կխոշտանգեին, շնորհիվ փողի ու ընկերների, կազատվեր նա այդ զարհուրելի դժոխքից ու, մի կերպ հասնելով Պյատիգորսկ, այնտեղ կկնքեր իր մահկանացուն, նախքան կառավարական տան կողքին, գրողների կոոպերատիվ շենքում, դպրոցահասակ որդու, երկու դստեր ու ադրբեջանուհի կնոջ՝ Էլմիրա Ջավադովնա Հյուսեյնովայի աչքի առաջ կհոշոտեին այդ նույն «Կոմունիստ» թերթի աշխատակից, բանաստեղծ Արկադի Խաչատրյանին՝ Ասկերանի շրջանի Բադարա գյուղից, իսկ Ռաուֆ Ալի-օղլի Ալեսկերովին ոտնատակ կտային՝ պահանջելով հրաժարվել հայուհի մորից, նախքան Կրասնովոդսկի ճանապարհին լաստանավերից ծով կնետեին բռնաբարված կանանց ու աղջիկներին, նախքան կհանեին պարտիզանական միավորման նախկին հրամանատար Հարություն Սաղումյանի աչքերը, որպեսզի նա այլևս չկարողանար նայել դեպի Ալյաթ, ուր հանգչում էին տասնութ թվականի կոտորածի ժամանակ սպանված իր հարազատները և հետո կնետեին նրան ութերորդ հարկից, նախքան տասնհինգ-քսան հոգով՝ տասնչորս տարեկանից մինչև վաթսուն, կբռնաբարեին վաստակավոր լրագրողուհի Նորա Բաղդասարյանին, իսկ հրապարակախոս Խորեն Բոջիկյանի որդուն կքառատեին ռուս կնոջ, երեխաների ու հոր աչքի առաջ, պատվիրելով հորն ընդմիշտ հիշել այդ պահը… Եվ նախքան քաղաքի շուրջն անշարժ կանգնած զորքը յոթ օր ուշացումով կմտներ Բաքու՝ իբր թե փրկելու հայերին… Նախքան այդ զորքին դեմուդեմ դուրս կգար մարդակեր գազանների անհաշիվ ոհմակը՝ իրարից կապկպված անպաշտպան հայերին քշելով տանկերին ընդառաջ ու ետևից դավադրաբար կրակ բացելով տանկերի վրա, նախքան մարդակեր գազանների անհաշիվ ոհմակից քառասունինը կոչնչացվեին և, ասես որպես անարգանք հազարավոր անմեղ հայ զոհերի ու սպանված տասնյակ ռուս զինվորների հիշատակին, մարդասպանները կհորջորջվեին որպես սուրբ նահատակներ ու մեծ շուքով կթաղվեին հայ-ռուսական նախկին գերեզմանատանը՝ Կիրովի անվան զբոսայգու բարձունքում, նախքան բարբարոսները կավերեին Բաքվի հայ-ռուսական գերեզմանոցներն ու կասֆալտապատեին, իսկ մահարձանները կօգտագործեին քաղաքի փողոցների բարեկարգման ու մետրոյի երեսապատման համար…