Նախքան Օրուջ Հիդայաթովը, սումգայիթյան թատերականացվաց ցույցերի կազմակերպման գործում մատուցած ծառայությունների համար, կդառնար Հեյդար Ալիևի օգնականը՝ ազգային հարցերի գծով, Խուտոր ավանի հարյուրավոր հայերի փրկարար Ալյոշա Արմենակի Աղաբեկյանը՝ Աղսուի շրջանի Գյուրջևան հայկական գյուղից, Արտաշատի շրջանում՝ Գևորգ Աթաջանյանի ու Ռոբերտ Առաքելովի նման մեկի մատնությամբ բանտ կնետվեր՝ շարունակ մտածելով, որ շուտով իր եղբայրակիցները նրան էտապով հոշոտման կուղարկեն Բաքու, իսկ նրա Արեգ ավագ որդին՝ Ֆազիլ Իսմայիլովի բարեկամների կողմից վարձված հայի ձեռքով կսպանվեր Երևանի Լենինի հրապարակի մոտակայքում, անավարտ տան խոնավ նկուղում կմեռներ նրա կին Նինան, այդ մեծ վշտերին չդիմանալով՝ կմեռներ և ինքը՝ Ալյոշա Աղաբեկյանը՝ մոռացված, լքված աշխարհից ու մարդկանցից, նախքան Գևորգ Աթաջանյանը, հասնելով Երևան, կպատմեր այն մասին, թե ինչպիսի քաջազուն հերոս էր ինքը, անմեղսապարտ տառապյալ, և աշխատանքի կընդունվեր Հայաստանի գրողների միությունում՝ որպես գրական խորհրդական ու մինչև վերջ ձրի կապրեր քաղաքի հյուրանոցներից մեկում՝ այդ նույն գրողների միության հաշվին, իսկ նրա մտերիմ-գործակից Ռոբերտ Առաքելովը, դարձյալ որպես տառապյալ հայ, շրջագայելով Երևանում ու ամբողջ մի տարի՝ Ղարաբաղում, Պոլյանիչկոյի ու Սաֆոնովի հետ նույն ինքնաթիռով կփախչեր Բաքու, ուր ինը հազար անմեղ հայեր նահատակվեցին, և գրքեր կհերյուրեր՝ ընդդեմ հայերի, նախքան Ալեքսանդր Կատուսևն ինքնասպան կլիներ, իսկ Պոլյանիչկոն ու СМЕРШ-ի հերոս Զիա Բունիաթովը գետնին կփռվեին վրիժառուների գնդակից՝ մեկը Օսիայի լեռներում, մյուսը՝ սեփական տան շեմին…
Եվ նախքան համբերատար ու հերոսական Ղարաբաղը, կորցրած հույս ու հավատ՝ հանդեպ աշխարհի արդարության, ցասումնալից կմռնչար ու կելներ ոսոխի դեմ ի մահ՝ հանուն բնօրրանի ազատագրման՝ ոնց Սասուն ու Վասպուրական, ոնց Մուսա լեռ ու Սարդարապատ, կբռունցքվեր և կելներ ու շուրջ վեց հազար սիրասուն քաջ որդվոց արյան գնով կմարեր թշնամական բոլոր կրակակետերն ու գերությունից կազատեր իր սրբասուրբ հողը, և ասադովների՝ Սումգայիթում ու Բաքվում խեղճ ու կրակ ծերունիների ու անպաշտպան պառավ կանանց հետ հաշվեհարդար տեսնող հարյուրհազարանոց ցռան զորքը՝ մոջահեդ, թուրք, ուկրաինացի ու չեչեն ծախու վարձկանների հետ՝ գլխավորությամբ տխրահռչակ Շամիլ Բասաևի, Գելաևի, Խատաբի ու Սալման Ռադուևի, առանց ետ նայելու լեղապատառ կփախչեր մինչև Բաքու, ու այդ բարեհաջող փախուստի համար հարյուր քսան հոգի կարժանանային Ադրբեջանի ազգային հերոսի կոչման… Եվ նախքան բազմաչարչար ու բզկտված Արցախի հողը վերստին շունչ կառներ ու կծաղկեր, և հայրենական խաղաղ դաշտերի վրա կրկին կթևածեր պապենական հինավուրց ու անմահական հորովելը…
Եվ այսպես… նախքան փախստական հայերը, իրենց հոգում պահած սիրելի, հետզհետե հեռացող ջինջ ու լուսավոր այն եզերքի պատկերը, ուր նրանց տունն ու հայրենիքն էր, ինչպես սովահար վայրի գազանից հալածված մի հոտ, կցրվեին աշխարհով մեկ՝ անհյուրնկալ սառնաշունչ Ռուսաստանից մինչև հեռավոր Յուտա, Միչիգան, Տորոնտո ու Ռոդ-Այլենդ, և նախքան նրանք, ովքեր անկարող դիմանալու զրկանքներին ու արհավիրքներին, ինքնասպան կլինեին կամ սովից, ցրտից, չսպիացող վերքերից ու հիվանդություններից կմեռնեին ճանապարհներին, և մոռացության փոշին, հանց հավիտենական գիշեր, անհայտության խավարով կծածկեր նրանց սուրբ անունները, եղավ, ահա, այս պատմությունը՝ որպես հիմն ու սգերգ՝ սիրո և ողջակիզման…
=======================
ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ
«Հեռացող եզերքը» արդարև իրական պատմություն է: Եվ այն, որ ամբողջ պատումը տրված է առաջին դեմքով, պատահական չէ. իմ խաթարված կյանքի պատմությունն է դա, իմ թշվառ զրուցակիցներից յուրաքանչյուրի պատմությունը, որովհետև նրանց ընդհատված երազանքների ու անլուր տառապանքների մասին ու նրանց անունից է խոսում հեղինակը:
Վերապատմելով դրվագներ Լեոնիդ Հուրունցի՝ անզուգական այդ մեծ մարդու ու նվիրյալ հայրենասերի մասին, ես ուզում էի մի անգամ ևս հավաստել, թե ինչից ժայթքեց Ղարաբաղի ցասումն ընդդեմ ադրբեջանական հայատյաց սանձարձակության: Նա ասում էր, որ այն ամենը, ինչի մասին բորբոքված պատմում է, գրած ունի վաղուց, սակայն տպագրել չի հաջողվում և հույս էլ չկա, թե երբևէ կտպագրվի: Հետագայում նա կարողացա՞վ, արդյոք, հրատարակել այդ պատմությունները՝ չգիտեմ: Եթե ոչ, ապա իմ բերած դրվագները թող համարվեն որպես հարգանքի ու սիրո տուրք՝ անմոռանալի Հուրունցի անվանն ու անմեռ հիշատակին:
Ես իմ խորին երախտիքն եմ բերում քսաներկուամյա Մարինա Հովհաննիսյանին, որ Ստավրոպոլի Բուդյոնովսկ քաղաքում, ընկճված ու տրտմագին վերապրում էր Սումգայիթում իր գլխով անցածը. թե ինչպես իր ծննդյան օրը վերածվեց զարհուրելի մղձավանջի՝ մոր, կրտսեր քույրերի ու իր անասնական բռնաբարության, խոշտանգված հոր աչքի առաջ: Շնորհակալ եմ և Էմմա Սարգսյանին, որ վշտահար տեսքով անդադար պատմում ու պատմում էր ամուսնու ողբերգական սպանության մասին, լալիս ու շարունակ նույնն էր կրկնում, որ ամուսնու մահից հետո իր ապրելն իզուր է այս աշխարհում: Իմ երախտապարտությունը նաև իմ բարեկամ Բարմեն Բեդյանին՝ Սումգայիթի քաղկոմի շենքում այն օրերին արած իր պատմության համար: Ծեծ ու ջարդից այլանդակված, դեմքին լայնակի սև այտուցներ՝ նա արտասվախառն ձայնով պատմում էր՝ շինարարի իր կոշտուկավոր ձեռքերը ցուցադրելով, որ տասնյակ բնակելի շենքեր է կառուցել Սումգայիթում, և թե ինչպես էին միլիցիայի աշխատակիցները բռնել նրան ու հանձնել մարդասպան ամբոխին: