Выбрать главу

– Իսկ կի՞նդ:

– Կինս… – Արմենը հոնքերն իրար բերեց, ծանր օրորեց գլուխը: – Ի՞նչ ասեմ քեզ, Լեո, գեղեցիկ է անիրավը, շա¯տ է գեղեցիկ:

Նա խորը հառաչեց, կրկին օրորեց գլուխը:

– Ա¯խ, Շողիկ, Շողիկ… Տարա Երևան, Մասիսում է՝ ծնողների մոտ: Բա, ախպեր ջան, էդպիսի բաներ… Առնվազն մի յոթ-ութ ամիս կմնամ էստեղ, ու էդ արանքում ուզում եմ գիրք հրատարակել, բանաստեղծությունների թեկուզ մի փոքրիկ գրքույկ: Էդքան բան, ու էդ գործում, Լեո ջան, պիտի որ օգնես ինձ: Հասկանո՞ւմ ես, ինձ բարոյական աջակցություն է պետք, որպեսզի գիրքը ձեռքիս գնամ Երևան… Մասիս: Դե, ռադիոյով-բանով էլ կհաղորդես, դա, կարծում եմ, դժվար չի լինի, հ՞ը:

– Եթե բանաստեղծությունները լավն են՝ պրոբլեմ չկա:

– Կարդա՞մ:

– Կարդա:

– Ղարաբաղյան է: Այսպես ասած՝ հայրենասիրական, – ասաց Արմենը և բուռն ոգևորությամբ սկսեց.

Ինչքան մենակ բուսնում է նա

լեռան ետև, մեն մի ձորում,

Ինչքան հեռու իր մոր աչքից,

այնքան բուռն է ուժը լարում,

Այնքան ավել ճյուղը փռում,

արմատները խորն է խրում

Կյանքի հյութով ու սաղարթով

այնքան թանձր է հայոց բարդին:

Ինչքան նրա դեմը փակում,

խորն է ծածկում լեռը նրան,

Ինչքան կոծում, կողն են ծեծում

շանթ ու անձրև, ամպ ու մռայլ,

Այնքան շանթին ճակատ տալիս,

կանաչում է շատ ու շռայլ,

Այնքան համառ ձգվում է վեր,

այնքան բարձր է հայոց բարդին.

Ձգվում է վեր, որ բարձրանա,

որ գլուխը մի կերպ հանի

Քար ու ժայռից ու երևա,

ու երևա Երևանին,

Ասիª նայիր, եղել եմ, կամ

ու կլինեմ ինչ էլ լինի,

Դու հավատա, լեռներից վեր,

քարից կարծր է հայոց բարդին:

Նա նայեց ինձ: Խորախորհուրդ ժպտում էր:

Հայրս այդ բանաստեղծության մասին ասում էր՝ սոսկ բարդի չէ դա, ղարաբաղյան բարդի է, ասես մարդ, նա ավելի սլացիկ, ավելի ձիգ ու բարձր է, որովհետև տեղը նեղ է, ամեն կողմից շարունակ նեղում են, բարձրանում, ձգվում է վեր՝ ձորերից, սարերից ու լեռներից էլ վեր, որպեսզի կարողանա տեսնել Արարատյան դաշտի բարդուն, և Արարատյան դաշտի բարդին էլ նմանապես իրեն տեսնի, և որ ինքը ևս հայոց բարդի է՝ հայոց Ղարաբաղում:

– Լա՞վն է:

Ես այդ պահին սպասքեղենի պահարանից մի շիշ «Ապշերոն» կոնյակ էի հանում:

– Ինքս չեմ փորձել, – խուսափողական ասացի ես, առանց նրան նայելու, – բայց, ասում են, լավն է, Հեյդար Ալիևը, տեսել եմ, մենակ «Ապշերոն» է խմում:

– Իյա¯, այ տղա, – ծիծաղեց Արմենը, – ես բանաստեղծությունն ի նկատի ունեմ:

Անելանելի, անհարմար վիճակ էր, չգիտեի ինչ ասել: Ի վերջո ասացի.

– Գիտե՞ս, 1959 թվականին Սիլվա Կապուտիկյանը եկել էր Ղարաբաղ: Հայրս տասներորդ դասարանի աշակերտ էր: Նա ասում է, որ Կապուտիկյանն այդ բանաստեղծությունը հենց այդ օրերին է գրել: Ինքը Կապուտիկյանն էր խոստովանել աշակերտների հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Ինձ թվաց՝ Արմենը մի պահ շփոթվեց, բայց դա մի կես վայրկյան տևեց միայն:

– Հա, – անհոգաբար ասաց նա: – Ինձ դուր եկավ, անգիր արեցի: Գիտեմ, որ բնիկ ղարաբաղցի ես, հատուկ քեզ համար արտասանեցի: Քեզ ասեմ՝ ղարաբաղցիք ուժեղ ժողովուրդ են: Մագդա Նեյմանը փառաբանում, երկինք է հանում նրանց: Կարդացել ե՞ս:

– Իհարկե:

– Ասում ես լավ կոնյակ է, հա՞, էդ «Ապշերոնը»:

Նրա սովորությունը՝ մի թեմայից թռչել մյուսին, ինձ այլևս չէր զարմացնում: Նա շփեց ձեռքերը.

– Դե՛ մի լցրու տեսնենք: Ստալինն էլ էր բանաստեղծություններ գրում. «Բացվեց կոկոնը վարդի և մանուշակին քնքուշ գրկեց, ու արտույտը դայլայլեց ամպերից էլ վեր»:

Մյուս օրը՝ աշխատանքի ավարտին, Արմենը եկավ ինձ մոտ, խմբագրություն: Նա մենակ չէր: Մի աղջկա հետ էր եկել, որին տեսնելով, ես, ակամա դանդաղ ոտքի ելա ու, նրա ճաճանչափայլ գեղեցկությամբ գերված, մնացի կանգնած:

Արմենը նկատեց դա, մի տեսակ ոգևորվեց: Աղջիկը կլիներ տասնյոթ-տասնութ տարեկան, իր մաշկի պես սպիտակաթույր շրջազգեստ էր հագին, որը պրկորեն գրկել էր նրա բարակ իրանը: Ոսկեզօծ փայլուն մազերը՝ շագանակագույն երանգով, մանրիկ ալիքներով իջնում էին ուսերին, հոնքերը՝ աղեղնաձև ու բարակ, քիթը գեղեցիկ՝ նրբագեղ զգայուն ռունգերով, սքանչելի կորությամբ գծագրված շուրթերը՝ քիչ ուռուցիկ ու հրաբոսոր, իսկ աչքերը… գարնանային մեղմությամբ ճառագող կապույտ աչքերը շողում, ժպտում էին՝ նայելով մերթ ինձ, մերթ Արմենին:

– Շատ է սիրուն, չէ՞, շան աղջիկը, – հայերեն ասաց Արմենը:

– Շա¯տ, – չթաքցրեցի ես՝ դեռևս անկարող հայացքս կտրել նրանից:

– Ի՞նչ է ասում, – շուրթերը կիսաբաց՝ աղջիկը ժպտուն նայեց ինձ, և ես տեսա, որ մարգարտաշար ձյունաճերմակ ատամները մի ուրիշ հմայք են տալիս նրան. հատկապես առջևի երկու ատամը՝ իրարից աննշան հեռու:

Ես չհասցրի պատասխանել աղջկան, որովհետև Արմենը մոտեցավ ինձ և, գրկելով իմ ուսերը, հանդիսավոր ներկայացրեց.

– Մահմուդովա Ռենա, բժշկական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողուհի, Բաքու քաղաքի թիվ մեկ գեղեցկուհի: