– Մարդիկ տարբերվում են նաև նրանով, որ ոմանք նախ մտածում են, հետո խոսում, իսկ մյուսները՝ խոսում են, հետո մտածում: Դու ո՞ր խմբին ես պատկանում:
Նույն ծիծաղը՝ աչքերում, նույն ժպիտը՝ դեմքին:
– Էլի՞ չհասկացար:
– Ոչ, – գլուխը ցնցեց Արինան՝ շարունակելով սևեռուն նայել:
– Դու այդ ի՞նչ ես մեքենագրում, որ խելքդ լրիվ կորցրել ես:
– Հուշեր, – փութաջան պատասխանեց Արինան: – Հուշերի գիրք է՝ իր տեսած և … չտեսած մարդկանց մասին:
– Սովորաբար հուշերի գիրքը, – հանգիստ ասացի ես, – հիշողությունների շարադրանք է, ուր հեղինակը պատմում է որևէ արժանավոր անձի հետ ունեցած իր անձնական հանդիպումների մասին: Հուշեր՝ չտեսած մարդկանց մասին՝ նորություն է:
– Նորություն է… ես ի՞նչ գիտեմ, – բարկանալու նշաններ արեց Արինան: – Ինքը գրում է, ես տպում եմ:
– Ոչ, դու տպում ես՝ ինքը գրում է: Դու ես մեղավոր, – լուրջ դեմքով ասացի ես, – որ չտպես՝ ինքն էլ չի գրի:
– Չի գրի… Բա գիրքը թողնենք անավա՞րտ, – շվարած ասաց նա:
Լորաննան ծիծաղեց, ասաց.
– Արինա, խնդրում եմ, լռիր, իմ «կրիշկան» էլ է բարձրանում:
– Իսկ ինչ վերաբերում է ռեստորանին, անպայման գնա, – խորհուրդ տվեցի ես, – տղան կնեղանա:
– Տղան կնեղանա¯… Ո՛ւհ, – քիթ-մռութը կնճռոտեց Արինան, – քեզ նման բարեկամի ինչն ասեմ, – և իբր խիստ նեղացած, կրունկներով մանրահատակը ջարդելով, գնաց իր սենյակը:
Զվարթ տրամադրությամբ դուրս եկա միջանցք և քայլեցի դեպի իմ առանձնասենյակը, ինչ-որ տարօրինակ զմայլանքով մտածելով այն մասին, որ հիմա կտեսնեմ Ռենային:
Արմենն արդեն վերջացնում էր խոսակցությունը: Նա ցած դրեց խոսափողը, ասաց.
– Շնորհակալություն, Լեո, խոսեցի:
Ռենան թերթ էր նայում, նա թերթը մի կողմ դրեց, մի պահ անվճռական նայեց, հարցրեց.
– Ճի՞շտ է, որ ձեր ծննդյան օրն է այսօր:
– Ի՞մ:
– Թե՞ հնարում է, – Ռենան կասկածանքով լի հայացքով նայեց Արմենին:
– Գիտե՞ս ինչ, Ռենա, – դանդաղ սկսեց Արմենը, դեմքի միմիկայով հասկացնելով ինձ հաստատել իր ասածները, սակայն, տեսնելով որ, իմ՝ անտեղյակությա՞մբ ասեմ, թե անհասկացողությամբ, կարող եմ փչացնել գործերը, նախաձեռնությունը միանգամից վերցրեց իր ձեռքը և արագ ասաց, – բանն այն է, Ռենա ջան, որ մեզ մոտ, Հայաստանում, հարգված սովորույթ կա. ծննդյան օրվա նախօրյակին անպայման գնում են ռեստորան, դա կոչվում է փորձնական ծնունդ, կամ էլ ասենք՝ սրճարան, մի գավաթ սուրճի, կոկտեյլի կամ էլ մի բաժակ շամպայնի շուրջ նստած պայմանավորվում են, որոշում, թե ինչպես անցկացնեն միջոցառումը, որպեսզի, այսպես ասած, չխախտեն ժողովրդական ավանդույթը: Առաջարկությունս այն է, որ մենք նույնպես պահպանենք հնուց եկող ժողովրդական սրբավանդ կարգը: Մեզ մոտ դա խստիվ օրենք է:
– Այստեղ այդպիսի բան չկա, – դյուրահավատորեն ասաց Ռենան:
– Այստեղ չկա՝ այնտեղ կա, – կարճ կապեց Արմենն ու տեղից ելավ: – Մի խոսքով, ժամանակ չկորցնենք, Ռենա ջան, և չվիրավորենք Լեոին: Նա, համոզված եղիր, արժանի է մեր բարի վերաբերմունքին. միասին գնում ենք «Նոր ինտուրիստ», կարծեմ, դա այնքան էլ հեռու չէ այստեղից, և մեկական բաժակ սուրճ ենք խմում կամ, ասենք, շամպայն, տարբերություն չկա:
Ռենան նրբանկատորեն փորձեց առարկել.
– Կներեք, խնդրում եմ, ես չեմ կարող… Չէ՞ որ դուք ասացիք՝ երկու րոպեով ենք բարձրանում… Դուք խնդրեցիք…
– Չեղավ, չեղավ, – դերասանություն արեց Արմենը: – Եղբայրական ժողովրդի հինավուրց ավանդույթը չեն արհամարհի, չի կարելի: Ոչ, ոչ, ոչ, կնեղանամ, Ռենա ջան, ազնիվ խոսք, կնեղանամ, Լեոն նույնպես կնեղանա: Զանգիր ընկերուհիներիցդ որևէ մեկին, բայց պայմանով, որ Լեոյի սրտով լինի, լավը լինի: Ասացիր հայուհի ընկերուհի ունես, անունը Ռիմա, ձեր կուրսից: Սիրո՞ւն է:
– Սիրուն է, բայց դա… ի՞նչ նշանակություն ունի, նա չի գա: Անծանոթ տղաների հետ նա ոչ մի տեղ չի գնա: Ես…
– Լսիր, բոլորն էլ սկզբում անծանոթ են լինում, հետո ծանոթանում են, ի՞նչ կա դրա մեջ, – շարունակեց համոզել Արմենը: – Զանգիր, նա չի գա, մեկ ուրիշին զանգիր: Կնստենք, մի քիչ երաժշտություն կլսենք, գոնե մի երկու ժամով ազատվենք էս առօրյա հոգսերից: Առավել ևս՝ վաղը շաբաթ է , մյուս օրը՝ կիրակի: Սխալ բա՞ն եմ ասում, թե սխալ եմ, ասեք՝ սխալ ես: Զանգիր, Ռենա, մեծի խոսքին կլսեն: Լեո, դեսը տուր հեռախոսը: Ամբողջ ծախսն ինձ վրա է, ես եմ հրավիրում:
Ռենան իր անուշիկ հայացքով անօգնական նայեց ինձ:
– Արմեն, պետք չէ զանգել, – ինքս էլ չհասկանալով թե ինչու, միանգամից ասացի ես: – Ես չեմ ուզում:
– Իյա¯… Ի՞նչը չես ուզում: Ռեստորա՞ն չես ուզում… Չհասկացանք: Լեո, – փորձեց սաստել Արմենը, – այ տղա, գործը մի փչացրու, – կշտամբանքով նայելով ինձ, հայերեն ավելացրեց նա: – Քեզ նման ընկեր ունենալով՝ թշնամին ինչի՞ս է պետք: Ռենա, մի լսիր նրան, զանգիր:
– Ռենա, խնդրում եմ, ոչ մի տեղ մի զանգեք, – արդեն հաստատուն ասացի ես: – Ազնիվ խոսք, ինձ ոչ ոք պետք չէ:
Եվ լավ է, որ չասացի՝ քեզնից բացի:
Ռենան ասես կարդաց իմ մտքերը, չարաճճի մի լույս փայլեց նրա կապուտակ աչքերում:
– Ուրեմն երեքով կգնանք, – անզիջում վրա բերեց Արմենը:
Ուղիղ կես ժամ հետո Արմենն արդեն կենաց էր ասում.